Մեկնաբանություն

08.04.2014 15:20


Իշխանական օլիգարխիան տվեց իր առաջին զոհը. սկսվում է պայքարի 2–րդ փուլը

Իշխանական օլիգարխիան տվեց իր առաջին զոհը. սկսվում է պայքարի 2–րդ փուլը

Փուլային և անցնցում տարբերակով ամբողջական իշխանափոխության հասնելու ԱԺ չորս ոչիշխանական ուժերի միասնական օրակարգի առաջին կետը կամ պայքարի առաջին փուլում ակնկալվող արդյունքը տխրահռչակ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա ղեկավարած կառավարության հրաժարականն էր։ Այդ խնդիրն արդեն լուծվել է։

Սերժ Սարգսյանը փորձեց իրեն հատուկ մեթոդներով կանխել կառավարության հրաժարականի հարցի բարձրացումն ԱԺ–ում։ Բաղրամյան 26–ից սկսեցին անհատական աշխատանք տանել «Հրաշալի քառյակը» ներկայացնող առանձին պատգամավորների հետ, որպեսզի Սահմանադրությամբ նախատեսված 44 ստորագրությունը չհավաքվի, ու հարցն ընդհանրապես չմտնի օրակարգ։

Հիմնական ճնշումները բանեցվում էին ԲՀԿ–ական սեփականատեր պատգամավորների վրա։ Ակնկալածից զգալիորեն քիչ արդյունքի հասնելով և հասկանալով, որ չորս ուժերի համար խորհրդարանում բարձրացվելիք կառավարության հրաժարականի հարցն ընդամենը տեխնոլոգիական քայլ է լինելու «փողոցի» օգնությամբ ամբողջական իշխանափոխության հասնելու ճանապարհին, Սերժ Սարգսյանը զոհեց իշխանական օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանին։

Բոլորն էլ հասկանում էին, որ Կառավարության հրաժարականի պահանջով շուրջօրյա հանրահավաքներն, ի վերջո, հանգեցնելու էին Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Վերջինս սթափ գնահատեց իրավիճակը, հաշվեց իր ուժերը և առանց «փողոցը» տեսնելու՝ «մատաղ» արեց Տ. Սարգսյանին։

Սերժ Սարգսյանը հասկացավ, որ եթե Տիգրանի պահով համառի, ապա կընկնի Յանուկովիչի օրը (լավագույն դեպքում)։ Հասկացավ ու փորձեց «Հրաշալի քառյակից» խլել նախաձեռնությունը՝ նախապես բավարարելով նրանց միասնական պահանջը կառավարության մասով։

Հարկ է արձանագրել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը հեռացվում է իշխանության ընդդիմախոս քաղաքական ուժերի ու հանրային ճնշման արդյունքում։ Ընդ որում, ճնշման «նյութականացում» դեռ չէր էլ եղել, այսինքն՝ «փողոցը» դեռ չէր հավաքվել, բայց Ս. Սարգսյանը գնաց զիջումների։

Ոչիշխանական ուժերը հասան Տիգրան Սարգսյանի հրաժարականին առանց «կրակոցի»։ Ուժի կիրառման սպառնալիքը տվյալ դեպքում ավելի ազդեցիկ գտնվեց, քան բուն ուժի կիրառումը։

Տիգրանի հեռացումով հսկայական հարված հասցվեց «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործին։ Սերժ Սարգսյանի գլխավորած օլիգարխիան էական կորուստ ունեցավ։ Պետբյուջեի և դրսից բերվող վարկերի մսխման մեխանիզմը կորցրեց իր գլխավոր ֆունկցիոնալ օղակներից մեկին, ով համատեղությամբ նեոբոլշևիզմի գաղափարախոսության քարոզով էր զբաղված՝ փորձելով տոտալ թալանին տալ բարեշրջիչ տեսք։

Այժմ ստեղծվել է նոր իրավիճակ։ Սերժ Սարգսյանն այնքան թույլ գտնվեց, որ զոհեց իր անփոխարինելի թիմակցին, բայց դեռ այնքան թույլ չէ, որ սեփական աթոռի համար կռիվ չտա և մինչև վերջին փամփուշտը չպաշտպանվի։ Այո՛, նա այժմ զրկվել է աջ թևից, բայց հանրության ու պետության համար դեռ վտանգ է ներկայացնում երկրորդ թևով։

Իսկ դա նշանակում է, որ «Հրաշալի քառյակը» պետք է վերանայի իր մարտավարությունը (ռազմավարությունն ամբողջական իշխանափոխությունն է և համակարգային բարեփոխումը, որոնք վերանայման կարիք չունեն), այլապես կկորցնի իրավիճակը թելադրողի այն կարգավիճակը, որը ձեռք էր բերել վերջին ամիսներին։

Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանին հեռացնելով, փորձում է քառյակից խլել նախաձեռնությունը և գործընթացները տանել բախումնային սցենարով, քանզի միայն այդ դեպքում նա կարող է վերարտադրվելու շանս ստանալ։ Դա թույլ չտալու համար չորս ուժերն ունեն հետևյալ տարբերակները՝ կա՛մ կառավարության ու վարչապետի սեփական թեկնածուով նոր զիջումներ պարտադրել Սերժ Սարգսյանին՝ Ազգային համաձայնության կառավարության ձևավորման և իշխանության փաստացի կիսման տեսքով, կա՛մ ստիպել իշխանությանը փոխել վարվող քաղաքականությունը և հրապարակավ հրաժարվել սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու մտադրությունից։

Երկու դեպքում էլ քառյակը պետք է գործի միասնաբար և շարունակի ճնշումները՝ օգտագործելով ինչպես խորհրդարանի ամբիոնը, այնպես էլ «փողոցը» (կամ դրա ուրվականը)։

Կա տեսակետ, որ հիմա կարելի է միանգամից պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը և հասնել հաջողության, քանզի իշխանությունը, պատկերավոր ասած, «տակը լցրել» է։

Այն, որ իշխանությունը «տակը լցրել» է, անհերքելի փաստ է, բայց նույն իշխանությունը դեռ ռեսուրս ունի դիմադրելու։ Հետևաբար, պետք է շարունակել իշխանական օլիգարխիային համակարգային հարվածներ հասցնելու գործընթացը, որպեսզի հետագա փոփոխությունները լինեն անցնցում և անարյուն։

Սա, իհա՛րկե, չի նշանակում, որ պետք է բացառել «փողոցը»։ Ճիշտ հակառակը՝ միասնական «փողոցի» սպառնալիքը կամ դրա առարկայական կիրառումը միշտ պետք է կախել Սերժ Սարգսյանի գլխավերևում, որպեսզի նա զգա մշտական սպառնալիքի վտանգը և «շողուլի» գալու հնարավորություն չունենա, և որպեսզի անհրաժեշտ պահին (իշխանություն–ընդդիմություն և ներիշխանական հարթություններում ուժերի բալանսի նոր փոփոխությունից հետո) կտրուկ գրոհով կամ այդ գրոհի սպառնալիքով «Բաստիլը» գրավելու սցենարը կյանքի կոչվի։

Սկսվում է պայքարի երկրորդ փուլը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը