Լրահոս

13.10.2010 17:41


Շիրակի մարզում համայնքի ղեկավարները դժգոհ են

Շիրակի մարզում համայնքի ղեկավարները դժգոհ են

Ստավրոպոլի երկրամասից որպես օգնություն ստացած հացահատիկի սերմացուն արդեն Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններին հասել է, սակայն հայտնի չէ՝  աշնանացան իրականացվե՞լ է արդեն, թե՞ ոչ:

Սկզբում ցորենից օգտվել կամեցող տնտեսությունների թիվը  Շիրակի մարզից 35-ն է եղել, սակայն միայն 5 խոշոր հողատերերի է սերմացու հասել:

Շիրակի մարզի գյուղապետերի դժգոհությունը մեծ է։ Շատերն ասում են, թե լինելով սերմնարտադրության կենտրոն՝ մարզը ծրագրից չնչին տոկոսով է օգտվել. մյուս մարզերին 5-6 անգամ ավելի սերմացու է հասել: Բողոքում են նաև, թե գյուղնախարարության կողմից չարաշահումներ են եղել, ու մասնագետները վերապահումներով են մոտեցել. ում ինչքան ուզել, ցորեն են տվել, ու մտավախություն կա, թե այս ծրագիրը հաջողությամբ չի պսակվի, սերմացուն էլ պատահական փողատերերի ձեռքն ընկնելով՝ կփոշիանա:

«Տո՛, մեզի ո՞վ է ցորեն տվողը, մեզի ցորեն տվող չկա: Պատճառն էն է, որ էնպիսի թվեր են դրել, որ տալիս են 11 հեկտար և ավելի: Մենք էդպիսի թվեր չունենք: Պետական փողերով կարել է լավ բիզնես անել»,-ասել է Ոսկեհասկի գյուղապետ Ջեյմս Մուրադյանը:

Լանջիկի գյուղապետը ևս դժգոհ էր նույն պատճառով. իրենք նման հողատարածքներ չունեն.

«Մեր համայնքում նման հեկտար ունեցող ֆերմերներ չկան, դրա համար էլ դիմող չկար, և չենք ստացել»,-նշել է Լանջիկի գյուղապետ Սեդրակ Առաքելյանը:

Իսկ Շիրակի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը  խնդիրը մեկնաբանել է հետևյալ կերպ.

«3 և ավելի հեկտարների համար է: Բայց ծրագրում նշված էր՝ առավելությունը տրվում է առավել մեծ հողակտորներին: Ինչ խոսք, առավելությունը տրվում է նաև ջրովի հողերին: Դրա համար, պատկերացրեք, մեր մարզից հայտ է ներկայացվել 1700 հեկտարի համար, և հանրապետության մյուս 9-10 մարզերից նույնպես հայտեր են ներկայացվել։ Վերջնական թիվը, որ գումարվեց, ստացվեց՝ հանրապետություն ներկրված 1000 տոննան չէր բավարարում, որ 3 հեկտարներին տային: Սանդղակը հասավ 6 հեկտարի, հետո 9-ի: Իսկ ՌԴ-ից ներկրված ցորենը տրամադրվել է 16 և ավել հեկտար ունեցող գյուղացիներին»,-ասել է ՇՄ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը