Կարծիք

17.05.2016 21:04


Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հիմքերը

Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հիմքերը

Մայիսի 17-ին՝ Վիեննայից վերադառնալու ճանապարհին, օդանավում հայկական մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում ՀՀ գործող նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայկական կողմը կորցրել է 800 հեկտար (8 ք/կմ) տարածք:

Ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ»:

Փաստորեն, գերագույն գլխավոր հրամանատարը ստել է, թաքցրել է տարածքային կորուստների իրական չափը: Եթե 200-300 մետր տարածքը մեկ ամսվա տարբերությամբ դառնում է 800 հեկտար, ապա ինչպե՞ս վստահ լինենք, որ մեկ ամիս հետո 8000 հեկտար չի դառնա:

Եթե անգամ Սերժ Սարգսյանը միտումնավոր չի ստել, ապա ստացվում է, որ հավուր պատշաճի տեղեկացված չի եղել սահմանին տիրող իրավիճակին, կորուստների չափին: Սա արդեն շատ ավելի վատ է, քանի որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պարզապես չի կարող տեղեկացված չլինել սահմանին տիրող իրավիճակին՝ ամենայն մանրակրկիտությամբ: Տեղեկացված չլինելով՝ գերագույն գլխավոր հրամանատարի պահվածքը մեծ հավանականությամբ կլինի ոչ ադեկվատ:

Չբավարարվելով այսքանով, հաջորդ փուլում արդեն Սերժ Սարգսյանը սկսում է արդարացնել ու նույնիսկ հիմնավորել տարածքային կորուստները, որ կորցրած տարածքները հետ վերցնել պետք չէր, որ, իբր, դրանք ռազմավարական ու մարտավարական որևէ նշանակություն չունեն:

Անխոս, տարածքային կորուստները շատ ու քչով, մարտավարական ու ռազմավարական անկարևորությամբ արդարացնելը տկարամտություն է: Ավելին, տարածքների կորստի ծանրությունը չգիտակցելը հանցավոր արհամարհանք ու անփութություն է: Եթե երկրի փաստացի ղեկավարը ի վիճակի չէ սթափ գնահատել կորստի ծանրությունը, ապա հնարավոր են նոր կորուստներ:

Ստեղծվում է վտանգավոր նախադեպ, անգամ հոգեբանորեն, հետագայում մեծ մասշտաբով հող հանձնելու կամ կորցնելու համար:

Այսինքն, կարելի է հող կորցնել, մնալ իշխանության ղեկին, մի բան էլ արդարացնել տարածքային կորուստները: Գերագույն գլխավոր հրամանատարի այսպիսի պահվածքը սպառանլիք է երկրի անվտանգությանը:

Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը հստակ խնդիր է դրել զինված ուժերի, անվտանգության համակարգի առաջ՝ «թույլ չտալ մեր ճակատի ճեղքում և քայքայում»:

«Կարծում եմ՝ բոլորդ համոզվել եք, որ հակառակորդի ծրագրերը ձախողվեցին»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ մեր զինված ուժերը կատարել են իրենց առաջ դրված խնդիրը:

Այս առումով ևս Սերժ Սարգսյանը խեղաթյուրում է իրականությունը:

Եթե 800 հեկտար տարածք և մոտ 20 մարտական հենակետ ենք կորցրել Արցախի հյուսիսում ու հարավում, ապա այս կորուստները առնվազն ճակատի ճեղքման ու քայքայման հետևանք են:

Վերոհիշյալ փաստերը լիովին բավարար են Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու և նրան բազմաթիվ հարցեր ուղղելու համար:

Եթե խորհրդարանը չի ուզում Սերժ Սարգսայնի հետ կիսել կորուստների ու աղետի պատասխանատվությունը, պետք է նրա իմփիչմենթի գործընթաց սկսի կամ ինքնալուծարվի:

Դերենիկ Մալխասյան

«civilnet.am»

Այս խորագրի վերջին նյութերը