Մեկնաբանություն

30.05.2016 15:10


«Մեկ օլիգարխի տնտեսությունն» «օրինականացնելու» փորձ

«Մեկ օլիգարխի տնտեսությունն» «օրինականացնելու» փորձ

Այսօր Կառավարությունում կարծիք հնչեց, թե միգուցե ճիշտ կլինի մեկ կազմակերպությանը տալ շաքարավազի հետ կապված մենաշնորհ և պահանջներ դնել այդ կազմակերպության առաջ։

Կարծիքն այդ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել, ինչը զարմանալի չէ։ Բայց տվյալ դեպքում խնդիրն արդեն իսկ դե ֆակտո հաստատված մենաշնորհի օրինականացումը չէ։ Խնդիրը նաև այն չէ, թե ով է առանձին վերցրած մեկ ոլորտում մենաշնորհն օրինականացնելու առաջարկով հանդես եկողը։

Խնդիրն այն է, որ մեզանում վարվող քաղաքականությունը ենթադրում է մենաշնորհներ գրեթե բոլոր ոլորտներում։ Այդ քաղաքականության հիմքերը դրվեցին 2007–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ մեկ ուժ կարողացավ հսկիչ փաթեթ վերցնել ԱԺ–ում, իսկ այդ մեկ ուժին կարողացավ մեկ մարդ իր նեղ շրջապատի հետ դարձնել հնազանդ ու անդեմ գործիք։

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման դեպքում բնական է, որ շաքարավազի և մյուս բիզնեսները պետք է օրենքով մենաշնորհայնացվեն, քանզի մայր օրենքի նոր տարբերակով «օրինականացվել» է քաղաքական մենաշնորհի գաղափարը, որի անունը դրել են «խորհրդարանական կայուն մեծամասնություն»։

Այնպես որ, շաքարավազի թեման ընդամենը ծաղիկներն են։ Եթե թույլ տանք, ապա ամեն ինչ կդարձնեն մենաշնորհային, իսկ վերջում էլ՝ միանձնյա ու ցմահ։ Եվ ուրեմն՝ գլխից է պետք բռնել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը