Մեկնաբանություն

04.05.2016 15:15


Երկրում տեղի է ունեցել «բեկում»

Երկրում տեղի է ունեցել «բեկում»

Սերժ Սարգսյանի 8–ամյա գործունեության արդյունքում մենք ստացանք պատերազմ, ունեցանք մարդկային կորուստներ և հանձնված ռազմավարական նշանակության դիրքեր։ Դրան նախորդել էին Հայաստանում տնտեսական անկման համաշխարհային ռեկորդի սահմանումը, արտագաղթը, աղքատների քանակի կտրուկ ավելացումը, կապիտալի փախուստը, բիզնես միջավայրի վատացումը, արտաքին պարտքի մեծացումը և այլն։

Ասել է թե՝ չորսօրյա պատերազմը և մեր կորուստները ոչ թե հենց այնպես եղան, այլ դրա բոլոր նախադրյալները կային։ Եվ միայն մեր զինվորների ու սպայական կազմի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ավելի սարսափելիից։

Այս ամենի համապատկերին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանի քաղաքական ու տեղեկատվական դաշտի հայտնի հատվածներում։ Նոր բացատրություն է մոգոնվել «հայրենասիրություն» բառի հետ կապված։

Պարզվում է՝ հայրենասիրությունը և Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելը նույն բանն են։ Եթե նման կոդ շրջանառության մեջ դնեին շարմազանովները, ապա կարելի էր հասկանալ։

Բայց երբ «ներազգային միասնության» ծիրին մեջ նույն բառերով Սերժ Սարգսյանին են գովաբանում և ՀՀԿ ղեկավարի շուրջը համախմբվելու կոչ անում Բաղրամյան փողոցի «հերոս» Արմեն Աշոտյանը և մեր երբեմնի հաճախորդ Լևոն Տեր–Պետրոսյանը, ապա դա նշանակում է, որ, ինչպես մարդամեկը կասեր, երկրում տեղի է ունեցել «բեկում»։

Աշոտյանի ու Տեր–Պետրոսյանի տարբերությունն այն է, որ առաջինը Սերժ Սարգսյանի սխալները փորձում է ճշտի տեղ անցկացնել և ձախողումները «սվաղել», այսպես ասած, ի պաշտոնե, այսինքն՝ հաստիքային սերժամետի կարգավիճակով, իսկ ահա ՀԱԿ առաջնորդը նույն բանն անում է արտահաստիքայինի կարգավիճակում։ Վերջինս իշխանությունների խայտառակ ձախողումները, ոմանց անգործությունն ու Հայաստանում շարունակվող արատավոր երևույթների խորացումը ներկայացնում է որպես հաստատակամ աշխատանք և իր փայ աշոտյանությունն անում Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո։

Հիմա լևոնենք Սերժ Սարգսյանին պաշտպանում են այնպիսի էնտուզիազմով ու կրքոտությամբ, որ Շարմազանովը պետք է մտահոգվի իր աթոռի ու կարգավիճակի համար, քանզի Տեր–Պետրոսյանը ՀՀԿ խոսնակի ֆունկցիան շատ ավելի ճոխ ձևով է իրականացնում, ընդ որում՝ շատ ավելի մատչելի գներով (ՀԱԿ առաջնորդն իր սկզբունքներին չի դավաճանում. եթե մեկի հետ գալիս է պայմանավորվածության, ապա անում է խոստացածի տասնապատիկն ու հաճելիորեն զարմացնում պատվիրատուին)։

Նողկալին այս պատմության մեջ այն է, որ բոլորն էլ հասկանում են, թե ինչն ինչոց է, և ինչ գնով են կողմերը «հայրենասիրական» դաշինք կնքել, սակայն այս ամենը ներկայացվում է այնպես, կարծես Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը գիշերը չեն քնում ու մտածում են բացառապես և միայն ազգի մասին։ Շատ հուզիչ պատմություն է, բայց դե, հաճախորդությունն էլ չափ ու սահման պետք է ունենա։ Զոհվածների դիակների վրա մանր առևտուրը ոչ միայն անբարոյականություն է, այլ նաև լրիվ ուրիշ ձևակերպում ունեցող բան (համոզված եմ, որ ամեն մեկն իր մտքում տվեց այդ ձևակերպումը)։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Վերջերս ՕԵԿ–ն ու ՀԱԿ–ը Ընտրական օրենսգրքի հետ կապված համատեղ հայտարարություն տարածեցին։ Անկեղծ ասած՝ զարմացած էի, որ ՕԵԿ–ը համաձայնել էր այդ համատեղ հայտարարությանը, և իր պատվից ցածր չէր համարել ՀԱԿ–ի կողքին հայտնվելը (նախորդ տարի Տեր–Պետրոսյանը հայտարարում էր, որ սկզբունքորեն դեմ է ՕԵԿ–ի հետ որևէ կոնտակտի ու որևէ համատեղ քայլի)։ Խնդիրը տվյալ դեպքում բովանդակությանը չի վերաբերում, այլ ձևաչափին։

Կարծում ենք, որ գոնե Արթուր Բաղասարյանը ձեռնպահ կմնա Տեր–Պետրոսյանի հետ հանդիպելուց, քանզի դրանից կշահի Տեր–Պետրոսյանը, բայց դա շատ վատ կանդրադառնա Բաղդասարյանի վարկանիշի վրա։

Հ.Գ.–2։ Սերժալևոնական այս «թամաշան» շուտով կանցնի կգնա և կավարտվի հերթական փակված զուգարանով։ Այս ամենից ելնելով՝ Բ26–ին առաջարկում ենք շատ երես չտալ մեր երբեմնի հաճախորդներին ու գին չբարձրացնել։ Դրանք կարող է վաղը կրկին չոքեն մեր դուռը և, ինչպես նախկինում էին պահանջում, այնպես էլ հետո պահանջեն «քաղաքագիտական վերլուծության» շրջանակներում կերակրող ձեռք կամ այլ բան։

Մենք, իհարկե, հակված չենք տարած ու հետ բերածներին մարտավարական ընթացիկ նպատակներով կրկին օգտագործել, բայց դե, կարող է ուրիշներն ուզենան օգտվել սրանց ծառայություններից, հետևաբար գին պետք չէ բարձրացնել (ՏՄՊՊՀ–ի ղեկավար Շաբոյանը պետք է հետևի, որպեսզի հակամրցակցային երևույթներ տեղի չունենան)։ Հատկապես որ ապրանքն օգտագործված է, ժամկետանց և բոլոր առումներով մաշված։

Հ.Գ.–3։ Հուսով ենք, որ Աշոտյանը չի նեղանա, որ իր նկարը Տեր–Պետրոսյանի նկարի կողքին ենք դրել։

Այս խորագրի վերջին նյութերը