Խմբագրական

14.11.2009 19:45


Ի՞նչ է սպասվում Տեր-Պետրոսյանին, կամ ո՞րն է «պետական շահի» սահմանումը

Ի՞նչ է սպասվում Տեր-Պետրոսյանին, կամ ո՞րն է «պետական շահի» սահմանումը

Հայաստանի անկախացումից ի վեր  իշխանության համար մղվող պայքարն ընթացել է նույն սցենարով։ Չհաշված 1991-ի նախագահական ընտրությունները, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը կանխորոշված էր և չէր վիճարկվում հանրության լայն շերտերի կողմից՝ մնացած բոլոր ընտրություններում ունեցել ենք հետևյալ պատկերը՝ իշխանությունները գնացել են կեղծիքների, իսկ  ընդդիմությունը՝ սահմանադրական (կամ այլ) ճանապարհով։ Ի դեպ, «սահմանադրական ճանապարհ» արտահայտությունն արդեն վերածվել է  պարտության և անկման հոմանիշի։ 

Այն, որ 2008-ի ընտրություններից հետո Լ. Տեր-Պետրոսյանի հանրային ընդունելության պիկն անցել է, հասկանում է նաև ՀՀ առաջին նախագահը։ Ճակատագրի հեգնանքով ՀԱԿ առաջնորդն այժմ զոհ է դառնում մի համակարգի, որի հիմնադրումը տեղի ունեցավ իր իշխանության տարիներին։ Մենք ականատեսն ենք քաղաքականության մեջ գործող բումերանգի էֆեկտին։ Թե ինչպիսի՞ն կլինի Տեր-Պետրոսյանի քաղաքական հետագա ճակատագիրը, կարելի է միայն կռահել կամ կանխատեսել։

Նկատենք, որ տարբեր են եղել իշխանության դեմ գործող քաղաքական գործիչների մտածողությունն ու գործունեության ոճը, բայց նրանց միավորում է մեկ բան՝  նրանք բոլորն էլ արդյունք չեն ապահովել (իշխանության չեն եկել) և հետագայում փաստացիորեն դարձել են մարգինալ։ Ընդդիմադիրները նման են եղել միմյանց իրենց տարած «հաղթանակով», բայց  դժբախտ են եղել յուրովի։

1991-ից սկսած՝ ՀՀ քաղաքական համակարգի ամենակուլ  երախում հայտնվեցին ընդդիմադիրներ Պարույր  Հայրիկյանը, Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արթուր Բաղդասարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եթե զուտ հակաիշխանական գործունեության կտրվածքով դիտարկենք քաղաքական պայքարի նորագույն  պատմությունը, ապա նշված գործիչների շարքին կարելի է  դասել նաև Արշակ Սադոյանին, Դավիթ Վարդանյանին, Շավարշ Քոչարյանին, Արկադի Վարդանյանին և այլոց։

Պարույր Հայրիկյանի պարտությունն անխուսափելի էր։ 88-ի շարժումը ղեկավարում էր «Ղարաբաղ» կոմիտեն և Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես կոմիտեի կարկառուն ներկայացուցիչներից, բնականորեն ստացավ ընտրողների ճնշող մեծամասնության քվեն։ Որքան էլ որ Հայրիկյանը պնդեր, թե ինքն է անկախության շեփորահարը եղել, միևնույն է, հանրային տրամադրությունները չէին կարող նրա կողմը լինել։

Քիչ թե շատ գաղափարական պայքար տեղի ունեցավ 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ միմյանց դեմ դուրս եկան նախկին զինակից ընկերները։ Ընդդիմադիր դարձած Վազգեն Մանուկյանը բավական ձայներ հավաքեց, բայց ԿԸՀ-ն և Սահմանադրական դատարանն այլ արդյունքներ հրապարակեցին։

1996-ից հետո գաղափարական պայքար նախագահացուների միջև չի գնացել։ Իշխանության և ընդդիմության թեկնածուները պայքարել են աթոռի, այլ ոչ թե համակարգային փոփոխության համար։ Եթե  իշխանության տեսանկյունից համակարգային փոփոխությունների չգնալն ինչ-որ տեղ հասկանալի է (նրանք օգտվում են ստեղծված հարաբերություններից և սեփական նախաձեռնությամբ երբեք չեն գնա կոռուպցիոն հնարավորություններից զրկվելու քայլերի), ապա ամբողջովին անհասկանալի է ընդդիմության կեցվածքն այս առումով։

2008-ին էլ չկար գաղափարական պայքար Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև։ Առաջին նախագահը խոստանում էր կազմաքանդել ավազակապետությունը, բայց միևնույն ժամանակ նշում, որ վերականգնելու է սահմանադրական կարգը։ Հետաքրքիր է՝  այդ ո՞ր կարգը պետք է վերականգնվեր՝ 1995-ին կեղծիքներով ընդունված սահմանադրութա՞ն։ Այն սահմանադրության, որի շնորհիվ է ՀՀ-ում արմատավորվել և իրավական ձևակերպում ստացել ավազակապետությունը, երբ նախագահն օժտվեց շեյխական լիազորություններով, երբ ԱԺ-ն վերածվեց պարզ դակիչի (նախագահն, ըստ 1995-ի սահմանադրության, կարող էր ցանկացած պահի արձակել խորհրդարանը՝ բացառությամբ ժամկետային աննշան սահմանափակումների), իշխանության բոլոր ճյուղերը հայտնվեցին մեկի ձեռքում, իսկ տեղական ինքնակառավարման համակարգի և իշխանության ապակենտրոնացման մասին խոսելն արդեն ավելորդ է։

Հիշեցնեմ, որ նույն 1995-ի սահմանադրության անցումային դրույթներով թույլատրվեց համատեղել գործադիր և օրենսդիր գործունեությունը, որով ԱԺ-ն վերջնականապես դարձավ կառավարության կցորդը։ Արդյունքում այդ համակարգի հիմնադիրները խժռվեցին նույն այդ համակարգի կողմից։ 1998-ի թավշյա հեղաշրջման ժամանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ստացավ իր խորհրդական և համատեղությամբ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանին դարձնել խորհրդարանի խոսնակ՝ օգտվելով սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունից։  

Հիմա, եթե սահմանադրական այդ կարգը պետք է վերականգներ Տեր-Պետրոսյանը, ապա դա ոչ թե ավազակապետության կազմաքանդում էր, այլ ավազակապետության վերատիրացում։ Իսկ դա ոչ մի կապ չունի ժողովրդավարության և ազատ շուկայի ստեղծման հետ։ Տեր-Պետրոսյանը 2008-ին մնացած թեկնածուներից տարբերվում էր և այդ տարբերության մեջ գաղափարականություն մտցնում միայն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների մասով։ 2007-ի սեպտեմբերի 21-ին ունեցած վերադարձի իր ելույթում, նկարագրելով Հայաստանում ստեղծված խայտառակ իրավիճակը և տիրող հոռի բարքերը, Տեր-Պետրոսյանը լուծումը տեսնում էր հետևյալ մոդելով. «Ես ցավով եմ ընդգծում, որ մեր ժողովրդի մեջ (գուցե նաև մենք ենք մեղավոր, որ չկարողացանք բացատրել, չկարողացանք հասցնել նրան) չկա այն գիտակցությունը, որ այսօր հայ ժողովրդի առջև կանգնած, Հայաստանի առջև կանգնած, մեր պետության առջև կանգնած գերագույն խնդիրը, որից կախված է և՛ Հայաստանի ապագան, և՛ մեր ժողովրդի բարօրությունը, և՛ մեր տնտեսության բարգավաճումը, Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Եթե չլինի այդ գիտակցությունը, ինձ թվում է՝ ոչինչ անել պետք չէ»։  Ավելացնենք, որ Տեր-Պետրոսյանը բազմիցս է նշել, որ Ղարաբաղի հարցի լուծումը շաղկապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ ու դա դրական է, և լուծելով Ղարաբաղի հարցը՝ մեկ փաթեթով կլուծվի նաև հայ-թուրքականը։ Իսկ եթե այդ հարցերը չլուծվեն, ապա, ըստ առաջին նախագահի, մենք ապագա չենք ունենա։ Այսինքն, նրա  պատկերացմամբ, մեր զարգացման բանալիները գտնվում են թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքում։ Կբացեն նրանք սահմանը՝ կունենանք ապագա, չեն բացի՝ «Սերգո ջանը» վատ կապրի։ Եվ այս կապիտուլյացիան ներկայացվում է որպես իրատեսական գաղափարախոսություն և ռեալ-պոլիտիկ։ Իսկ հասկանալու համար, թե ի՞նչ  է իրենից ներկայացնում Տեր-Պետրոսյանի «իրատեսությունը», հետևեք Սերժ Սարգսյանի «ֆուտբոլին», ու ամեն ինչ պարզ կդառնա։ Սարգսյանը դեռ «իրատեսության» կես ճանապարհին է (Արցախի մասով դիմադրում է), և այսքան խնդիր արդեն մենք ունենք։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե «իրատեսությունն» ամբողջությամբ կյանքի կոչվեր, կարելի է միայն ենթադրել։ Այդ «իրատեսության»  վերջը Հայաստանի՝ թուրքական վիլայեթ դառնալն է։ Իհարկե Տեր-Պետրոսյանն այդպես չի մտածում, բայց այդպես կստացվի։ Մեզանում դավաճաններ չկան։ Կա սխալ մտածողություն։ Սերժ Սարգսյանն էլ չէր ուզում կրակը գցել իրեն, երբ «նախաձեռնողական» էր դառնում, բայց այդպես ստացվեց։

