Մեկնաբանություն

06.02.2014 10:15


Շարմազանովը Սերժ Սարգսյանին առաջարկել է սառը ջուր խմել և պառկել քնելու (տեսանյութ)

Շարմազանովը Սերժ Սարգսյանին առաջարկել է սառը ջուր խմել և պառկել քնելու (տեսանյութ)

Երեկ տեղի ունեցած ՀՀԿ «պոլիտբյուրոյի» նիստից հետո հանդիպելով լրագրողների հետ՝ Էդուարդ Շարմազանովը սենսացիոն հայտարարություն է արել։ Նա նշել է, որ նրանք, ովքեր ցանկանում են տեսնել կառավարության հրաժարականը, սթրեսից դուրս գալու համար թող սառը ջուր խմեն և պառկեն քնելու։

Իսկ սենսացիոն է այդ հայտարարությունն այն պարզ պատճառով, որ կառավարության հրաժարականի պահանջը նախ և առաջ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն է դրել։ Ստացվում է, որ Շարմազանովն իր կուսղեկավարին է առաջարկում սառը ջուր խմել և պառկել քնելու։

Ինչպես հայտնի է, 2013թ. նախագահական «ֆեյք» ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը, ով ահագին տոկոս էր «խփել», ինքնաասուլիսի ժամանակ հայտարարել էր հետևյալը. «Գիտեք, կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա զարգացնել մեր տնտեսությունը: Կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա ընդհանրապես մեր երկիրն առաջ տանել: Ես վերջին անգամ կառավարություն եմ ձևավորել ընդամենը մի քանի ամիս առաջ` խորհրդարանական ընտրությունների արդյունքով: Անձամբ մասնակցել եմ առաջին նիստին և խնդիր եմ դրել այդ կառավարության առջև: Ասել եմ, որ այս կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է ապահովի տնտեսական աճ` նվազագույնը 7 տոկոս: Եվ ասել եմ, որ աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը»։

Այնուհետև նա ներկայացրել էր 2012–ի ցուցանիշները, գոհունակություն հայտնել այդ ցուցանիշների կապակցությամբ, ապա ավելացրել, որ ինքը բարոյական իրավունք չունի 7% աճ ապահովող կառավարությունը ցրել։

2013ի մակրոցուցանիշներն արդեն հրապարակվել են։ Ըստ այդմ՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, նույնիսկ «նկարած» թվերով, ապահովել է ոչ թե մոգական 7, այլ 3,5 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը (5,8%) ավելի շատ է եղել, քան աշխատավարձի աճի մակարդակը (4,8%)։ Այսինքն, վարչապետը Սերժ Սարգսյանի դրած ոչ մի խնդիր չի լուծել։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ունի բարոյական իրավունք այդ կառավարությանը տուն ուղարկելու համար, կամ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը, իր իսկ խոսքերի տրամաբանությունից ելնելով, չունի բարոյական իրավունք այս կառավարությունը պահելու։

Ահա այս ամենը հաշվի առնելով է, որ Շարմազանովի հայտարարությունը սենսացիոն է դառնում։

Շարմազանովին, թերևս, թվացել է, թե ցողունային բջիջների պատվաստում ստացած ու երիտասարդացած իր ղեկավարի հանդեպ կարելի է «ջահելական» պահվածք դրսևորել։

Թե ինչպիսին կլինի Սերժ Սարգսյանի պատասխանը Շարմազանովին, կերևա «1in.am»–ի առաջիկա հրապարակումներից։ Եթե արմանբաբաջանյանները սկսեն Շարմազանովին առիթ–անառիթ «կպնել», ապա դա կնշանակի, որ Բաղրամյան 26–ը լայնամասշտաբ գրոհի է անցել ԱԺ փոխխոսնակի դեմ։ Սպասենք զարգացումներին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը