Մեկնաբանություն

07.06.2016 09:00


Ղարաբաղում բանդիտական ռեժիմ է բուծվել

Ղարաբաղում բանդիտական ռեժիմ է բուծվել

Պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցածից հետո վերջնականապես հաստատվեց այն տեսակետն, ըստ որի՝ Ղարաբաղում բանդիտական ռեժիմ է բուծվել՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Այդ բանդիտական ռեժիմը բովանդակային առումով չի տարբերվում Հայաստանում գործողից. պարզապես ձևականությունների հետևից ընկնելու փորձ, հավես և առաջադրանք չունի:

ԼՂՀ նախագահ նշանակված և թիվ մեկ կամակատար կարգված Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությունները Խանումյանի ծեծի առնչությամբ ցույց են տալիս, որ Ղարաբաղում փորձում են հետ չմնալ ալիևյան ռեժիմից ու հասնել Հյուսիսային Կորեային (ազգային-ազատագրական թրաշով այդ տղան արդարացնում ու հիմնավորում է պատգամավորի հանդեպ կիրառված բռնությունը): Եթե այդ կենդանուն շարունակեն պահել Ղարաբաղի նախագահական նստավայրում ու «քսի տալ» հանրության վրա, ապա Ղարաբաղում վիճակն է՛լ ավելի է բարդանալու:

Դավիթ Բաբայանը Սերժ Սարգսյանի օդիոզ պաշտպանների հավաքական կերպարն է: Նրա մեջ մի քիչ Շմայս կա, մի քիչ՝ Մանվել, մի քիչ՝ Սեյրան, մի քիչ՝ Գալուստ Գրիգորիչ, մի քիչ՝ Շարմազանով, մի քիչ՝ Մարգո Եսայան, մի քիչ՝ Աշոտյան, մի քիչ՝ Արծրուն Հովհաննիսյան, մի քիչ՝ ՀՀԿ-ի տատիկ: Մի խոսքով, Բակո Սահակյանի մամլո խոսնակը «միքսված» կերպար է և կատարում է բանդայի լրատվական փաստաբանի «պատվավոր» դերը:

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը հետևողականորեն փչացնում է ղարաբաղյան վերնախավին (այդպես իր համար հեշտ է կառավարելը): Սրանք էլ հնազանդորեն ինքնափչացման են ենթարկվում, քանզի օգտվում են «օբշագի» հնարավորություններից:

Փչացման և ինքնափչացման հերթական դրսևորումներից էր նաև ԼՂՀ ՊԲ ղեկավար և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վերջին ելույթը, որից պարզ դարձավ, որ նա ոչ թե գեներալ է, այլ շարքային «պեշկա», ով փախած էր ապրիլյան մարտերի ժամանակ և այդ օրերին որևէ տառ անգամ չի արտասանել, բայց հիմա բլբուլ է կտրել՝ պատուհանից սրտատրոփ ծիկրակելուց հետո:

Բ26-ից Մնացականյանին վերապահել են ամենաքստմնելի և էժանագին դերակատարումը՝ հայտարարել, որ Սամվել Բաբայանը լավ հրամանատար չի եղել և տարածքներ է ... հանձնել (սա արդեն ոչ թե Դավիթ Բաբայանին տալ-անցնել է նշանակում, այլ լկտի ստախոսություն և ուրացում, քանզի փաստն այն է, որ Բաբայանը 1992-ի ամռանը բանակն ընդունել է նախկին ԼՂԻՄ տարածքի 47 տոկոսը հանձնած, իսկ 1994-ի մայիսին զինադադար է կնքվել մի քանի անգամ ընդլայնված քարտեզով՝ ներառյալ ազատագրված յոթ շրջանները): Մնացականյանին նման հայտարարությունների դրդելով՝ Բ26-ը նրան սարքում է ֆեյսբուքյան «ֆեյքի» տիպի բան և ամբողջությամբ հեղինակազրկում:

Դե, իսկ ապրիլյան թեժ մարտերին ու արձանագրված բացասական արդյունքներին Մնացականյանի տված գնահատականները, որոնք տեղավորվում են «Կարող էր ավելի վատ լինել» և «Մեր պարտությունը մեր հաղթանակն է» դեմագոգիկ կոդերի մեջ, ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչու մենք չորս օրում հարյուրից ավելի զոհ տվեցինք, տարածքներ կորցրեցինք, և Թալիշը դատարկվեց (մարդիկ ավելի շատ իրենց բիզնեսների մասին են մտահոգված և թալանով են զբաղված. բա ուրիշ ի՞նչ արդյունք պետք է գրանցվեր):

Եթե այսպիսի որակների տեր մարդ է Ղարաբաղի բանակը ղեկավարում (90-ականներին նա Բաբայանի հայացքին և խրախուսական խոսքերին արժանանալու համար պատրաստ էր սալտոներ տալ, բայց հիմա ենիչերու պես է իրեն պահում), ապա մենք իրոք լավ ենք պրծել ապրիլյան օրերին և պետք է պարտական լինենք այն երիտասարդներին, ովքեր անձնուրացաբար պայքարեցին թշնամու դեմ:

Մնացականյաններն ասլան են կտրում միայն անզեն մարդկանց օրը ցերեկով ոհմակով ծեծելիս կամ հեռուստախցիկի առաջ հոխորտալիս: Մնացած դեպքերում սրանք կատու են՝ փիսիկ:

Ի դեպ, մինչև երեկվա դեպքերը Լևոն Մնացականյանը ծակն էր մտել, ծպտուն չէր հանում, չէր արձագանքում Բաբայանի հայտնի հարցազրույցին, «տակից» «մեսիջներ» էր ուղարկում այս ու այն կողմ, որ ինքն էլ է նույնչափ զզված «վերևներից», ու սիրտը բառիս բուն իմաստով չի դիմանում (նա բանակի ղեկավարումը ստանձնելուց հետո սրտի խնդիրներ է ունեցել և ենթարկվել վիրահատության), բայց հիմա Երևանից հրահանգ է եկել, և Մնացականյանն «ատռաբատիված» է անում «օբշագից» իր փայը փախցնելու իրավունքը:

Այս ամենը չի կարող լուրջ մտահոգությունների տեղիք չտալ: Խնդիրն այն չէ, թե արդյոք ընդունելի՞ է Սամվել Բաբայանը, թե՞ ոչ: Խնդիրը վերաբերում է Հայաստանի ու Ղարաբաղի պետականությանը:

Եթե Բ26-ում դրվել է մեզ մոտ ադրբեջանական բարքեր հաստատելու խնդիր. եթե այստեղ փորձ է արվում հասնել ու անցնել ալիևյան ռեժիմին, ապա այդ մրցավազքում Հայաստանն ու Ղարաբաղը, միանշանակ, պարտվելու են: Եվ ուրեմն, մեր հիմնական խնդիրները թիկունքում են, այլ ոչ թե առաջնագծում:

Միայն նոր տնտեսաքաղաքական հարաբերությունների հաստատմամբ, նոր վերնախավով և նոր մտածողությամբ է հնարավոր ապահովել մեր երկրի անվտանգությունն ու ունենալ զարգացում: Բանդիտական ռեժիմը չի կարող անվտանգություն ապահովել և ապագա ունենալ:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրեն առևանգելուց ու ծեծելուց հետո ստիպել են կեղծ բաներ գրել Սամվել Բաբայանի դեմ: Սա այն նույն ձեռագիրն է, որով գործեցին Բաբայանի դեմ 2000-ին:

Այն ստերը, որ տարածվում էին տարիներ առաջ ու տարածվում են նաև հիմա, ստեղծվել են Խանումյանին ծեծի հրաման տվողների կաբինետում: Մարդիկ նույնն են, ձեռագիրն էլ նույնը պետք է լինի:

Այս խորագրի վերջին նյութերը