2007-ի վերադարձը Տեր-Պետրոսյանն ամփոփեց այս տարվա նոյեմբերի 11-ի իր ելույթում, ուր այնթապցի մի հոգևորականի անցած ուղին հիշեցնելով՝ ձևակերպեց պետական շահի և ազգային  մտածողության իր պատկերացումները։

ՀՀ առաջին նախագահի վերջին ելույթը շատ հակասական էր։ Մի կողմից Տեր-Պետրոսյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը (փաստորեն, առաջին նախագահն էլ է պահանջատիրությամբ տառապում, չնայած որ դաժան քննադատության է ենթարկում մյուս պահանջատերերին. տարբերությունն այն է, որ կողմերը տարբեր բաներ են պահանջում), մյուս կողմից՝ հավերժացնում նույն այդ Սարգսյանի նախագահությունը։ Դատե՛ք ինքներդ. անդրադառնալով   ՀՀ քաղաքական դաշտին՝ Տեր-Պետրոսյանն այն բաժանեց 2 մասի։ Մի կողմում, ըստ իրեն, ՀԱԿ-ն է, մյուս կողմում՝ հակապետական  պահանջատեր ուժերը։ Թողնենք այն հարցը, որ քաղաքական դաշտը սև-սպիտակ գույներով ներկայացնելը քաղաքական  դալտոնիզմի նշան է, բայց  մի պահ ընդունենք, որ Տեր-Պետրոսյանի բաժանումը ճիշտ է, և տեսնենք, թե նա ի՞նչ եզրահանգումների է գալիս։ Փառամոլ, իշխանատենչ, կաշառքով ու խարդավանքներով առաջնորդվող այնթապցի Եղիազարին հիշեցնող Սերժ Սարգսյանն, ըստ Տեր-Պետրոսյանի, ավելի նախընտրելի է, քան պահանջատեր ուժերը։ Ու քանի որ Տեր-Պետրոսյանը միայն իրեն է համարում իրական ընդդիմություն, ապա ստացվում է, որ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի կաշառակերի հետ համեմատվող Սերժ Սարգսյանի, պահանջատեր ուժերի և իրական ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև։ Ընդ որում, այդ իրական ընդդիմադիրը հասկացնում է «այնթապցուն», որ պատրաստ է 10 տարի մնալ «էջմիածնական խորաթափանց միաբանների» կարգավիճակում։ Ահա՛ ձեզ իրական և պրագմատիկ ընդդիմադիր ուժի պատկերացումները։

Եթե հիմք ընդունենք Տեր-Պետրոսյանի գծած քաղաքական դաշտը, ապա ստացվում է հետևյալը. եթե հանկարծ «այնթապցին» որոշի ընդառաջ գնալ «էջմիածնական միաբանների» առաջարկին, ապա հասարակությունը կզրկվի իրական ընդդիմությունից։ Դաշտում կմնան միայն «ազգակործան» ուժերը, և, բնականաբար, ժողովուրդը պետք է հանուն երկրի ապագայի համակերպվի «այնթապցու» և «միաբանների» գրկախառնության հետ։  Այսինքն, Ս. Սարգսյանը կդառնա ընդմիշտ։ Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի՜ պրագմատիզմ,  արմատականություն և պետական շահի բարձր գիտակցություն է ցուցաբերում իրական ընդդիմությունը։ Իրական ընդդիմությունը երևի հենց այդպես էլ լինում է. մեղադրում է իշխանությանը տասը զոհերի միջոցով իշխանությունը բռնազավթելու մեջ ու ... առաջարկում պետական շահի բարձր գիտակցությամբ «միաբանվել» փառամոլ ու կաշառակեր սուբյեկտի հետ։  

