Լրահոս

30.11.2010 17:39


Հայաստանյան ՀԿ-ները Աստանայի հասարակական համաժողովներում

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատվիրակությունը' կազմված հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) ներկայացուցիչներից, նոյեմբերի 26-28-ը մասնակցեց ԵԱՀԿ երկրների ՀԿ-ների' Աստանայում (Ղազախստան) տեղի ունեցած համաժողովին, ապաեւ նոյեմբերի 28-29-ը' նույն քաղաքում ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության Զուգահեռ համաժողովին:

Պատվիրակության կազմում էին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, "Քաղաքական հետազոտությունների ակադեմիա" ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, "Մարդկային զարգացման միջազգային կենտրոն" ՀԿ փորձագետ Արմեն Գալստյանը, "Քաղաքացիական ազգային նախաձեռնություն" ՀԿ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը, "Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միություն" ՀԿ նախագահ Արման Վարդանյանը եւ նույն միության խորհրդի անդամ Վահան Դիլանյանը, "Հանրային քաղաքականության ինստիտուտ" ՀԿ հետազոտող Հովհաննես Նիկողոսյանը, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը, "Քաղաքագետների եւ միջազգայնագետների հայկական ասոցիացիա" ՀԿ փոխնախագահ Արմեն Սինանյանը, "Քաղաքացիական հասարակության ինստիտուտ" ՀԿ ծրագրերի համակարգող Արման Դանիելյանը, «Համայնքային զարգացման եւ սոցիալական աջակցության կենտրոն» բարեգործական ՀԿ նախագահ Գեղանուշ Գյունաշյանը:

ԵԱՀԿ երկրների ՀԿ-ների համաժողովի նոյեմբերի 27-ի նիստում ելույթ ունեցավ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակի ղեկավար Այդին Սաֆիքհանլին, որը թեեւ իր բանավոր խոսքում ուղղակիորեն չանդրադարձավ արցախյան հակամարտությանը (http://www.osce.org/documents/osce/2010/11/47894_en.pdf), սակայն իր ելույթի գրավոր տեքստում, որը տարածվել էր համաժողովի քարտուղարության կողմից, ապատեղեկատվություն էր տարածել Հայաստանի կողմից, իբր, "Ադրբեջանի տարածքի 20%-ի բռնազավթման եւ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների" մասին (http://www.osce.org/documents/osce/2010/11/47884_en.pdf): ԵԱՀԿ-ում ՀՀ պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչը' օգտվելով պատասխանի իրավունքից' խոսք խնդրեց եւ նշեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մշտապես օգտագործում են ցանկացած առիթ' Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին ապատեղեկատվություն եւ հակահայկական քարոզչություն տարածելու համար: Նա նաեւ հակիրճ ներկայացրեց հակամարտության բուն պատճառները, այդ թվում Արցախի ժողովրդի ազատ եւ օրինական ինքնորոշման ակտից հետո Ադրբեջանի կողմից ԼՂՀ ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի մասին: Այս ելույթի գրավոր տարբերակը համաժողովի քարտուղարության կողմից տեղադրվել է համաժողովի կայքում' http://www.osce.org/documents/osce/2010/11/47929_en.pdf հասցեով:

Հաջորդ օրը' նոյեմբերի 28-ին, ամփոփիչ նիստի ընթացքում ելույթ ունեցավ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ համակարգող Հ.Խուրշուդյանը, ով անհանդուրժողականության տարածման խնդրի համատեքստում մատնանշեց ԵԱՀԿ կազմում այնպիսի երկրների առկայությունը, որոնցում որեւէ այլ ազգի հանդեպ ատելության քարոզչությունը հասցված է պետական մակարդակի, եւ կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ եւ նրա անդամ երկրների քաղաքացիական հասարակությունների անտարբերությունը նման դրսեւորումների հանդեպ կարող է նպաստել ազգային, կրոնական եւ այլատյացության հետ կապված այլ հենքերի վրա բռնության ռիսկի, ինչպեսեւ սառեցված ու չլուծված հակամարտության գոտիներում ռազմական գործողությունների վերսկսման վտանգի ավելացմանը: Խուրշուդյանն առաջարկեց ԵԱՀԿ շրջանակներում ստեղծել հատուկ ծրագիր՝ ուղղված անդամ ռիսկային երկրների զանգվածային լրատվամիջոցների եւ դպրոցական ու բուհական դասագրքերի մշտադիտարկմանը: Ըստ բանախոսի, մշտադիտարկման արդյունքները թույլ կտան բացահայտել ինչպես ԵԱՀԿ-ի, այնպես էլ Եվրախորհրդի եւ ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից' այդ կազմակերպությունների շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունների խախտումները:  Ընդ որում, նշված ոլորտում երկրների ստանձնած պարտավորությունների' մշտադիտարկման արդյունքում ի հայտ եկած առավել զանգվածային եւ կոպիտ խախտումները կարող են նաեւ հիմք հանդիսանալ այդ երկրների հանդեպ Եվրախորհրդի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից պատժամիջոցների կիրառման համար: Ելույթի տեքստն ամբողջությամբ անգլերեն եւ ռուսերեն տարբերակներով նաեւ տարածվել է համաժողովի քարտուղարության կողմից ու դրվել համաժողովի պաշտոնական կայքում' http://www.osce.org/item/47923.html եւ http://www.osce.org/item/47923.html?lc=RU հասցեներով:

Ապա ելույթ ունեցավ "Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միություն" ՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Վահան Դիլանյանը: Անդրադառնալով նախորդ օրերին քննարկված' հանդուրժողականության խնդրին, նա նշեց, որ ուժի չկիրառման մասին պայմանագիր ստորագրելու վերաբերյալ ՀՀ նախագահի առաջարկն Ադրբեջանի նախագահը մերժել է: Բացի դրանից, Ադրբեջանը շարունակում է ղարաբաղյան հարցի քննարկումը ՄԱԿ տեղափոխելու քաղաքականությունը, որով, ըստ Դիլանյանի, խախտում է ԵԱՀԿ շրջանակներում գործող բանակցային գործընթացի Մինսկի ձեւաչափը: Նա նաեւ նշեց, որ հակամարտող կողմերի շփման գծից դիպուկահարներին երկուստեք հեռացնելու մասին ԵԱՀԿ գործող նախագահի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը համաձայնել են, իսկ Ադրբեջանը' մերժել: Ավելին, Դիլանյանի խոսքով' Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարի պայմանակարգը եւ ռազմաշունչ հայտարարություններ անում ԼՂՀ բնակչության դեմ: Այս պայմաններում, ըստ Դիլանյանի, ԵԱՀԿ-ն, այնուամենայնիվ, խուսափում է բաց եւ հստակորեն դատապարտել Ադրբեջանի վարքագիծը: Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում տեղի ունենալիք գագաթաժողովի ընթացքում հակամարտության կողմերի միջեւ, ի վերջո, կկնքվի ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Եվ ցանկալի է, որ այն լիներ ոչ թե դեկլարատիվ բնույթի, այլ իրապես կատարվեր: Ելույթի տեքստն ամբողջությամբ անգլերեն տարբերակով տարածվել է համաժողովի քարտուղարության կողմից եւ դրվել համաժողովի պաշտոնական կայքում' http://www.osce.org/item/47924.html հասցեով:

Ամփոփիչ նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Աշոտ Հայրապետյանը: Նա կարեւորեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մինսկի ձեւաչափը եւ շեշտեց դրա խախտման վտանգավորությունը: Միաժամանակ ընդգծվեց ուժի չկիրառման եւ զինադադարի պայմանակարգի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման շրջանակային համաձայնագրի խախտումների անթույլատրելիությունը: Ելույթը, ցավոք, համաժողովի կայքում տեղադրված չէ:

Ապա պատասխանի իրավունքից օգտվեց ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչը: Որպես Հայաստանի կողմից, իբր, Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազավթման ու անեքսիայի ենթարկելու փորձի ապացույց' նա հիշատակեց 1993թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 822, 853, 874 եւ 884 բանաձեւերը, որոնք պահանջում էին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հայկական ուժերը դուրս բերել զբաղեցրած տարածքներից' առանց բնականաբար նշելու այն իրողությունը, որ բոլոր այդ բանաձեւերն այդպես էլ կյանքի չկոչվեցին միայն մեկ պատճառով' ադրբեջանական կողմը չհարգեց դրանք ու չկատարեց ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջը: ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության պատասխանի տեքստն ամբողջությամբ տեղադրված է համաժողովի պաշտոնական կայքում' http://www.osce.org/documents/osce/2010/11/47920_en.pdf  հասցեով:

Համաժողովի ավարտին ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հարցազրույցներ տվեց ղազախստանյան կենտրոնական լրատվամիջոցներին:

Իր հերթին' "Քաղաքական հետազոտությունների ակադեմիա" ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը համաժողովի քարտուղարությանը փոխանցեց «Եվրոպան եւ ադրբեջանական հասարակության հոգեւոր վիճակը» վերնագրով վերլուծական տեղեկանք (տես' կցված ֆայլը), որում հիմնավորում է ԵԱՀԿ-ի պատասխանատվությունը' ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանական Հանրապետությունը' վերջինիս չպատկանող տարածքներով հանդերձ ճանաչելու հարցում: Նա հիշեցնում է, որ ներկայիս Ադրբեջանը հռչակել է, որ իրավահաջորդն է ոչ թե խորհրդային, այլ 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության, որը ճանաչված չի եղել Ազգերի լիգայի կողմից, իսկ Արցախն ու Նախիջեւանը եղել են վիճելի տարածքներ:  Տեղեկանքը, սակայն, դեռ չի տեղադրվել համաժողովի կայքում:

Համաժողովին մասնակցած հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաեւ հանդիպումներ ունեցան այլ երկրների գործընկերների հետ: Նման հանդիպումների ծիրում "Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միություն" ՀԿ նախագահ Արման Վարդանյանը եւ "Քաղաքագետների ու միջազգայնագետների հայկական ասոցիացիա" ՀԿ փոխնախագահ Արմեն Սինանյանը աշխատանքային հանդիպում ունեցան համաժողովում Վրաստանի ՀԿ-ների պատվիրակության անդամների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը