Մեկնաբանություն

19.10.2010 18:20


«Ֆլեշը» ձգտում է գերկենտրոնացմա՞ն

«Ֆլեշը» ձգտում է գերկենտրոնացմա՞ն

Հայաստանում ձևավորված տնտեսական հարաբերություններն այնպիսին են, որ բիզնեսի բազում ոլորտներ սերտաճած են իշխանության հետ։ Արտոնյալներն իրենց հակամրցակցային պայմաններն են թելադրում և՛ սպառողներին, և՛ տվյալ ոլորտի բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր փորձում են գոյատևել ապրանքային այս կամ այն  շուկայում։ Հատկապես ներմուծման ոլորտում վիճակը գրեթե ամբողջությամբ իշխանությունների վերահսկողության տակ է, ինչի հետևանքով էլ ունենք կամայական գներ և սպառողների իրավունքների ոտնահարում։

Արդեն  օրինաչափ է դարձել այն, որ երբ այս կամ այն ներկրվող ապրանքի գները կայծակնային արագությամբ բարձրանում են, ներկրողները, անգիր արածի նման, դա բացատրում են միջազգային գներով կամ դրամի փոխարժեքի թանկացմամբ, իսկ երբ դրսում հակառակ գործընթացն է լինում, նույն արագությամբ ու նույն չափով գները չեն իջնում հայաստանցի սպառողների համար, ու դրա բացատրությունը իշխանական գործարարները, բնականաբար, չեն կարողանում կամ ավելի ճիշտ՝ չեն ուզում տալ։ Հո չե՞ն ասելու, թե գիտեք ինչ, մենք ենք գին թելադրողը և ուզում ենք գերշահույթներ ստանալ, ու քանի որ մրցակիցներ չունենք և ունենք իշխանական «դաբրո», ուստի գինը չենք իջեցնում։

Այս ամենի ֆոնին հետաքրքրական էր, որ այսօր արձանագրվեց բենզինի գների իջեցում 20 դրամով։ Իջեցման հեղինակը «Ֆլեշ» ընկերությունն է։

Նկատենք, որ մի քանի օր առաջ բենզինի գները բարձրացել էին 10 դրամով, և դա, ինչպես և սպասվում էր, պատճառաբանվեց միջազգային գների աճով։ Հանուն արդարության պետք է նկատել, որ վերջին շրջանում նավթի միջազգային գներն իրոք աճել էին, և մասամբ ընդունելի կարելի էր համարել 10-դրամանոց այդ թանկացումը։ Իսկ հիմա կա գնի իջեցում։

Իհարկե, լավ է, որ բենզինի գինն իջնում է, բայց քանի որ հիմա մեզանում նկատվում են տարբեր  ապրանքային շուկաների գերկենտրոնացման միտումներ, ուրեմն այստեղ մի բան այն չէ։ Այդ ինչու՞ հանկարծ բռնեց «Ֆլեշի» հումանիզմը և գներն ընկան։ Փորձենք հասկանալ։

Եթե միջազգային շուկայում գների անկում չի արձանագրվել, և ՀՀ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կտրուկ չի տատանվել, ապա կարելի է ենթադրել, որ «Ֆլեշում» հաջողվել է գների իջեցում ապահովել կա՛մ որակի հաշվին, կա՛մ դեմպինգ անելու և մանր ու միջին բենզալցակայաններին «կուլ» տալու նպատակով։

Հասկանալու համար, թե «Ֆլեշը» ի՞նչ նպատակով և ինչի՞ հաշվին է իջեցրել բենզինի գինը, կապվեցինք ընկերության գրասենյակ, որտեղից փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը մեզ պատասխանեց, թե իրենք որակի խնդիր չունեն, և որակի հաշվին չէ, որ գներն իջեցրել են։

«Կարծիք կա, թե մանր ու միջին բենզալցակայանները «կուլ տալու» նպատակով է այս քայլը կատարվել, այսինքն դեմպինգ եք անում։ Ի՞նչ կասեք այդ մասին»,- «7օր»-ի հարցին ի տպատասխան Մ. Էլչյանը նշեց հետևյալը. «Մանր բենզալցակայաններ արդեն իսկ չկան։ Ասօր ոչ մի բենզալցակայան չկա, որ ինչ-որ «Պողոս» անունն է կրում. կա՛մ «Միկա» է, կա՛մ «Ֆլեշ», կամ էլ «ՍիՓիԷս»։ Մանր չկա»։

-Սա բիզնես քայլ է, և մենք նպատակահարմար ենք գտել այդ գնով վաճառել,- գների իջեցման մոտիվները ներկայացրեց «Ֆլեշի» փոխտնօրենը՝ փաստացի հաստատելով   մեր այն մտահոգությունը, թե գների իջեցումը այնուամենայնիվ դեմպինգի օգնությամբ շուկան վերաձևելու նպատակ է հետապնդում։

Էլչյանը, իհարկե, այնքան էլ ճիշտ չի ասում, թե շուկայում արդեն մանր բենզալցակայաններ չկան, ու դրանք բացառապես երեք ընկերություններին են պատկանում։ Մենք բազում այդպիսի բենզալցակայանների կարող ենք հանդիպել և՛ Երևանում, և՛ մարզերում։ Հետևաբար եթե «էն գլխից» հայտարարվում է, թե մանր ու միջին չկա, և միայն մեծերն են մնացել, ուրեմն խնդիր կա վերջնականապես խաղից դուրս թողնել բոլորին և գերկենտրոնացնել շուկան, ինչը տեղավորվում է Սերժ Սարգսյանի «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագրերի շրջանակներում։

Գաղտնիք չէ, որ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը վայելում է Սերժ Սարգսյանի հովանավորությունը և ինքն էլ իր հերթին է վարչապետ Տիգրան Սարգսյանի «կռիշան»։ Բեգլարյանը մշտապես հարցազրույցներ է տալիս ու շեշտում Ս. Սարգսյանի ընկերը լինելու հանգամանքը, ինչը կանաչ լույս է դառնում նրա բիզնեսի համար։

Կարելի է ենթադրել, որ իշխանության հովանավորությունը վայելող և դեմպինգային քաղաքականություն իրականացնող  Բեգլարյանը ձգտում է բենզինի շուկան ամբողջությամբ իր ձեռքը վերցնել։ Կստացվի, թե ոչ, ցույց կտան զարգացումները։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Եթե հիշում եք, ամիսներ առաջ դեմպինգային տեխնոլոգիան կիրառվեց նաև հավկիթի շուկայում, երբ գները իջեցվեցին մինչև 25 դրամ, իսկ հետո, երբ այդ ցածր գների պատճառով ձվի արտադրությամբ զբաղվողներից ոմանք սնանկացան,  շուկան վերաձևվեց, ինչին հաջորդեց ձվի գնի բարձրացումը, իսկ շուկան դարձավ օլիգոպոլիկ։ «Ֆլեշի» քայլերի մեջ նույն միտումն է նկատվում, բայց այս անգամ արդեն բենզինի շուկայում։

Այս խորագրի վերջին նյութերը