Փաստորեն, «պետական շահ» հասկացությունը բավական «բեզռազմեռնի» է։ Ով  ինչպես ասես կարող է այն հասկանալ ու  ներկայացնել։ 2003-ին Արտաշես Գեղամյանն էլ իր ուրույն պատկերացումներն ուներ պետական շահի մասին, երբ հեռուստաբանավեճում «հաղթեց» Սերժ Սարգսյանին, վարկանիշ հավաքեց, ընտրության առաջին փուլում մասնատեց ընդդիմության ձայները, իսկ երկրորդ փուլում չմիացավ Ստեփան Դեմիրճյանին։ Գեղամյանն այդ ամենը հետագայում բացատրում էր պետական շահով, բայց իրականում իր «զրոներն»  էր հաշվում, որի մասին բացահայտ ասաց Սերժ Սարգսյանը։

Նույն այդ Գեղամյանը պետական շահով էր բացատրում 2008-ի նախագահականի ժամանակ ունեցած իր պահվածքը։ «Ես գերադասում եմ պետական շահն անձնական շահից և իմ վարկանիշի անկման գնով գնում եմ դրան, որպեսզի փրկեմ մեր երկիրը լևոնական թուրքամետությունից»,-միայն իրեն հատուկ դհոլային առոգանությամբ նշում էր Արտաշես Մամիկոնիչը։ Այդ հետո պիտի Գեղամյանը թուրքական նաղլն աներ ու հոդվածներ գրեր հայ-թուրքական քիրվայության թեմաներով. պետական շահն արդեն ուրիշ տեսք էր ստացել։

2008-ին մեկ այլ գործիչ իր քստմնելի արարքն էլի բացատրեց պետական շահով։ Դա ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն էր։ «Եթե ես չմիանայի Սերժ Սարգսյանին, ապա զոհերն ավելի շատ կլինեին մարտի 1-ին»,-պետական շահն  էր բացատրում ՕԵԿ առաջնորդը։ Փաստորեն, Ա. Բաղդասարյանն էլ այն ժամանակ սև-սպիտակի էր բաժանել քաղաքական դաշտը։ Մի կողմում դրել էր իրեն, մյուս կողմում՝ լևոնականներին ու  «պետական շահից» ելնելով՝ նախընտրել էր անցնել «այնթապցու» կողմը։ Խնդրե՛մ, ահա ձեզ «պետական շահի» բարձր գիտակցության դրսևորում։ ԱԽՔ-ն ասում է, որ Սարգսյանի կողմն անցնելով՝ քչացրել է պոտենցյալ զոհերի քանակը։ Այսինքն ինքն ընդունում է, որ գործող ռեժիմը մարդակեր է, բայց հանուն պետական շահի գնում է «միաբանության» ճանապարհով։ Դե արի ու մի գնահատիր ԱԽՔ-ի «բարձր» գիտակցությունը և իրական ընդդիմադիր լինելու փաստը։  

Մեզ ասում են, թե իրական ընդդիմությանը տարբերելու համար պետք է «հրաժարական» մոգական բառը լսել։ Այն որ երկրում համակարգային փոփոխություն և իշխանափոխություն է պետք՝ անվիճելի է, բայց իշխանափոխության պահանջի բարձրաձայնումը մեխանիկորեն չի նշանակում, որ պահանջ ներկայացնողն այլևս կասկածից  կամ քննադատությունից դուրս է, ինչպես «Սուրբ կովը» կամ Կեսարի կինը։ Եթե իրական ընդդիմադիր լինելն ու այլընտրանքային ուժ կոչվելը միայն Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջելն է, ինչպես որ սիրում են նշել ՀԱԿ-ում,  ապա կրկին հիշեցնեմ դասականներ դարձած Արտաշես Գեղամյանի և Արթուր Բաղդասարյանի անցած ուղին։ 2003-ին Մամիկոնիչն էր պահանջում Քոչարյան-Սարգսյան զույգի հրաժարականը, իսկ 2008-ին՝ Արթուր Բաղդասարյանը։ ՕԵԿ ղեկավարի ընդդիմադիր պաթոսը նույնիսկ հասավ այնտեղ, որ Սարգսյանին մեղադրեց իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Իսկ հիմա որտե՞ղ են այդ անձինք։ 

Մի բան էլ հիշեցնեմ։ Մանր էպիզոդ է, բայց հատկանշական է, որ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող Արկադի Վարդանյանը (ով 2000-ին անհայտությունից գալով Հայաստան՝ կարողացել էր մի թեթև ցունամի անել ու գունավոր հեղափոխության պես մի բան կազմակերպել) ընտրություններից  հետո դարձավ մոլի սերժական ու սկսեց քարկոծել Տեր-Պետրոսյանին։ Արկադի Վարդանյանի՝ Սերժ Սարգսյանին պաշտպանելու փաստարկներն այն էին, որ վերջինս Քոչարյանի համեմատ չարյաց փոքրագույնն է, և նրա մեղավորությունը միայն  այն է,  որ մաս է կազմել Քոչարյանի վարչակազմին։ Շատ «հիմնավոր» և քծնանքի համար լուրջ  նախադրյալներ ստեղծող խոսքեր են, այնպես չէ՞։ Իրականում դա մանր ժուլիկություն էր, ուրիշ ոչինչ։ 

 Այն, որ Քոչարյանի օրոք բյուրեղացվեց և վերջնական տեսքի բերվեց 90-ականների սկզբներից կառուցվող կլանաօլիգարխիկ համակարգը, անվիճելի է։ Բայց ասել, որ Սերժ Սարգսյանը մեղավոր է այնքանով, որքանով՝ կարճատեսություն է կամ գործող նախագահին հաճոյանալու ու սեփական դհոլությունն արդարացնելու ձև։ 

Անշու՛շտ, Տեր-Պետրոսյանն այժմ բարդ իրավիճակում է հայտնվել։ «Հաղթելու ենք» կարգախոսը պարտվեց, և հիմա ՀԱԿ  առաջնորդն արդեն ստիպված կոչ է անում փայփայել իրենց շուրջը հավաքված 20 հազարանոց կորիզը։ 

Փորձը ցույց է տվել, որ պարտությունից հետո ընդդիմադիր գործիչները կամ դարձել են քաղաքական թոշակառու և մարգինալ (Ստեփան Դեմիրճյան, Արամ Զ. Սարգսյան), կամ գնացել են ախքացման, դհոլացման ճանապարհով։ Համենայնդեպս, քաղաքական պրակտիկան այդպիսին է։ Տեր-Պետրոսյանի թիմակիցները պնդում են, որ այժմ կա մյուսներից տարբերվող ընդդիմություն, և նախորդ ժամանակահատվածի կանոնները չեն գործելու։ Կապրենք, կտեսնենք։

Մինչ այժմ  Լ. Տեր-Պետրոսյանը նախանձելի սկզբունքայնություն  և հետևողականություն է ցուցաբերում Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու և իր պատկերացումներով պետական շահն առաջ տանելու մասով։ Հետընտրական հանրահավաքներից մեկում ՀՀ առաջին նախագահը Ս. Սարգսյանին իր ընկերն անվանեց և առաջարկեց «դու»-ով խոսել իրար հետ։ Հետո եկավ Ս. Սարգսյանի «նախաձեռնողականությունը» ողջունելու, Գյուլի ոտքն ու էն սհաթը օրհնելու և հանրահավաքը հետաձգելու փուլը։ Դրան հաջորդեց Սերժ Սարգսյանի հետ «ազգային փրկության» կառավարություն կազմելու հավանականության մասին կանխատեսում-ակնարկը։ Իսկ այժմ, ահա, եկել է «այնթապցու» գերիշխանության և «էջմիածնական միաբանների» հնազանդության ժամանակը, որն, ըստ Տեր-Պետրոսյանի, կարող է դառնալ ազգային մտածողության լայնախոհ ու իմաստուն դրսևորման ամենավառ օրինակ։ Առավել վառ օրինակ հայ ժողովրդի պատմության մեջ Տեր-Պետրոսյանին դեռ հայտնի չէ։

Իմ կանխատեսմամբ՝ «միաբաններն» ու «այնթապցին»  չեն համագործակցի, քանի որ «այնթապցին» ի՛ր «միաբաններն» ունի, իսկ հրաժարական պահանջող «միաբաններից» վտանգ չկա, և իմաստ էլ չկա միաբանվելու. ինչի՞ համար։ «Եղիազարը» կհիշի «միաբաններին» այն ժամանակ, երբ զգա, որ իր իշխանությանն իրական վտանգ է սպառնում լրիվ այլ տեղից։ Այդժամ «միաբանները» կդառնան «այնթապցու» բնական դաշնակիցը, և կանեն այն, ինչ անում էին պետական շահի բարձր  գիտակցությամբ օժտված որոշ ուժեր 2008 թվականին։

Անդրանիկ    Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը