Խմբագրական

04.12.2015 11:15


Սերժ Սարգսյանի մտափոխության պատճառների մասին

Սերժ Սարգսյանի մտափոխության պատճառների մասին

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր ծրագրերը։ Դա ավելի շուտ իշխանական բուրգին, քան հանրությանն ու քաղաքական ուժերին ուղղված «մեսիջ» էր, քանզի հանրությունը քաղաքական գործընթացներից դուրս է մնացել փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, իսկ «քաղաքական» կոչված ուժերը, որոնք հիմա հարթակի վրա են ու ԱԺ–ում, կա՛մ լուսանցքային են, կա՛մ խայտառակ ձևով ֆոտոսեսիայի մասնակից են դարձել, կա՛մ առաջնորդվում են խելապակասի «հայեցակարգով»։

Սերժ Սարգսյանի ինքնաասուլիսից հետո բոլորն են արձանագրել, որ նա փոշմանել է։ Նա մեկ տարի առաջ ասում էր, որ եթե խորհրդարանական համակարգ լինի, ապա չի հավակնի վարչապետի պաշտոնին, իսկ երեկվանից պարզվեց, որ ՀՀԿ ղեկավարն առնվազն չի բացառում նոր Սահմանադրության պայմաններում վարչապետ դառնալու հնարավորությունը։

ՀՀԿ ղեկավարը խոստանում է իր քաղաքական կարիերայի թեմային անդրադառնալ 2017–ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Ուզում է ասել, որ եթե ինքը կարողանա հանրաքվեն անցկացնել ու դրանից հետո ՀՀԿ–ի համար համապատասխան «տոկոսները խփել» 2017–ին, ապա կկարողանա նաև հետագայում վարչապետ աշխատել։

Նկատենք, որ Սարգսյանն իր 180 աստիճան շրջադարձով նոր վարքագիծ չի դրսևորել։ Նրա քաղաքական կյանքում այդպիսի շրջադարձերը բազմաթիվ են, քանզի խոսքը, այդ թվում՝ ի՛ր խոսքը, ոչ մի արժեք չունի։ Քաղաքականությունը նրա պատկերացմամբ նույնացվում է ստախոսության, «մուտիլովկաների» և «բազառների» հետ։

Սերժն առաջնորդվում է բացառապես անձնական շահերով և որոշումները կայացնում է միայն քաղաքական հաշվեկշռից ելնելով։ Կա ճնշում՝ Սերժը զիջում է, չկա ճնշում՝ նա սուլթան դառնալու հայտ է ներկայացնում։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ այս շրջադարձը Սերժի մոտ ոչ թե իշխանությունից չհեռանալուն և պետական կառավարման համակարգը ցմահ իր ձեռքում պահելուն է վերաբերում, այլ կարգավիճակին։ Եթե նախկինում նա «գենսեկի» և ԱԺ նախագահի պաշտոնների համատեղման միջոցով էր պատկերացնում ցմահ կառավարումը, ապա քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո նա հակվում է «գենսեկի» ու վարչապետի պաշտոնի համատեղմանը։ Այսինքն՝ «սահմանադրական» հեղաշրջում անցկացնելու բուն նպատակը «Վերջի բոլշևիկի» մոտ չի փոխվել։ Փոխվել է իշխանությունը պահելու մարտավարական մոտեցումը։

Թե ինչու այդպես ստացվեց, մենք ներկայացրել ենք այս տարվա հուլիսի 16–ի խմբագրականում (երբ ներկայացվեց նոր Սահմանադրության նախագիծը), որից մի հատված կներկայացնենք ստորև (հոդվածն ամբողջությամ կարող եք ընթերցել այստեղ

. . .

Նրանք, ովքեր ուշադիր կարդացել են նախորդ տարի ներկայացված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն ու այն համադրել Սերժ Սարգսյանի մեկնաբանության հետ, արձանագրած կլինեն, որ երեկ ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագծով նույն Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ մտափոխվել է։

Չեմ ուզում նախագահ լինել, չեմ ուզում վարչապետ լինել. ուզում եմ «գենսեկ» լինել

Երբ ԲՀԿ–ի գործոնը հզոր էր, և Գագիկ Ծառուկյանն իր գործընկներների հետ կարողանում էր քաղաքական օրակարգ թելադրել կամ առնվազն լուրջ ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա, ՀՀԿ ղեկավարը փորձում էր սահմանադրական փոփոխությունների հարցում լեզու գտնել այդ ուժի հետ։

Ընդդիմադիր դաշտում ձևավորված «քառյակից» ՀՀԿ ղեկավարը կարողացել էր հեշտությամբ պոկել ՀՅԴ–ին, սակայն դա գրեթե զրոյական ազդեցություն էր թողել ուժերի հարաբերակցության վրա։

Սարգսյանը հասկանում էր, որ առանց ԲՀԿ–ի հետ համաձայնության գալու կամ ԲՀԿ–ն ոչնչացնելու՝ ինքը չի կարող ընթացք տալ սեփական շահերը սպասարկող սահմանադրական փոփոխություններին։

Ծառուկյանի հետ լեզու գտնելու համար Սարգսյանը գնաց, իր կարծիքով, խորամանկ քայլի։ Նա հայտարարեց, թե եթե սահմանադրական փոփոխությունների արդյունքում հաստատվի խորհրդարանական կառավարման համակարգ (ինչին ինքն, իբր, դեմ է), ապա ինքը չի դառնա վարչապետ, իսկ եթե մնա կիսանախագահական համակարգը, ապա ինքը չի հավակնի նախագահի աթոռին։ Նա Ծառուկյանին այդ հայտարարությամբ ուզում էր հավաստիացնել, թե ժամկետի ավարտից հետո հեռանալու է, ու պարզապես անձնական անվտանգության երաշխիքների համար է անում սահմանադրական փոփոխությունները։

