Լրահոս

12.02.2014 16:38


Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկվել է ԼՂ հիմնահարցը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկվել է ԼՂ հիմնահարցը

Երեկ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ ԼՂ հակամարտության շուրջ տիրող իրավիճակը ներկայացրել է Համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը։ Ըստ նրա՝ Մեծ Բրիտանիան պետք է հարցադրում անի, թե ի՞նչ կարող է անել կողմերին օգնելու և խնդիրը կարգավորելու հարցում։ Փաունդի խոսքերով՝ ողբերգություն է, երբ հանգիստ ու խաղաղ չէ աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում։ Նա հիացմունք է հայտնել Արցախի լեռների, եկեղեցիների, հայկական 2000 տարվա վաղեմության խաչքարերի մասին։

Պալատի անդամն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության մոտեցող տարելիցին և խայտառակություն համարել այդ փաստի վիճարկումը։ Իր խոսքում նա նշել է, որ լավ պահ է՝ աջակցելու ու համերաշխության ժեստ հղելու Հայաստանին։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարկ Սիմոնսն էլ ընդգծել է. «Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Չնայած դժվարություններին՝ մենք պատրաստ ենք ամեն ինչ անել հակամարտության կարգավորման համար: Բրիտանիան աջակցելու է Հայատանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերելու հարցում։ Մենք կկրկնապատկենք խաղաղ կարգավորման համար ջանքերը՝ հետևելով Մադրիդյան սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Այնուամենայնիվ, մենք կոչ ենք անում կողմերին՝ աշխատել Մինսկի խմբի՝ հետ լարվածությունը թուլացնելու և այնպիսի միջավայր ստեղծելու հարցում, որը կնպաստի երկարատև խաղաղության հաստատմանը»։

Այս խորագրի վերջին նյութերը