Լրահոս

18.08.2009 14:16


Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է Ռիչարդ Կիրակոսյանի հայտարարությանը

18 օգոստոսի 2009թ., Երևան: Օգոստոսի 14-ի իր հաղորդագրության մեջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի՝ թուրք-հայկական դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ վերջերս լրագրողներին տված մեկնաբանություններին: Թուրքիայի ԱԳ նախարարության պարզաբանումներն առնչվում էին մասնավորապես հայկական զանգվածային լրատվամիջոցների վերջին տեղեկություններին, որոնք մեջբերումներ էին ներկայացրել ՌԱՀՀԿ տնօրենի՝ թուրք-ռուսական հարաբերությունների շուրջ արած մեկնաբանություններից:

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարության կայքէջում օգոստոսի 14-ին տեղադրված պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի ԶԼՄ-ները՝ հղում անելով Կիրակոսյանին, տեղեկացրել էին, որ վերջինս ասել է, թե «գաղտնի համաձայնագիր» է ստորագրվել Թուրքիայի և Ռուսաստանի միջև, ըստ որի՝ Ռուսաստանին իրավունք է տրվել օգտագործել թուրքական օդային տարածքը՝ հայկական Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմահենակետին զենք ու զինամթերք մատակարարելու համար:

Այս տեղեկությունը լայն տարածում գտավ, և օգոստոսի 15-ին ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը տեղեկանյութ զետեղեց Բաքվում Թուրքիայի դեսպանատան կողմից՝ հերքելով «Հայաստանում տեղակայված ռուսական ռազմահենակետին Թուրքիայի օդային տարածքով զենք ու զինամթերք առաքելու վերաբերյալ լուրը»: Դեսպանատունը ադրբեջական ԶԼՄ-ներին պաշտոնական հաղորդագրություն փոխանցեց՝ պնդելով, թե «այսօրինակ տեղեկատվությունը Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա բարեկամությունն ու եղբայրությունը սասանելուն ուղղված քայլ է»:  

Թերևս հայկական սկզբնաղբյուրը մասամբ ճշգրիտ չէր, քանի որ ՌԱՀՀԿ տնօրենն ասել էր, որ «ներկայումս թուրք և ռուս պաշտոնյաները բանակցություններ են վարում երկկողմ մի պայմանագրի շուրջ, և եթե համաձայնություն ձեռք բերվի թուրք-հայկական փակ սահմանի բացման վերաբերյալ, ապա ռուսական ռազմական ուժերը հնարավորություն կստանան մուտք գործել Գյումրիի հենակետ՝ օգտագործելով թուրքական օդային և ցամաքային տարածքը»:

Ամենաուշագրավն այն է, որ թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի հետ հարցազրույցում Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրաք Օզյուգյարգինը քննադատեց Կիրակոսյանի մեկնաբանությունը՝ նշելով, որ «սա բացահայտ սադրանք է՝ ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամական հարաբերությունների խաթարմանը»:

Քանի որ թուրք պաշտոնյան, ըստ էության, չժխտեց Կիրակոսյանի մեկնաբանությունների էությունը, դա մեկնարկ տվեցին թուրքական առաջատար ընդդիմադիր թերթերի բուռն կոչերին, որոնք պաշտոնական Անկարայից պահանջեցին անհապաղ վերջ տալ Ռուսաստանի հետ բանակցություններին: Այսպես՝ «Միլլիեթ» օրաթերթը պնդեց, որ «Հայաստանին մատակարարվող ռուսական զենք-զինամթերքն օգտագործվելու է Ադրբեջանի դեմ»՝ հավելելով, որ «ռուսական ռազմական հենակետին աջակցություն ցուցաբերելն անընդունելի է»:

Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններում Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ իր հայտարարություններին Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքն ինքնին վկայում է թուրք-ռուսական հարաբերություններում առկա վստահության էական բացակայության, ինչպեսև Հայաստանի հետ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության թուլության մասին: Ըստ նրա, տեղի ունեցածը «հարցականի տակ է դնում Թուրքիայի՝ Հայաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելու, ներառյալ Հայաստանի շրջափակումը վերացնելու և Հայոց ցեղասպանության ժառանգությունը քննարկելու վերաբերյալ նախկինում տված խոստումների անկեղծությունը»: Կիրակոսյանի պարզաբանմամբ՝ «բեռն այժմ Թուրքիայի ուսերին է, քանի որ միջազգային հանրությունը գնալով ավելի ու ավելի անհամբեր է դառնում Թուրքիայի չկողմնորոշվածության և Հայաստանի նկատմամբ բարի կամքի դրսևորման բացակայության հանդեպ»:

Կիրակոսյանի խոսքով՝ «եթե անգամ Թուրքիան որոշի վերաբացել սահմանը և ընդլայնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ՝ նմանօրինակ քայլերը չպետք է դիտվեն որպես Հայաստանի համար որևէ պարգև կամ հատուցում, քանզի այսպիսի նվազագույն քայլերը քաղաքակիրթ երկրներից ակնկալվող տարրական պահանջներ են»: Խոսքի ավարտին ՌԱՀՀԿ տնօրենը վերստին ընդգծեց. «Չնայած տակավին գոյություն ունեցող որոշակի լարվածությանը, այնուամենայնիվ, Թուրքիան է, որ գտնվում է Հայաստանի հետ միասին առաջ գնալու ռազմավարական հնարավորությունը կորցնելու վտանգի առջև»:

Այս խորագրի վերջին նյութերը