Լրահոս

10.08.2009 14:13


Վահան Շիրխանյանը Մեթյու Բրայզային լուրջ չի ընդունում

-Ես Մեթյու Բրայզային ընդհանրապես լուրջ չեմ ընդունում, որովհետև նա այնքան բաներ է ասել, և դրանք այնքան հաճախակի են սուտ դուրս եկել։ Այստեղ ակնհայտ է մի բան. Մեթյու Բրայզան առաջ է տանում Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի շահերը։ Նա փորձում է մեզ բոլորիս համոզել, որ եթե բանակցություններն ընդհատվեն, ապա գալու է ռազմական հանգուցալուծման պահը։ Այդպիսի բան լինել չի կարող։ Խնդրի լուծման այն հաջորդականությունը, որ առաջարկում է Մեթյու Բրայզան, նշանակում է, որ մենք Արցախն ամբողջությամբ թողնում ենք Ադրբեջանի կազմում,- Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունները մեկնաբանելիս ասել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը։

Նրա կարծիքով Բրայզան հայ հասարակությանը փորձում է համոզել, որ հայերն այլ ճանապարհ չունեն՝ շատ լավ գիտակցելով, որ այդ ճանապարհը կա։ Նրա ամբողջ խնդիրն, ըստ Վահան Շիրխանյանի, հայերի միջից դյուրահավատ և վախկոտ զանգվածին համոզելն է, որ հայությունն այլ ճանապարհ չունի, և «մենք պետք է համաձայնվենք, քանի որ սա լավագույն լուծումն է»։

Վահան Շիրխանյանը համոզված է, որ քանի դեռ Արցախը բանակցությունների հիմնական կողմ չի դառել, Հայաստանը պետք է ոչ միայն դադարեցնի բանակցությունները, այլև հարց դնի ԵԱՀԿ կազմից դուրս գալու մասին.

-Դա նշանակում է, որ բանակցությունները սառեցվում են, մենք վերադառնում ենք սկզբնական կետին, այսինքն՝ Արցախի ժողովուրդը մղել է ազատագրական պայքար, Ադրբեջանը սկսել է պատերազմ ազատագրական պայքար մղող ժողովրդի դեմ, որն այդ պատերազմում հաղթել է, և ազատագրել է իր տարածքները։ Եթե բանակցության հիմքում դնում ենք ճշմարտությունը, ապա լուծումը կլինի արդարացի, իսկ այդ ճմարտությունն այսօր գոյություն չունի (բանակցությունների սեղանին. խմբ.

Բանակցությունների ներկայիս ձևաչափն, ըստ Վ.Շիրխանյանի, ղեկավարվում է ԱՄՆ-ի կողմից, իսկ ԱՄՆ-ն և Եվրոպան զուտ անձնական շահեր են հետապնդում՝ նավթային, գազային, հակառուսական, հակաչինական և այլ «հակա» շահեր, բայց ոչ խաղաղախնդիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը