Մեկնաբանություն

16.06.2016 09:55


Անվտանգ «ցույցի» սիրահարները

Անվտանգ «ցույցի» սիրահարները

Հայտնի է՝ վիրտուալ տարածքում պայքարի դրոշ բարձրացնողների պակաս չկա, որոնք կարող են ամենաանհեթեթ գաղափարները հղանալ, մի քանի հոգով դուրս գալ փողոց ու պայքարել … հողմաղացների դեմ: Ավելի ճիշտ, բոլորի ու ամենքի դեմ, բացի Բաղրամյան 26-ում նստած անձից կամ իշխանությունից:

Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հայաստանյան այցը շարժել է ֆեյսբուքյան ակտիվիստների երեւակայությունը: Ոչ անհայտ Սարգիս Հացպանյանի գլխավորությամբ նախաձեռնող խումբը մի որոտընդոստ հայտարարություն է տարածել, թե՝ ժողովո՜ւրդ, եկեք ամսի 22-ին գնանք օդանավակայան եւ թույլ չտանք Արամ Աթեշյանի մուտքը Հայաստան, քանզի նա Էրդողանին ուղղված նամակով «պղծել» է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ուրեմն, նա չպետք է էս կողմերում երեւա: Հո՛ն, հառա՜ջ (համարյա էս ոճով որոտում է Հացպանյանը, որն, ինչպես հայտնի է, 2008-ից հետո դարձել է Սերժ Սարգսյանի սիրելին: Թեպետ վերջինիս եւ երկրորդ նախագահի դեմ ավելի վաղ սուտ մատնության մեղադրանքով բանտ նստեց եւ անգամ հասցրեց դառնալ «քաղբանտարկյալ»):

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին հաջորդած օրերին Էրդողանին ցավ հայտնող Աթեշյանի արարքից հետո Հացպանյանը շարունակում է «բացահայտել» ու հրապարակել Պոլսո փոխանորդի ունեցվածքը (մի արմա՜նք, մի զարմա՜նք, վա՜յ, տեսե՜ք, թե ինչեր ունի, ինչքան նյութական ու դրամական կապիտալ է կուտակել): Լրիվ խեղկատակություն:

Հացպանյանն, իհարկե, երբեք չի հանդգնի բացահայտել ու հրապարակել ՀՀԿ ղեկավարի ունեցվածքը: Բայց Աթեշյանի դեպքում եռանդորեն լծվել է այդ գործին: Կարծես Աթեշյանը Հայաստանն է թալանել: Եվ հիմա, ահա՛, Հացպանյանի նախաձեռնողական ջիղն այլ կերպ է դրսեւորվում. վազենք օդանավակայան ու Աթեշյանի առաջ փակենք Հայաստանի դուռը: Շըրխկոցո՛վ:

Այս պատմությունը հիշեցնում է անեկդոտը տաքսու ուղեւորի մասին, որն ուշացումով լսելով 1915 թվի մասին՝ գոռում է. -Վարպե՜տ, քշի՛ Թուրքիա, վա՛յ, ես դրանց…

Երբ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական խայտառակ արձանագրություններն էր ստորագրում, երբ Գյուլին Հայաստան էր հրավիրում եւ Ծիծեռնակաբերդի լույսերն էլ անջատում էր, որ հանկարծ հյուրը չնեղվի, երբ մեր ֆուտբոլիստների մարզաշապկի վրայից Արարատի պատկերն էր հանում, այդ ժամանակ հացպանյանները նման դեմարշներ չէին անում: Հիմա հանկարծ որոշեցին՝ եթե կա մեկը, որը թեման «պղծում» է, ապա դա միայն Աթեշյանն է: Ուրեմն վազենք «Զվարթնոց» ու «պերսոնա նոն գրադա» հայտարարենք:

Հայաստանյան հոգեւոր դասը Աթեշյանի արարքը չի դատապարտում, իսկ սրանք պայքարի ճակատ են բացել: Դե, անվնաս բան է, ի՞նչ է եղել, որ: Հո Բաղրամյան 26-ի վրա չե՞ն գրոհում, ընդամենը քշում են աերոպորտ՝ «Փալաքալը փակելու»:

Խելքները հո հացի հետ չե՞ն կերել, որ պայքարեն ու քշեն երկրի ներսում գտնվող, երկիրը ներսից քանդողների դեմ:

Երկու օր առաջ էլ մի 7-8 ակտիվիստ «Չենք հանձնելու ո՛չ օդը, ո՛չ հողը» կարգախոսով խորհրդարանի առջև էին հավաքվել՝ պատգամավորներից պահանջելու չվավերացնել Ռուսաստանի հետ կնքված հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի պայմանագիրը: Մի խեղկատակություն էլ սա էր: Ապրիլին 800 հա հանձնեցին, բա ո՞ւր էիք, ինչո՞ւ փողոց դուրս չեկաք ու չպահանջեցիք գերագույն գլխավորի հրաժարականը: Թե՞ ձերը միայն անմիտ, անիմաստ, ձեւական եւ ամենակարեւորը՝ անվտանգ ցուցքն է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը