Կարծիք

17.05.2016 23:46


Կտրուկ փոփոխություններն անհրաժեշտություն են

Կտրուկ փոփոխություններն անհրաժեշտություն են

Վիեննայից վերադառնալու ճանապարհին, երբ Սերժ Սարգսյանը որոշեց օդանավում զրուցել լրագրողների հետ եւ որոշ մանրամասներ հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացից, անսպասելիորեն անդրադարձավ ներպետական խնդիրներին:

Հիմա շատերը կենտրոնացել են ծանր բանակցություններից հետո օդանավում Սերժ Սարգսյանի արած մի շարք արտահայտությունների վրա, կառչելով այս կամ այն բառից, ինչը, կարծում ենք, այնքան էլ ճիշտ չէ, մինչդեռ շրջանցում են Հայաստանի զարգացման վերաբերյալ նրա արտահայտած մտքերը: Իսկ Հայաստանի հետագա զարգացման վերաբերյալ Սերժ Սարգսյանի արտահայտած տեսակետին, կարծում ենք, պետք է անպայման անդրադառնալ:

Երբ հանրությունն անհամբեր մանրամասներ էր սպասում Վիեննայի բանակցություններից, Սերժ Սարգսյանը հարկ համարեց դեռ օդանավում անդրադառնալ երկրի զարգացման հեռանկարին: Ավելին, նա շեշտեց, թե կտրուկ փոփոխությունները ոչ մի լավ հանգրվանի չեն հասցնի: Մեղմ ասած, սա շատ վիճելի տեսակետ է: Աշխարհի շատ ու շատ երկրների փորձից է հայտնի, որ զարգացման, ճգնաժամի հաղթահարման ամենաճիշտ ճանապարհն արմատական, աճած նաեւ շոկային փոփոխություններն են:

Ի դեպ, ընդամենն օրեր առաջ Հովիկ Աբրահամյանը պնդում էր, թե ապրիլյան քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը: «Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ՝ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:

Հեռակա բանավեճի մեջ մտնելով Հովիկ Աբրահամյանի հետ, Սերժ Սարգսյանը որոշեց հանրությանը ներկայացնել այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: «Անկախ ապրիլյան իրադարձություններից, իհարկե, անհրաժեշտ է, կենսական անհրաժեշտություն է պետական միջոցները խնայողաբար ծախսել, բայց ո՞վ է ասում, որ նախկինում մենք ցանկություն չենք ունեցել եւ դրա դեմ չենք պայքարել»,- Երեւանի ճանապարհին ասել է Սերժ Սարգսյանը, ավելացնելով, որ կտրուկ փոփոխությունները ոչ մի լավ հանգրվանի չեն հասցնի:

Սերժ Սարգսյանն առաջարկում է իշխանություններին կշտամբելուց առաջ խնդիրը համեմատության մեջ նայելն է: Նայում ենք, եւ տեսնում, որ երկիրը լեցուն է մեծ եւ փոքր խնդիրներով: Այդ խնդիրներն այնքան շատ են, որ այլեւս մեզ չեն թողնում շարժվել, առաջ գնալ: Նման իրավիճակներում միակ լուծումն արմատական փոփոխություններն են, կամ եթե կուզեք՝ բարեփոխումները: Առանց կտրուկ բարեփոխումների մեր խնդիրները միայն կավելանան:

«Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ, ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով՝ առաջինը արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը»,- այս խոսքերի հեղինակն էլ Հովիկ Աբրահամյանն է: Նոր մոդելների կիրառումը եւ դրանք իրականություն դարձնելու արագությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կտրուկ փոփոխությունների առաջարկ: Հովիկ Աբրահամյանն ընդամենն առաջարկում է պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ առաջարկում է.

ա) Ձեւավորել առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ

բ) Կրճատել այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա (գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր, վերանորոգումներ, ծառայողական մեքենաներ եւ այլն)

գ) Պետական կառավարման ապարատը դարձնել ավելի կոմպակտ (խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաեւ տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների):


Համաձայնեք, որ սրանք ոչ թե կտրուկ կամ արմատական փոփոխությունների առաջարկներ են, այլ ընդամենը պարզ քայլեր, սակայն Սերժ Սարգսյանը դեռ Վիեննայում հասկացրեց, որ դեմ է անգամ այս քայլերին: Նա չի ցանկանում կտրուկ փոփոխություններ, պնդելով, որ դրանք լավ հանգրվանի չեն հանգեցնի:

Արձանագրենք, որ առաջին անգամ իշխանության ներսում երկու շատ հստակ հակադիր տեսակետ է առաջացել, երկրի հետագա զարգացման երկու տարբեր մոդել: Համաձայնեք, որ նման իրավիճակ Հայաստանում շատ վաղուց չէր եղել: Արձանագրենք նաեւ, որ առանց կտրուկ փոփոխությունների, նոր գաղափարների, նոր որակի իշխանության մենք տեղից չենք շարժվի, ավելի ու ավելի ետ կգնանք: Եթե մենք խուսափենք կամ վախենանք կտրուկ փոփոխություններից, արմատապես չազատականացնենք տնտեսությունը, ապա լճացումը, իսկ ավելի ճիշտ ճահճացումը կշարունակվի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Առանց արմատական տնտեսական բարեփոխումների մենք չենք կարող տնտեսական աճ ունենալ, իսկ առանց տնտեսական աճի երկրի զարգացման մասին խոսելը ժամավաճառություն կդառնա: Առանց տնտեսության առողջացման մենք չենք կարող հույս դնել, որ մեր տնտեսությունում ներդրումներ կարվեն: Առանց մենաշնորհների վերացման, առողջ մրցակցության, զարգացման, օտարերկրի ներդրումների մասին խոսք անգամ լինել չի կարող: Այնպես որ, եթե ցանկանում ենք առաջ շարժվել, եթե ցանկանում ենք դուրս գալ այս երկարատեւ ճգնաժամից, մենք չպետք է վախենանք կամ խուսափենք կտրուկ փոփոխություններից:

Ի դեպ, երբ բազմաթիվ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, լրագրողներ, մտավորականներ, հասարակական գործիչներ պնդում էին, թե ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում չի կարելի գնալ սահմանադրական փոփոխության, չգիտես ինչու, այս դեպքում Սերժ Սարգսյանը չվախեցավ կտրուկ փոփոխություններից, անգամ վերացրեց գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, իսկ երբ խոսք է գնում տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների մասին, նա կոչ է անում խուսափել կտրուկ քայլերից: Իսկապես, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մեր երկրում, որը հանգուցալուծման կարիք է զգում:

Գեղամ Նազարյան

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ

Աղբյուրը՝ http://top-news.am/7/1/news/63921.html

Այս խորագրի վերջին նյութերը