Որքան մեծ էր Սարգսյանի զարմանքն ու միաժամանակ զայրույթը, երբ Ծառուկյանը նույնիսկ այդպիսի հայտարարությունից հետո մերժեց սահմանադրական փոփոխությունների հարցով բովանդակային քննարկման մեջ մտնելու առաջարկը՝ հայտարարելով, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, որ ԲՀԿ–ն դեմ է դրան, և որ մեր երկրում առկա խնդիրները պայմանավորված չեն մայր օրենքով ու կառավարման մոդելով։

Ակնհայտ էր, որ «Վարչապետ չեմ ուզում, նախագահ չեմ ուզում» օպերացիայով Սարգսյանն ուզում էր գնալ բոլշևիկյան ժամանակների «գենսեկական» մոդելով։ Մանավանդ, չէր էլ թաքցրել, որ կուսակցական գրասենյակից կարող է մասնակցել երկրի կառավարմանը։

Սարգսյանի պատկերացրածը հետևյալն էր. «Ստեղծվում է մեխի գլխի դեր կատարող նախագահական ինստիտուտ և փալասի դեր կատարող վարչապետական համակարգ, իսկ երկիրն իրականում կառավարում է ԱԺ նախագահը, որը սովետական «գենսեկների» պես համատեղում է «պռեդսեդածել վեռխովնովո սովետայի» կարգավիճակը։ «Գենսեկը» ունենում է միլիոն լիազորություններ և զրո պատասխանատվություն, ինչպես նաև հնարավորություն է ստանում ցմահ կառավարել ու պետական կառավարման համակարգը լքել միայն ոտքերով առաջ տարբերակով»։

Սարգսյանը հույս ուներ, որ իր «տրյուկը» որևէ մեկը չի հասկանա, բայց ով որ պետք էր, շատ լավ հասկացել էր, թե ինչն ինչոց էր։ Արդյունքում՝ Սարգսյանի մոտ Ծառուկյանի հետ համաձայնության գալու և նրան օգտագործելուց հետո ոչնչացնելու տարբերակը չստացվեց։

Դրանից հետո տեղի ունեցան փետրվարյան իրադարձությունները։

Նրանք, ովքեր «ընդդիմադիր» ու «քաղաքացիական» դիրքերից ողջունում էին Ծառուկյանի դեմ ՀՀԿ–ական երիտոհմակի արշավը, գործնականում ծափահարում էին Սարգսյանի վերարտադրությանը միտված ու Հայաստանում անմարդկային տեսքով բռնապետություն հաստատելու ծրագրին։

Մեկ մարդու քաղաքականությունը

ՀՀԿ–ի գրասենյակում տեղի ունեցած հակասահմանադրական հայտնի «սխոդկայի» ժամանակ մի միտք հնչեց, ըստ որի՝ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները։ Նաև չափորոշիչներ սահմանվեցին, թե ովքեր կարող են զբաղվել քաղաքականությամբ։

Այդպիսով, ըստ էության, հռչակվում էր քաղաքականության մահը Հայաստանում։ Նաև ազդարարվում էր մեկ մարդու քաղաքական համակարգի ծննդյան մասին։

Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելուց հետո անապատային վիճակ ստեղծվեց։ Սարգսյանը սկսեց իր նախորդ ասածներից տարանջատվելու գործընթացը՝ հայտարարելով, թե մտավախություն ունի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ներկայացրած տարբերակի կապակցությամբ, քանզի պարզ չէ, թե ով է լինելու երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, ու ճիշտ կլինի, որ կիսանախագահական համակարգի մնալու հնարավորությունը դիտարկվի։

Գագիկ Հարությունյանի գլխավորած թիմը «մի կերպ» համաձայնեց Սարգսյանի այդ մտքի հետ ու տեքստ երկնեց։

Սահմանադրական փոփոխությունների տեքստից պարզ է դառնում, որ Սարգսյանը մտադրվել է ԱԺ նախագահի փոխարեն վարչապետի աթոռը զբաղեցնել։ Իսկ այն, որ նա հայտարարել է, թե խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում չի հավակնի գործադիրի ղեկավարի պաշտոնին, ոչինչ չի նշանակում։ «Վերջի բոլշևիկը» բազմիցս ցույց է տվել, որ խոսքն իր համար զրոյական արժեք ունի, և նա, առանց աչքը թարթելու, կարող է 180 աստիճանով փոխվել ու բացահայտորեն ստել։

Նախագծի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ուզում են հաստատել հետևյալ համակարգը. «Ընտրությունները, որպես այդպիսիք, դառնում են սովետականի պես՝ ձևական ու նախապես հայտնի ելքով։ Հայաստանի «բեզռազմերնի» խորհրդարանում ներկայացված է լինելու բանդան (հետագայում՝ երիտբանդան) (հոդված 89), որի «պախանը» վարչապետն է (հոդված 145)։ «Պախանին» կից աշխատում է պետության գլխի նոմինալ կարգավիճակ ունեցող մեխի գլուխը (հոդված 123), ով նշանակվում է 7 տարի ժամկետով, ու եթե հանկարծ լավ չկատարի մեխի գլխի դերը, ապա անմիջապես նրան «նակազատ կանեն» (հոդված 140)։ Ազգային ժողովի նախագահը պետք է թամադայություն անի և ապահովի բանդայի քվեարկության գործընթացը (հոդված 104)»։

Ահա այն «բարեփոխումները», որոնք ուզում են փաթաթել հայ ժողովրդի վզին՝ վերարտադրվելու հստակ նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը