Մեկնաբանություն

06.06.2016 16:05


«Ներազգային միասնության» գործնական դրսևորումը

«Ներազգային միասնության» գործնական դրսևորումը

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ կիրառված բռնությունը, անկախ դրդապատճառներից, լուրջ հարված է Ղարաբաղի իմիջին։

Զինվորական հագուստով մարդիկ օրը ցերեկով Ստեփանակերտի կենտրոնում ծեծում են ընդդիմադիր խմբակցության ղեկավարին։

Հետո էլ ասում ենք, թե Ղարաբաղում «ձիմակրածիայա», իսկ Ադրբեջանում՝ «ձիկտատուրա», և այդ իսկ պատճառով չի կարող ԼՂՀ–ն ներառվել Ադրբեջանի կազմ։ Պարզվում է՝ Ղարաբաղում «ձիմակրածիան» գործում է միայն այն դեպքում, երբ քաղաքական ու հասարակական ակտիվությունը զրո է, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին տարիներ շարունակ։

Ուշագրավն այն է, որ Խանումյանի դեմ քստմնելի արարքը փաստացի դրական է գնահատում Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը։ Տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում նա արդարացրել է ծեծը։ Եթե սա քաղաքական գիծ է, ապա դա վտանգավոր է Ղարաբաղի համար։ Իսկ եթե Դավիթ Բաբայանը պրոֆեսիոնալ իդիոտ է, ապա նրան չի կարելի բաց թողնել լրատվամիջոցների վրա։

Ինչ վերաբերում է ծեծին, ապա ստացվում է, որ «ներազգային միասնություն» ասելով իշխանությունները հասկանում են հետևյալը. «Խաղաղ պայմաններում իշխանությունները զբաղվում են թալանով և տնտեսության մենաշնորհայնացմամբ, իսկ ահա պատերազմական իրավիճակում թշնամուն դեմ են տալիս շարքային քաղաքացիներին՝ նրանց վերածելով թնդանոթի մսի, իսկ ով էլ կբարձրաձայնի խնդիրների մասին ու լուծումներ կառաջարկի՝ նրան կմեղադրեն քաղաքական դաշտ մտնելու մեջ, իսկ ակտիվ երիտասարդներին կծեծեն»։ Սա՛ է սրանց մտածելակերպը։

Եթե մեր ժողովուրդը սա հանդուրժելու է, ապա չորսօրյա պատերազմներն անընդհատ կրկնվելու են, ու «ժամանակավոր մանևրի» արդյունքում մենք կրկին զինվորի ոգու վրա ենք հույս դնելու և լիքը «անպետք» տարածքներ հանձնենք թշնամուն։

Ամեն մեկը պետք է որոշում կայացնի, թե ինչ ճանապարհով է ուզում գնալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը