Մեկնաբանություն

02.05.2016 11:15


Սերժ Սարգսյանի ռազմավարական սխալը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի ռազմավարական սխալը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը վերջերս խոստովանեց, որ 2011թ. կազանյան գործընթացի ժամանակ համաձայնել էր Ղարաբաղի խնդրի լուծման տխրահռչակ փուլային տարբերակին, այն է՝ ազատագրված հինգ շրջաններից հայկական զորքերի դուրսբերում, խաղաղապահների մուտք, փախստականների վերադարձ: Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա այն, ըստ առաջարկվող տարբերակի, մնում էր որպես հետագա բանակցությունների առարկա:

Ալիևը, տեսնելով հայկական կողմի հանձնողական տրամադրությունները, պահանջել էր ավելին, ինչին Սարգսյանը չէր կարող համաձայնություն տալ: Արդյունքում՝ բանակցությունները Կազանից հետո գործնականում կանգ առան:

2011թ. սկսած՝ Ալիևը սկսեց ինտենսիվորեն պատրաստվել պատերազմի, իսկ Սերժ Սարգսյանն անվտանգության հարցում հույսը դրեց միջազգային հանրության վրա: ՀՀԿ ղեկավարը սկզբում «եվրաասոցոցվեց», ապա մեկ գիշերում մտավ ՌԴ-ի գլխավորած Մաքսային միություն:

Հայտարարվեց, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնում և հետագայում դառնալու է ԵՏՄ անդամ, քանի որ կան անվտանգության խնդիրներ:

Սարգսյանին թվում էր, թե կարելի է Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության հարցում հույսը դնել երրորդ ուժի վրա, իսկ երկրի ներսում զբաղվել գումար աշխատելով, տոկոս «խփելով» և վերարտադրություն ապահովելով:

Դրսի ուժերի վրա հույս դնելն էր, որ մեր բանակի արդիականացման հարցը մղվեց չորրորդ պլան (2013-ին Սամվել Բաբայանը նրան զգուշացրել էր սպասվող հարձակման մասին և առաջարկել լուծումներ, սակայն Սարգսյանին այլ հարցեր էին հետաքրքրում): Սարգսյանին ավելի շատ ոստիկան ու հատուկ տեխնիկական միջոցներ էին պետք Երևանի կենտրոնում հանրահավաք «ցրելու» և ընտրությունների ժամանակ թիվ «նկարելու» նպատակով, քան ժամանակակից զենք ու տեխնիկա՝ սահմանը պահելու համար:

Չորսօրյա պատերազմն ամբողջությամբ ցույց տվեց, թե ինչպիսի աններելի սխալներ է թույլ տվել ՀՀԿ ղեկավարը: Նա փաստացի չի կատարել գերագույն գլխավոր հրամանատարի և անվտանգության երաշխավորի ֆունկցիան:

«Խաղաղության աղավնի» խաղացող Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Հայաստանն այնքան թուլացավ, որ խախտվեց ռազմաքաղաքական ու տնտեսական հաշվեկշիռը մեր ու Ադրբեջանի միջև: Արդյունքում՝ թշնամին լկտիացավ ու անցավ հարձակման: Ունեցանք զոհեր, վիրավորներ և կորցրած տարածքներ:

Արդարացնելու համար սեփական սխալները՝ Սերժ Սարգսյանը հիմա հայտարարում է, որ այն հատվածները, որոնք մենք չորսօրյա մարտերից հետո կորցրել ենք, ռազմավարական նշանակություն չունեն:

Նկատենք, որ դա, մեղմ ասած, սխալ հայտարարություն է (եթե այդ դիրքերն անկարևոր են, ապա ինչո՞ւ դրանք հանձնելուց տասնյակ զոհեր ու վիրավորներ ենք տվել, և ինչո՞ւ է այժմ Թալիշում ապրելը դարձել անհնար):

Իրականությունն այն է, որ Թալիշի ուղղությամբ մեր հանձնած դիրքերն այնքան կարևոր են, որ 1994թ. դրանց համար ադրբեջանցիները կատաղի դիմադրություն են ցուցաբերել՝ տալով մի քանի հազար զոհ (հայկական կողմից այդ հատվածում մարտեր մղած և տարածքներն ազատագրած 5-րդ բրիգադը, Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, տվել է շուրջ 700 զոհ):

Այդ դիրքերի գրավումից հետո հնարավոր եղավ Թալիշն առնել մեր վերահսկողության տակ ու հետագայում բնակեցնել: Բացի այդ՝ այդ դիրքերի գրավումից հետո մեր զորքերը հայտնվեցին Միրբաշիրի, Եվլախի ու Բարդայի «գլխին», և թշնամին խուճապահար փախչում էր՝ մտածելով, որ շուտով հայկական կողմը կարող էր մինչև Կիրովաբադ հասնել, քանզի ռազմավարական նշանակության այդ բարձունքների վերահսկողությունը տալիս էր նման հնարավորություն:

Այդ դիրքերի ազատագրումից հետո Հեյդար Ալիևը ծնկաչոք զինադադար խնդրեց ու 1994թ. մայիսին մի կերպ հասավ դրան: Դա այն զինադադարի համաձայնագիրն էր, որից այսօր նրա որդին ցանկանում է հրաժարվել, քանզի իրավիճակ է փոխվել:

Ինչպես է ազատագրվել Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվածը

Թալիշի ուղղությանը վերաբերող Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականների համապատկերին՝ ձեզ ենք ներկայացնում 1994-ին այդ դիրքերը (ներառյալ Թալիշն ու հարակից բարձունքները) ազատագրելու օպերատիվ պլանի քննարկման որոշ մանրամասներ (տե՛ս կից տեսանյութը):

ԼՂՀ Պաշտպանության բանակի ղեկավար Սամվել Բաբայանի գլխավորությամբ տեղի ունեցած ռազմագործողության պլանի քննարկմանը մասնակցել են հրամանատարի տեղակալ Քրիստափոր Իվանյանը, ճակատի հրամանատարները և այլք (մասնավորապես, Վիտալի Բալասանյանը, Սամվել Կարապետյանը (Օգանովսկի), Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը, Նելսոն Սողոմոնյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Մանվել Գրիգորյանը, Արթուր Աղաբեկյանը, Բակո Սահակյանը):

Տեսանյութից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցել ռազմագործողության մշակմանը և չէր էլ կարող մասնակցել, քանի որ 1993-ի կեսերից, այսինքն՝ մեր բանակի լայնամասշտաբ ազատագրական մարտերի մեկնարկից, Ղարաբաղում չի եղել: Նա սկզբում մեկնել է Մոսկվա, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Սարգսյանի միջոցով վերադարձել Երևան:

Սարգսյանը հիմա շատ հանգիստ խոսում է Թալիշի ուղղությամբ հանձնած դիրքերի անկարևորության մասին, թերևս, այն պատճառով, որ լավ չի պատկերացնում դրանց նշանակությունը: Կամ էլ պատկերացնում է, բայց որպեսզի արդարացնի սեփական ձախողումները, այդ դիրքերին քարոզչական մակարդակով տալիս է անկարևոր նշանակություն: Երկու դեպքում էլ վատ բան է ստացվում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը