Մեկնաբանություն

08.06.2016 12:30


Ղարաբաղի մասին և՛ լավ, և՛ վատ

Ղարաբաղի մասին և՛ լավ, և՛ վատ

Մեզանում մի մոտեցում է որդեգրված, ըստ որի՝ Ղարաբաղի մասին պետք է խոսել «Կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» տարբերակով։ Հիմնավորումն այն է, որ ունենք չկարգավորված հակամարտություն, և կարիք չկա Ղարաբաղում առկա խնդիրներից խոսելով ադրբեջանցիներին ուրախացնել։

Սա, ըստ իս, շատ սխալ մոտեցում է։ Միայն մեռած սուբյեկտների մասին են «Կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» սկզբունքը որդեգրում։ Եթե մենք Ղարաբաղը համարում ենք մեռած օրգանիզմ, ապա կարելի է «Կա՛մ լավ, կա՛մ ոչինչ»–ով առաջնորդվել։ Իսկ եթե գործ ունենք կենդանի օրգանիզմի հետ, որը պայքարում է իր անվտանգության և ապագայի համար, ապա պետք է առաջնորդվել «Ղարաբաղի մասին և՛ լավ, և՛ վատ» սկզբունքով։

«Կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» տարբերակը կիրառվում է նաև բնական արատներ ունեցող մարդկանց պարագայում, երբ բոլորը, բարեկրթությունից ու նրբանկատությունից ելնելով, արհեստականորեն դրական որակումներ են շռայլում տվյալ սուբյեկտի նկատմամբ՝ շատ լավ հասկանալով, որ կեղծում են։ Բայց չէ՞ որ Ղարաբաղը մենք չենք դիտարկում որպես բնական արատներ ունեցող սուբյեկտ։ Ճիշտ է՝ այն դեռ չճանաչված պետություն է, բայց ունի կայացած պետություն դառնալու բոլոր հնարավորությունները։ Այնպես որ, «Կա՛մ լավ, կա՛մ ոչնչի» մասին պետք է մոռանալ։

Եթե մենք աչք փակենք Ղարաբաղում տիրող մթնոլորտի, ձևավորված բարքերի և հասարակական–քաղաքական արատավոր հարաբերությունների վրա, ապա դրանով միայն վնաս կտանք ինքներս մեզ։

Հայաստանում էլ հենց թալանում են, կեղծում են ընտրությունները և մարդկանց բռնության են ենթարկում, առաջարկում են չխոսել այդ մասին, որպեսզի թուրքը չուրախանա, և մեր անվտանգությանը բան չսպառնա։ Բայց իրականում մեր անվտանգությանը սպառնում են թալանը, ընտրակեղծիքը և մյուս արատավոր երևույթները։ Դրանց վրա աչք փակելով՝ մենք տեղափոխվում ենք Ադրբեջանի հարթություն, որտեղ մեր թշնամին նավթով կարող է մեզ հաղթել։

Ադրբեջանական սուլթանատի դեմ մի նոր սուլթանատիկ կառուցելը սխալ է։ Սուլթանատին պետք է հակադրել բաց հասարակությունը, մրցակցային տնտեսությունը, քաղաքական ժողովրդավարությունը և ժամանակակից պետական կառավարման համակարգը։

Եթե Հայկ Խանումյանի դեմ կատարվածի մեղավորները չեն պատժվելու, և այդ հանցագործությունը բացահայտորեն պաշտպանող Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը չի հեռացվելու պետական կառավարման համակարգից, նշանակում է՝ մենք չենք կարողանալու պահել Ղարաբաղը և, ի վերջո, նաև Հայաստանը, քանզի պետության փոխարեն բանդիտական ռեժիմ կառուցող որևէ խմբի աշխարհի որևէ կետում չի հաջողվել երկար գոյատևել։

Վերադառնալով քննադատության թեմային՝ կրկնեմ՝ Ղարաբաղի մասին պետք է խոսել բաց տարբերակով, այն է՝ մատնանշել բոլոր խնդիրներն ու կեղծ հայրենասիրական պաթոսով չարդարացնել ապօրինությունները։ Հրե՛ն, այնքան ձայն չհանեցինք, վերջում պարզվեց՝ բանդիտական ռեժիմ է բուծվել մեր իսկ ծոցում։

Ղարաբաղը մեռած օրգանիզմ չէ և ոչ էլ բնական արատներ ունեցող սուբյեկտ, որպեսզի մենք վերապահումներով գնահատականներ տանք։ Ինչ կա՝ պետք է ասվի, որպեսզի խնդիրները լուծվեն, այլ ոչ թե հրեշ մեծացնենք մեր գլխին։

Սամվել Բաբայանն իր այցելությամբ Ղարաբաղում առկա բոլոր խնդիրներն ի ցույց դրեց։ Մնացածը մեր անելիքն է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը