Կարծիք

14.04.2016 10:00


Խրամատներում կորյուններ են զոհվել, այնտեղ մի՛ լուսանկարվեք

Խրամատներում կորյուններ են զոհվել, այնտեղ մի՛ լուսանկարվեք

Ապրիլյան քառօրյա պատերազմը որդեկորույս մեր մայրերի վիշտը նորոգեց. նրանց շարքերը խտացան: Արցախյան պատերազմի 1994 թվականի հրադադարը միայն սևով սպիտակի վրա է ամրագրված. թվացյալ խաղաղության պայմաններում քանի՜ տասնյակ զինվոր է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտում զոհվել:

Քառօրյա այս պատերազմը հայոց համազգային համախմբման խելահեղ մի ալիք բարձրացրեց Հայաստանում և ողջ Սփյուռքում:

Արցախին օգնության հասնելու ինքնաբուխ պատրաստակամությունն ու կամավորների երթը, բառի բուն իմաստով, զարմացրել է ամբողջ աշխարհին. հայի պահվածքից շատերը զգացին և հասկացան հայրենիք ունենալու և այն կորցնելու անբացատրելի զգացումը:

Համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն ու միջազգային հանրությունն ուղղակի ապշած են. հայրն ու պապը կամավոր գնում են Արցախ՝ առաջին գիծ, մինուճար որդու՝ թոռան կողքին կանգնելու: Գնում են հարազատ որդու և խրամատում կանգնած ամեն զինվորի մահացու վերքն իրենց վրա վերցնելու: Ռազմաշխարհը ցնցված է նռնականետով ռազմական ուղղաթիռ կործանած Նարեկ Մալխասյանի անհավանական սխրանքով: Այո՛, աշխարհն ապշած է օգնության հասած ավագներին իրենց տեղը չզիջող զինվորի համառությամբ և խրամատում ճերմակահեր ծերունիների ու կյանքի 20 գարունը դեռ չբոլորած հայ զինվորի Սասնա պարով:

Կարկամել է աշխարհը. Լեյլա Եփրեմյանի հորը 1992-ի ապրիլի 10-ին Մարաղայում ադրբեջանցիները գլխատել են, այսօր գեղանի հայուհին զենքը վերցրել ու խրամատ է հասել՝ հոր վրեժը լուծելու: Մերօրյա Սարդարապատի ղողանջ էր Արցախի քառօրյա ապրիլյան պատերազմը, որի հերոսական էջերը դեռ հպարտությամբ պիտի լցնեն աշխարհասփյուռ հայության սրտերը և գլխագրեր պիտի դառնան Հայոց պատմության նորագույն զինյալ ազատագրական պայքարի էջերում: Ավա՜ղ, Հայոց բանակի կորուստն այս օրերին փոքր չէր, հայի համար թանկ է յուրաքանչյուր զինվորի կյանքը, դեռ չի հրապարակվել նաև խաղաղ բնակչության շրջանում մեր ունեցած զոհերի թիվը: Կրակը պայմանականորեն է դադարել, բայց արկերը չեն լռում, և զինվորներ են զոհվում:

Զգոնության ու զսպվածության գիտակցումով ինքներս մեզ գերազանցեցինք օրհասական այդ օրերին, սակայն կա մի երևույթ, որ իրավունք չունեք թույլ տալու. համազգային համախմբման ալիքի հետ այդ օրերին (այսօր ևս) դեպի Արցախ են շտապում մարդիկ, ովքեր պայքարի և ոգու հաղթանակի հետ ընդհանրապես կապ չունեն. քաղաքացիական հագուստներով մի ժամով խրամաներ են հասնում, սելֆի անում, լուսանկարվում են զինվորների հետ, ռեպորտաժներ պատվիրում ու, անմիջապես վերադառնալով, լուսանկարները տարածում համացանցում և ռեպորտաժները հեռուստալիքներով եթեր հեռարձակում... Մի՛ ծաղրեք ինքներդ ձեզ, Արցախ՝ խրամատ հասնելը խիզախություն չէ. խաղաղ օրեր դեռ կգան, և կհասցնեք Արցախում լուսանկարվել:

Կյանքի 20 գարունը չբոլորած զավակներ են զոհվել, սրտի ցավով եմ ասում՝ դեռ բոթեր լսվելու են խրամատներից. պատերազմն Արցախում չի ավարտվել: Յուրաքանչյուր զինվորի մահվան բոթն առնելով՝ ասում ենք՝ միայն թե նա վերջինը լինի, բայց, ավա՜ղ...:

Հարգե՛ք մեր մայրերի ու քույրերի վիշտը. կորյուններ են զոհվել խրամատներում, քաղաքացիական ու զինվորական հագուստներով ձեր լուսանկարները մի՛ հրապարակեք: Առաջնագիծ հասցրած ձեր օգնությունը եթերով մի՛ հրապարակեք, պատվաբեր չէ, քանզի ձեր խաղաղ ու բարեկեցիկ կյանքի համար միայն նրանց եք պարտական:

Մեր հերոսներ նահատակների ու այսօր էլ խրամատում կանգնած քաջարի զինվորի, ալեհեր ազատամարտիկի սխրանքների, նրանց կամքի ու կորովի, նրանց երազանքների մասին գրեք, նրանց նկարները հրապարեկեք, որ հպարտության զգացումով սերունդներ դաստիարակեք և աշխարհին ցույց տաք 21-րդ դարի գերհզոր զինտեխնիկային կուրծքը դեմ տված հայրենքի պաշտպանին՝ զինվորին ու ազատամարտիկին, ասել է թե՝ հայոց կորյունին ու առյուծին:

Հ. Գ. Սա հասարակ լուսանկար չէ. սա մեր հերոսական ժողովրդի իրական կերպարն է՝ մեր մեծ զինվորը՝ մեր ազատամարտիկ ու անկոչում զորավարը, նրա վիարավոր ոտքերի առաջ ազգովի խոնարհումը քիչ է, շա՜տ-շա՜ տ քիչ...

Ջեմմա Բաղդադյան

Այս խորագրի վերջին նյութերը