Մեկնաբանություն

17.05.2016 15:35


Սերժ Սարգսյանի մետրերն ու հեկտարները

Սերժ Սարգսյանի մետրերն ու հեկտարները

Վիեննայից վերադառնալիս Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ինքնաթիռում ու մի շարք ուշագրավ մտքեր հայտնել։

Նախ՝ նա խոստովանել է, որ ապրիլյան թեժ բախումների արդյունքում ստատուս քվոն փոխվել է ի վնաս մեզ։ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդը հայտարարել է, որ մենք կորցրել ենք 800 հա տարածք, մինչդեռ մինչև երեկ պաշտոնական քարոզչամեքենան, «անկախ» փորձագետները, զինվորականները և ինքը Սարգսյանը պնդում էին, որ մեր կորուստները 200–300 մետր են։

Հայաստանն ու Ղարաբաղը փոքր են, որպեսզի թաքցվի այդ տեղեկությունը։ Դեռևս ապրիլի 2–ին էր հայտնի, որ հայկական կողմի տարածքային կորուստները չափվում են ոչ թե մետրերով, այլ կիլոմետրերով կամ հեկտարներով։ Բայց Բ26–ը ստում էր։ Ստում էր, որպեսզի թաքցնի իր ձախողումները։ Հիմա, իրենց կարծիքով, կրքերը հանդարտվել են, և կարելի է խայտառակությունը որպես հաջողություն ներկայացնել։

Սարգսյանը պնդում է, որ կորցրած տարածքներն ունեն ավելի շատ հոգեբանական, քան ռազմավարական կամ մարտավարական նշանակություն, բայց դա էլ է սուտ։ Եթե մեր դիրքային զիջումները նշանակալի չեն և կարևորություն չեն ներկայացնում, ապա ինչո՞ւ, օրինակ, Թալիշում բնակչություն չկա, և թալիշցիները դարձել են ներքին տեղահանվածներ։ Թե՞ Սարգսյանի համար Թալիշը կամ Մատաղիսը հաշիվ չեն։

Եվ ամենակարևորի մասին։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը դեռ տարիներ առաջ է բանակի առաջ ձևակերպել խնդիրները։ Անդրադառնալով այն հարցին, թե որ կողմն է չորսօրյա մարտերից հետո հաղթել, նա շատ վտանգավոր տեսակետ է հայտնել։ Ըստ Սարգսյանի՝ ինքը խնդիր է դրել զինված ուժերի առաջ թույլ չտալ մեր ճակատի ճեղքում և քայքայում, ու այդ առումով խնդիրը լուծված է։

Փաստորեն, Սարգսյանը հաղթող բանակին ամլացրել է՝ այն վերածելով դիմադրությամբ հանձնող կառույցի։

Կարողացե՞լ են ադրբեջանցիները ճեղքել մեր ճակատը և քայքայել առաջնագիծը, այլ խոսակցության թեմա է։ Փաստն այն է, որ Թալիշում ծերերին իրենց տան մեջ սպանել ու դիակապտությամբ էին զբաղվել, Մատաղիսում անկանոն տարհանում է եղել։ Իսկ դա նշանակում է, որ այդ հատվածում մեր ճակատը կարողացել են ճեղքել և քայքայել առաջնագիծը։

Նույնը կարելի է ասել հարավարևելյան ուղղության մասին։ Ասել է թե՝ անգամ այդ նահանջողական ռազմավարության մեջ Սերժ Սարգսյանը պարտվել է՝ տալով հարյուրից ավելի զոհ և տասնյակ վիրավորներ (զոհերի ու վիրավորների քանակի մասին էլ սկզբում ստում էին՝ հայտարարելով, թե 18 հոգի են, թեև ամբողջ Հայաստանը գիտեր իրական թվերը)։

Եվ պետք չէ հանրությանը հիմարի տեղ դնել ու ասել, թե կարող էր ավելի վատ լինել, ու կարող էր հակառակորդը Ստեփանակերտում հայտնվել, բայց մենք չթողեցինք, ու հետևաբար, ուռա՜։

Մի խոսքով, Սերժ Սարգսյանը սկսել է մետրերով ու հեկտարներով չափել կորուստները և դա գնահատել որպես հաղթանակ։ Ու որպեսզի այսպիսի «հաղթանակները» շարունակական չլինեն, պետք է ոչ թե մետրերով, այլ կիլոմետրերով հեռու պահել Սարգսյանին պետական կառավարման համակարգից։ Իսկ թե դա կարվի արտահերթ կամ հերթական կարգով, ցույց կտան առաջիկա զարգացումները։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը