Կարծիք

26.04.2016 14:55


Այս 2 գործիչներն իրականում միևնույն մոտեցման կողմնակիցն են, որը տանում է մեզ դեպի անդունդը

Այս 2 գործիչներն իրականում միևնույն մոտեցման կողմնակիցն են, որը տանում է մեզ դեպի անդունդը

Երբ 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տալիս, նա հայտարարում էր, որ իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը, ու այդ կուսակցությունը Հայաստանը կտանի դեպի պատերազմ: Տեր-Պետրոսյանի միտքը տարածում էին նաև նրա կողմնակիցները՝ Վանո Սիրադեղյանից սկսած, ՀՀՇ-ի շարքային անդամներով ավարտած: Իրենք նաև պնդում էին, թե նոր իշխանությունն անպայման տարածքներ է կորցնելու: Սակայն նոր իշխանությունը 10 տարվա ընթացքում ոչ միայն չկորցրեց ոչ մի թիզ հող, այլ դեռ մի բան էլ տնտեսական բլոկադայի պայմաններում կարողացավ երկրում տնտեսության աճի երկնիշ ցուցանիշներ ապահովել, կարողացավ նույնիսկ ներգաղթ ապահովել: Ավելին, ճիշտ է՝ նախորդ իշխանությունների «հզոր ջանքերով» 1997 թվականի ապրիլին Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, սակայն 98-ից հետո ձևավորված իշխանությունը կարողացավ հասնել նրան, որ բանակցային սեղանին հայտնված փաստաթղթում առաջին անգամ միանշանակ կերպով ամրագրվեց ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի կետը: Կարճ ասած՝ Տեր-Պետրոսյանի գնահատմամբ՝ «պատերազմի» կուսակցությունը չպատերազմեց, դեռ մի բան էլ երկիրը զարգացրեց:

Իսկ ահա 2008-ին իշխանության եկավ ֆորմալ «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչը, բայց նա լիովին որդեգրեց «խաղաղության» կուսակցության ղեկավար Տեր-Պետրոսյանի գաղափարները: Նա, ուրանալով ցեղասպանության հիշատակը, գնաց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, ինչի հետևանքով երկու երկրների միջև սահմանը չբացվեց, դիվանագիտական հարաբերություններն էլ էլ ավելի վատացան, ցեղասպանության ճանաչման գործընթացը փաստացի կանգ առավ, իսկ Թուրքիան այս ամենի արդյունքում սկսեց բացահայտորեն խառնվել ԼՂ խնդրի բանակցությունների մեջ: Իսկ եթե սրան հավելենք այն, որ Կազանի փաստաթղթով Սերժ Սարգսյանը փորձել էր հանձնել տարածքներ, դուրս բերել մեր զորքերը հանուն Ղարաբաղի ինչ-որ անորոշ կարգավիճակի, ապա կարելի է ասել, որ նա լիովին որդեգրել էր Տեր-Պետրոսյանի գաղափարները նաև այս հարցում: Այսինքն, այս 2 գործիչներն իրականում ոչ թե մեր երկրի զարգացման տարբեր տեսլականն ունեն, այլ միևնույն մոտեցման կողմնակից են, որը տանում է մեզ դեպի անդունդը: Իրենք երկուսն էլ, չգիտակցելով պատերազմի վտանգը ու հետևանքները, կենտրոնացած են եղել միմիայն սեփական շահերի վրա: Մեր նպատակը քաղաքական զարգացումների այս փուլում պետք է լինի այն, որ այս երկու գործիչներին միավորի ոչ միայն իրենց Հայաստանի ու Արցախի զարգացմանը խոչընդոտող գաղափարների կրող լինելու փաստը, այլ նար «նախկին նախագահ» եզրույթը: Դա մեր երկրների անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն է:

Հ.Գ. Երեկ «Bloomberg»-ին տված իր հարցազրույցում Սերժ Սարգսյանն, ի թիվս այլ բաների, ասել է նաև, որ բանակցություններ մոտակա ժամանակներում չեն լինելու՝ դրանով իսկ «փոզմիշ անելով» Տեր-Պետրոսյանի «ազգային-հայրենասիրական» մղումներին ուղղված կոչը այն մասին, թե պետք է միավորվել Սերժի շուրջը, որ նա իրեն վստահ զգա բանակցությունների սեղանի շուրջ: Չկան բանակցություններ, ուրեմն կարիք չկա միավորվելու Սարգսյանի շուրջ, որպեսզի նա իրենց ուժեղ զգա բանակցությունների ժամանակ: Սակայն գնացքն արդեն գնացել է, ու եթե Տեր-Պետրոսյանը կարծում է, որ այս ամենից հետո նա կկարողանա «հետ ֆռռացնել» քաղաքական անիվը ու կրկին փորձել որոշ ուժերի հետ գնալ համագործակցության՝ այս անգամ էլ իրեն դիրքավորելով ընդդիմության դաշտում, ապա ասեմ, որ այդ փորձերն անօգուտ կլինեն: Վերջին օրերին նրա կոնյուկտուրշիկի պահվածքը ցույց տվեց, որ նա վստահելի գործընկեր չի կարող լինել:

Սևակ Դանիելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը