Լրահոս

13.10.2010 13:11


ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդրի վրա

Վրաստանի հայ բնակչությունը, և հատկապես երկրի հարավ-արևմտյան շրջաններում (Սամցխե-Ջավախք-Ծալկա) համախումբ բնակվող նրա հատվածը՝ ջավախքահայությունը, տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթա-մշակութային և կրոնական իրավունքների ոտնահարումից:  

Վրացական իշխանությունները, արհամարհելով ջավախքյան, հայաստանյան  և միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, կոչերն ու հանձնարարականները, հետևողականորեն խստացնում են ջավախքահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը. 

- Գնալով ուժեղանում է Վրաստանի ուժային կառույցների կողմից ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքի նկատմամբ վերահսկողությունը, քայլեր են ձեռնարկվում ջավախքահայության պահանջատիրության բոլոր դրսևորումներն արմատախիլ անելու ուղղությամբ.

-Շարունակվում է անազատության մեջ պահվել շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը.

-Փակվում են հայկական դպրոցները. Ջավախքում դեռևս գործող հայկական դպրոցներում կրճատվում են հայերենով դասավանդվող առարկաները, հայոց լեզվի դասաժամերը.

- Գնալով խստացվում է Ջավախքի հանրային կյանքի բոլոր ոլորտներում բացառապես վրացերենի օգտագործումը պարտադրող օրենքների կիրառումը.

- Մերժվում է Հայ Առաքելական Եկեղեցու' որպես կրոնական կազմակերպություն, պետական գրանցումը, չեն վերադարձվում խորհրդային իշխանության տարիներին նրանից բռնագրավված հայկական տաճարները:  

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորուրդը  ցանկանում է հրավիրել նշված փաստերի նկատամամբ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների' Ամերիկայի Հայկական Համագումարի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ուշադրությունը: Որպես  ԱՄՆ-ում հայության շահերը պաշտպանող կառույցներ' դուք պարտավոր եք ավելի մեծ ուշադրություն դարձնել վրացական իշխանությունների կողմից ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդրի վրա' ներկայացնելով այս աղաղակող փաստերը ԱՄՆ իշխանական համապատասխան կառույցներին, հանդես գալով երևույթը դատապարտող հայտարարություններով և ձեռնարկելով այլ պատշաճ քայլեր:

Սահակաշվիլիի վարչակարքը փորձում է դիմակայել ազգային փոքրամասնությունների նկատմամբ իր քաղաքականությունը քննադատող ջավախքյան, հայաստանյան ու եվրոպական կազմակերպությունների ճնշումներին' շահագործելով տարածաշրջանում ԱՄՆ գործընկեր-պետության իր դիրքը և հենվելով ԱՄՆ կառավարության լուռ մեղսակցության վրա: Այս հանգամանքը վճռորոշ է դարձնում ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների դերը ջավախքահայության խնդիրների լուծման գործում:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորուրդը կոչ է անում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին և Ամերիկայի Հայկական Համագումարին ներառել ջավախահայության իրավունքների պաշտպանության խնդիրը իրենց օրակարգում' քաջալերելով  Վրաստանում ժողովրդավական արժեքների արմատավորմանն ու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված ԱՄՆ իշխանությունների ջանքերը:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը