Խմբագրական

07.11.2009 16:37


«Բակային նացիոնալիզմը» և Աղդամի «առեղծվածը»

«Բակային  նացիոնալիզմը» և Աղդամի «առեղծվածը»

«Բակային նացիոնալիզմ» կոչված երևույթը մեզանում տարածված հանրային հիվանդություններից է։ Պատահական չէ, որ գրանցված են բազում հայրենակցական միություններ, և մի այդքան  էլ ոչ ֆորմալ գործող խմբեր կան։  

«Որտեղացի՞ ես»,-անմիջապես միմյանց հարցնում են արտերկրում հանդիպած հայերն իրենց տեղական բարբառով, և երբ պարզվում է, որ նեղ իմաստով «զեմլյակներ» են, մի յուրօրինակ ջերմություն է առաջանում զրուցակիցների միջև։

«Բակային նացիոնալիզմը» ո՛չ միայն հայերիս է հատուկ,  բայց մենք այդ երևույթին առանձնահատուկ «հմայք» ենք հաղորդել՝ քաղաքականացնելով և պետական կառավարման մակարդակի հասցնելով «զեմլյաչեստվայի» դրսևորումները։

Դա է նաև պատճառը, որ Հայաստանում ձևավորված կլաններն աշխարհագրական անվանումներ ունեն՝ ղարաբաղյան, ապարանյան, ախալքալաքյան, արտաշատյան և այլն։ Ասում են, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեսնելով, որ քաղաքական թիմ այդպես  էլ չի ստացվում ստեղծել, որոշել է «բակային» ուղով ընթանալ և հիշել է իր լոռվա արմատներն, ու կոռուպցիոն թեմաներով հրապարակային «պինգ-պոնգ» է խաղում «զեմլյակների» հետ։

«Բակային նացիոնալիզմի» հիվանդագին դրսևորումները խոր արմատներ ունեն, որի պատճառներից է նաև Ցեղասպանությունը։ Երիտթուրքերի մոլեռանդությունից ու ֆաշիզմից փրկվածներն անպայման հետաքրքրվում էին, թե իրենց բախտակիցներն Արևմտյան Հայաստանի հատկապես ո՞ր մասից են, և այդ «հետաքրքրասիրությունը» ենթագիտակցական մակարդակով պահպանվել է մինչ այժմ։

Պետության բացակայության պայմաններում «բակային նացիոնալիզմի» արմատավորումը նույնքան բնական է, որքան անբնական է  անկախ  պետության առկայության դեպքում այդ երևույթի գոյությունն այն տեսքով, որին մենք ականատես ենք լինում։

Տեղական հայրենասիրությունը պարզապես անհասկանալի է այն դեպքում,  երբ ազգովի հաղթեցինք Արցախի պատերազմում։ Դրանից հետո պետք է բոլորին պարզ դառնար, որ կա մեկ ազգ, և «զեմլյաչեստվան» անցյալի մնացուկ է։ Անշո՛ւշտ, արցախյան պատերազմում հիմնական ծանրությունն իրենց ուսերին կրեցին բուն արցախահայերը, բայց դա չի նշանակում, թե նրանք, ովքեր պատերազմի տարիներին անչափահաս են եղել կամ կռվին չեն մասնակցել, կամ Հայաստանից դուրս են եղել, իրավունք չունեն այժմ իրենց կարծիքն ասելու Արցախի խնդրի կարգավորման կամ ընդհանրապես Հայաստանի որևէ հատվածի հետ կապված։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ միայն  դիլիջանցի՛ն պետք է խոսի Դիլիջանի խնդիրներից, կամ միայն մեղրեցի՛ն պիտի հոգա Մեղրիի մասին։ Դա աբսուրդ է։

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքի և դրանով պայմանավորված՝ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների քննադատությանը հաճախ իշխանական շրջանակները հակադարձում են, թե ղարաբաղցի Սերժ Սարգսյանից (չնայած մի փուլ կար, երբ Սերժ Սարգսյանի քարոզիչները «տակից» տարածում էին, թե ՀՀ գործող նախագահը գորիսեցի է, ղարաբաղցի չէ) մի՛ պաշտպանեք Ղարաբաղը։

Չկա ավելի խոցելի փաստարկ, քան վերը նշվածը։ Երբ խոսվում է Արցախի գլխին կուտակված ամպերի մասին, որոնք առաջացել են Սարգսյանի «նախաձեռնողականության» շնորհիվ,  հակադարձումն  այն է, թե դուք ո՞ւր էիք, երբ Ս. Սարգսյանն Արցախում կռվում էր։

Եթե նմանատիպ մտածողություն տիրեր շարքային քաղաքացիների կամ իշխանամետ ուժերի շարքերում, ապա միգուցե հնարավոր լիներ հասկանալ։ Բայց երբ «տեղական հայրենասիրությունն» իր զենքն է  դարձնում անձամբ ՀՀ նախագահը և փորձում իր ընդդիմախոսներին  պատասխանել «բակային նացիոնալիզմի» կանոններով, այնքան էլ հասկանալի չէ։

«Ղարաբաղն ուզում են ինձանից պաշտպանել  մարդիկ, ովքեր պատերազմի տարիներին ոչ միայն Ղարաբաղում չեն եղել, այլ նաև Հայաստանում»,- Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ նշել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա այդ հայտարարությունից հետո փորձեցի լարել հիշողությունս, որպեսզի պարզեմ, թե ո՞ւմ բոստանն է քար գցում Սարգսյանը։ Եվ պարզվեց,  որ մենակ մնալիս ծիծաղել սիրող նախագահը բավական բարձր մակարդակի ինքնաքննադատական կուլտուրա ունի, և յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է ներկայացրել «հանրայինների» հետ հանդիպմանը։ Բանն այն է, որ Արցախի պատերազմի ամենաթեժ և բարդ օրերին Սերժ Սարգսյանը  ոչ միայն բուն Արցախում, այլ նաև  Հայաստանում չի եղել։  

Այսպես. Սերժ Սարգսյանը մինչև 1993թ. մայիսը եղել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար (նրա զբաղեցրած պաշտոնը հենց այդպես չէր կոչվում, բայց ֆունկցիան դա էր)։ 1992-ի մայիսին տեղի ունեցած Շուշիի ազատագրումից հետո նախկին ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը գրավված էր ադրբեջանական բանակի կողմից։ Մինչ այն պահը, երբ Ս. Սարգսյանը ԼՂԻՄ-ում էր, հնարավոր եղավ չեզոքացնել վտանգը միայն Քարվաճառի (նախկին Քելբաջար) ուղղությամբ։ 1993-ի մայիսից հետո և մինչև 1994-ին կնքած զինադադարը Սերժ Սարգսյանին ոչ ոք Արցախում չի տեսել, իսկ 1993թ. մայիսից մինչև օգոստոս ընկած չորսամսյա ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը եղել է Ռուսաստանում և զբաղվել բանակի մատակարարման հույժ կարևոր գործով։ 1993-ի  օգոստոսից արդեն նա նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ Այսինքն, պատերազմի օրերի որոշակի փուլում ՀՀ ներկա նախագահը եղել  է արտերկրում։ Հիմա արդյոք ճի՞շտ կլինի ասել, թե նա չպետք է խոսի Արցախի մասին։ Իհարկե՝ ոչ։ Դա սխալ մոտեցում է։ Մեր հաղթանակներին հասնելու համար  յուրաքանչյուրը կատարել է իր գործը՝ լինի դա ռազմի դաշտում, թե մատակարարման «ճակատում»։ Ամենքն իր ավանդն ունի։ Ի դեպ,  1993-ի մայիսից մինչև օգոստոս  (կրկնեմ՝ երբ Ս. Սարգսյանը ՌԴ-ում էր) ԼՂ-ի  զինված ուժերի լայնամասշտաբ ռազմագործողությունների արդյունքում իրար հետևից ազատագրվեցին Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը և Կուբաթլուն։  Երևի դա է պատճառը, որ նույն այդ Աղդամը Սարգսյանն իր հայրենիքը չի համարում, քանի որ դրա ազատագրման օրերին օտար երկրում է գտնվելիս եղել։ Սա, իհարկե, ենթադրություն է։ Ինչևէ։

Ամփոփենք. «բակային նացիոնալիզմի» և «տեղական հայրենասիրության» այն դրսևորումները, որոնց հանդիպում ենք մեր օրերում, երկար ժամանակ պետություն չունենալու և դրա հետևանքով առաջացած նեղ աշխարհայացքի ձևավորման արդյունք են։ Այդ «հիվանդությունը», համոզված եմ, ժամանակի ընթացքում կվերանա, և մարդկանց կարիերային աճը պայմանավորված կլինի միայն պրոֆեսիոնալ կարողություններով ու բարոյական նկարագրով։ Իսկ այժմ մեզ մոտ գերիշխող են գավառամտությունն  ու մարտնչող տգիտությունը։ Ոչինչ։ Կանցնի։

Անդրանիկ   Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը