Լրահոս

17.06.2014 13:52


ՉԻ. «Սաշիկ Սարգսյանի որդին ծեծի է ենթարկել 22-ամյա մի քաղաքացու»

ՉԻ. «Սաշիկ Սարգսյանի որդին ծեծի է ենթարկել 22-ամյա մի քաղաքացու»
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.
ՉԻ-ին հասել են տեղեկություններ, որ Սաշիկ Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը, իր երեք թիկնապահների հետ ծեծի է ենթարկել 22-ամյա քաղաքացի Սարգիս Բրուտյանին: Հիշեցնենք, որ Սաշիկ Սարգսյանը Սերժ Սարգսյանի եղբայրն է:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ի՝ լույս 10-ի գիշերը Շրջանայինում գտնվող «XXX» բարում: Ականատեսների վկայությամբ` Բրուտյանը ներս է վազել բար, իրեն հետևել են Նարեկն ու իր թիկնապահները, իսկ հետո ծեծի ենթարկել Սարգսին: Դրանից հետո երիտասարդին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Ինչպես ՉԻ-ին հայտնեցին բժշկական կենտրոնի ընդունարանից, հունիսի 9-ի՝ լույս 10-ի գիշերը քաղաքացի Սարգիս Բրուտյանը գանգուղեղային վնասվածքով ընդունվել է նևրոբուժական բաժանմունք: Աշխատակցի խոսքով` տուժածի հարազատի հաղորդմամբ` նա վայր է ընկել իրենց շենքի աստիճաններից, այնուամենայնիվ, հիվանդանոցից դեպքի մասին ահազանգվել է ոստիկանություն:
Ոստիկանությունն էլ երեկ ողջ օրվա ընթացքում ճշտում էր ծեծկռտուքի մասին տեղեկության իրականությունը, ապա կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն օրվա վերջում ՉԻ-ին փոխանցեց, որ տեղեկությունը դեռ ճշտվում է, ընթացքի մեջ է: Նա խոստացավ նորություն ունենալուն պես մեզ հաղորդել:

Տեղեկացնենք, որ ՉԻ-ին չհաջողվեց խոսել տուժածի հետ, քանի որ պարզվեց, որ նա ամենևին չի ցանկանում հարցը հրապարակային դարձնել, շփվել լրագրողի հետ և խուսափում է այդ դեպքի մասին տալ որևէ մեկնաբանություն: Հավելենք, որ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Կարելի է ենթադրել, որ Սարգսին մի լավ վախեցրել են, դրա մասին է վկայում նաև այն, որ հիվանդանոցում նման վնասվածքը պատճառաբանել է աստիճաններից վայր ընկնելով:
Մանրամասները՝ «Չորրորդ իշխանություն» օրաթերթում:

Այս խորագրի վերջին նյութերը