Մեկնաբանություն

25.03.2014 14:15


Սերժ Սարգսյանը՝ ՀՀ թիվ մեկ չարիք, իսկ Տիգրան Սարգսյանը՝ «մեխի գլուխ»

Սերժ Սարգսյանը՝ ՀՀ թիվ մեկ չարիք, իսկ Տիգրան Սարգսյանը՝ «մեխի գլուխ»

Թող զարմանալի չթվա։ Փաստն այն է, որ հոդվածի վերնագիրը հանդիսանում է Բաղրամյան 26–ի քարոզչամեխը կամ քարոզչակոդը։

Այն բանից հետո, երբ ԱԺ չորս ոչիշխանական ուժերը հայտարարեցին կառավարության հրաժարականի պահանջի մասին, իշխանություններն անցան խոր պաշտպանության, որն առաջին հայացքից հարձակման տպավորություն է թողնում։

Շատ լավ հասկանալով, որ գալուստսահակյաններով, արմենաշոտյաններով, արտաշեսգեղամյաններով, էդվարդշարմազանովներով ու կարենավագյաններով հնարավոր չէ հակադարձել «հրաշալի քառյակին», անգամ եթե կարմիրշորտիկավորներին ու փուչիկներին միանան Տիգրան Սարգսյանի «ատկատասեր» սանիկներն ու օֆշորային օրթախները՝ իշխանություններն աշխատում են «անկախ» մամուլի և «թունդ հեղափոխական» գործիչների միջոցով։

Սերժը լավ գիտի, որ չի կարող դրական մեսիջ փոխանցել հանրությանն ու այդպիսով հիմնավորել գործող կառավարությանը տուն չուղարկելու իր ցանկությունը։ Մնում է միայն ինքնափչացման միջոցով աթոռից կառչած մնալու մարտավարության կիրառումը։ Իսկ այդ գործում, հասկանալի պատճառներով, ՀՀԿ–ականները չեն կարող օգտակար լինել։ Բնական է, որ այս պայմաններում պետք է մարտի նետվեին Արտաշես Գեղամյանի հոգեզավակները՝ ժողգործիքները։

Հին ու նոր հաճախորդներն, ահա, մեղադրում են ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին, ՀՅԴ–ին ու «Ժառանգությանն» այն բանի համար, որ նրանք Սերժ Սարգսյանին թողած պահանջում են Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության հրաժարականը։

«Ամեն ինչի մեղավորն ու պատասխանատուն Սերժն է և հետևաբար՝ նրան պետք է հեռացնել։ Վարչապետի ձեռքում ոչինչ չկա, ու նա ոչինչ չի որոշում, այլ ընդամենը կատարում է հրահանգներ, հետևաբար՝ նրա գլխավորած կառավարության լուծարումը ոչինչ չի տա»,– հայտարարում են «թունդ հեղափոխականները»՝ փաստացի մեղադրելով «հրաշալի քառյակին» փոխզիջումային տարբերակով և առանց ցնցումների իշխանափոխության գնալու համար։

«Թունդ հեղափոխականներն», իհարկե, չեն ասում, թե ինչ է պետք անել հենց հիմա և հենց այստեղ Սերժի հրաժարականին հասնելու համար։ Ավելին՝ իրենց վարքագծով ամեն կերպ նպաստում են «Վերջի բոլշևիկի» աթոռի ամրապնդմանը։ Նրանք «թունդ հեղափոխական» կոչեր են հնչեցնում, բայց միևնույն ժամանակ կատաղի պայքար մղում Սերժի համար «ատկատային» ու «կուտակային» թալան ապահովելու գործիք հանդիսացող կառավարության հրաժարականը պահանջողների դեմ։

Չորս ուժերն առաջարկում են ՀՀԿ ղեկավարին զրկել տնտեսությունը մոնոպոլիզացնելու և մեկ ընտանիքի ծառայեցնելու գործիքից, որը կնպաստի փուլային ու անարյուն իշխանափոխությանը։ «Թունդ հեղափոխականները» (դե՛, Սերժը, էլի՛) պնդում են հեղափոխության արյունոտ տարբերակի վրա՝ փորձելով արմատական հռետորաբանության միջոցով քողածածկել իրենց «դհոլությունը»։

Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հաճախորդների շուրթերով ինքն իրեն հռչակել է ՀՀ թիվ մեկ չարիք, իսկ վարչապետին՝ «մեխի գլուխ» կամ «ժիլետի թև»։ Չորս ուժերն, ըստ այդմ, մեղադրվում են չարիքին թողած՝ «մեխի գլուխի» հետևից ընկնելու համար։ Շատ «խոխմա» բան է ստացվում, բայց այլ տարբերակ Սերժը չունի։

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանն իր յանուկովիչությամբ ամեն ինչ անելու է, որ ցողունային բջիջների վրա կատարած ծախսերը ջուրը լցվեն։ Բայց դե, ինչպես ասում են, մեղքն իր վիզը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը