Մեկնաբանություն

07.06.2016 00:05


Արցախում՝ ինչպես Հայաստանում

Արցախում՝ ինչպես Հայաստանում

Հայաստանյան նողկալի իրականությունը թափանցեց Արցախ: Ավելի ճիշտ՝ այլակարծությունը չհանդուրժող Բաղրամյան 26-ի՝ մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու մեթոդներն այլեւս կիրառելի են դառնում Արցախում:

Օրը ցերեկով Ստեփանակերտի կենտրոնում՝ խորհրդատանի շենքի դիմաց, դաժան ծեծի են ենթարկում ընդդիմադիր պատգամավորի, այնուհետև առեւանգում են ու տանում անհայտ ուղղությամբ եւ ավարտին հասցնում հաշվեհարդարը:

Կրկնում ենք՝ այս ամենը կատարվել է օրը ցերեկով՝ բոլորի աչքի առաջ, իսկ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկողները, որ զինվորական հագուստով են եղել, անգամ ավելորդ ձեւականությունների հետեւից էլ չեն ընկել եւ իրենց ինքնությունը քողարկող միջոցների չեն դիմել: Դիմակավորվելն էլ են «զապադլո» համարել ու գործել են բաց: Ինչպես ասում են՝ ափաշքյարա: Բեսպրեդելը հե՛նց սա է, որ կա:

Այդպես ստալինյան տրոյկաներն էին գործում 1937 թվին. նախ մարդուն ծեծելով հասցնում էին հաշմանդամության աստիճանի ու ստիպում, որ թուղթ գրի եւ ստորագրի առ այն, որ ինքը «սխալ» բան է արել: 37 թվին եթե մարդը համառում էր, ապա կրակում էին ուղիղ ճակատին: Վե՛րջ: Չկա մարդ, չկա պրոբլեմ: Հիմա սա՛ ենք տեսնում Արցախում:

Կատարվածն անընդունելի ու դատապարտելի համարելը հայտարարությունների տեսքով բավարար չէ: Ավելին՝ անօգուտ է:

21-րդ դարում 37 թվի մեթոդներով մարդու դեմ գործելը, նրան սպառնալն ու նրանից գրություն եւ ստորագրություն կորզելը անբարոյականություն է, բարբարոսություն է: Հետեւաբար, դատապարտումների շարքին պետք է հետեւեն կոնկրետ քայլեր ու պահանջներ՝ անհապաղ, ամենակարճ ժամկետում բացահայտել հանցագործությունը եւ այն կատարողներին (մանավանդ տուժողը՝ Հայկ Խանումյանը, արդեն նշել է, որ ճանաչում է իրեն ծեծի ենթարկած անձանցից մի քանիսին):

Չափազանց տգեղ էր օրենսդրի դեմ իրականացված հաշվեհարդարի վերաբերյալ Արցախի նախագահի մամլո խոսնակի մեկնաբանությունը: Ինչպես շատերը, չինովնիկ Դավիթ Բաբայանն էլ է կորցրել իրականության զգացողությունը:

Եթե մեկն արդարացնում է մարդու դեմ կատարված բռնարարքը (իսկ Դ. Բաբայանի խոսքի ենթատեքստը հենց դա էր՝ լա՛վ են արել, որ ծեծել են, թող ավել-պակաս չխոսի), ապա գործ ունենք շատ կասկածելի եւ վտանգավոր տեսակի հետ:

Ինչ խոսք, Խանումյանին բռնության ենթարկելու վայրենի արարքի եւ գեներալ Սամվել Բաբայանի արցախյան մուտքի միջեւ կապն ակնհայտ է: Գեներալը դեռ նոր-նոր է ոտք դնում իր հողի վրա, եւ հե՛նց հաջորդ օրը Խանումյանի դեմ հաշվեհարդար են տեսնում՝ ստիպելով գրել ու ստորագրել սուտ ու կեղծիքի տակ (թե, իբր, Սամվել Բաբայանը Խանումյանին փող է տվել, որ հազարավոր արցախցիների հանի փողոց): Մինչդեռ ուղիղ եթերով բոլորը տեսան, թե ինչպես էին մարդիկ ինքնաբուխ դուրս եկել փողոց, որպեսզի դիմավորեն Սամվել Բաբայանին: Նման անկեղծ, ջերմ ընդունելությունը ոչ մի կերպ հնարավոր չէ գնել ու բեմադրել: Ինչեւէ:

Փաստն այն է, որ Արցախ են ներխուժել երեւանյան աղտոտված մթնոլորտն ու զզվելի բարքերը: Երբ փորձել ու փորձում են ստոր մեթոդների դիմել՝ վախեցնելով եւ ահաբեկելով հանրությանը: Երեւանյան «քաղաքացիականների» դեմ նման մեթոդներ չեն կիրառում, քանի որ նրանք կառավարելի են հայտնի կենտրոնի կողմից եւ վերջինիս «նախաձեռնողականության» շրջանակներում են գործում: Թեկուզ ամենավերջին բառերով հայհոյում են իշխանություններին: Ծեծի արժանի «սուբյեկտներին» այլ տեղերում են փնտրում եւ «սամասուդի» ենթարկում:

Արցախի իշխանություններն էլ, ահա՛, սովորեցին՝ երբ եւ ում պետք է ծեծի միջոցով լռեցնել: Գիտեն՝ որտեղից պետք է սկսել եւ ուր հասնել: Հազիվ թե դիմացինը՝ ժողովուրդը, դա չի հասկանում: Շա՛տ լավ է հասկանում, եւ պետք է զգուշանան այդ ժողովրդից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը