Մեկնաբանություն

24.01.2014 13:25


Երբ խիյարը թարս է բուսնում

Երբ խիյարը թարս է բուսնում

Վերջապես հասկացա։

Երբ Հայաստանի իշխանություններն ինչ–որ բան են հայտարարում, դա նշանակում է, որ ասվածը ոչ թե այդպես էլ օդում կմնա, այլ տեղի է ունենալու լրիվ հակառակը։

Անցնենք փաստերին։ Ոչ վաղ անցյալում վարչապետը պնդում էր Հայաստանը մի քանի ուղղություններով տարածաշրջանային կենտրոն դարձնելու գաղափարի միանգամայն իրատեսական լինելը։ Ավելին, հայտարարվեց, որ մշակվում են համապատասխան ծրագրեր և այլն։ Օրինակ՝ 2009–ին Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե անգամ ճգնաժամի պայմաններում ինքը հույսը չի կորցնում, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն։ Վայ քու...

Վարչապետը հայտարարեց, իսկ Հայաստանն արձանագրեց աշխարհում ամենաբարձր տնտեսական անկման ցուցանիշներից մեկը։

Հաջորդը՝ բազմիցս հնչեցրած «տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու» հայտարարությունը ենթադրում էր, որ Հայաստանը դրսի կապիտալի համար լինելու է նպաստավոր երկիր։ Իրականում ի՞նչ տեղի ունեցավ՝ ճիշտ հակառակը։ Դրսի կապիտալն այդպես էլ չմտավ Հայաստան. փոխարենը ներսի կապիտալը շարունակում է թափով դուս գալ երկրից։

Այ եթե Փայլակ Հայրապետյանն այն ժամանակ իմանար, որ Տիգրան Սարգսյանի հայտարարություններին ոչ թե պետք է հավատալ, այլ զգուշանալ դրանցից, երևի թե չդառնար «օֆշորային սկանդալի զոհը»։

Վերցնենք վարչապետի հաջորդ՝ «Ջերմուկը միջազգային առողջապահական կենտրոն դարձնելու» հայտարարությունը։ Նորից վայ քու... Ասվում էր, որ դրսից մարդիկ կգան, կբուժվեն Հայաստանում, ինչն իր հերթին կնպաստի առողջապահական տուրիզմի զարգացմանը։ Իրականում ի՞նչ տեղի ունեցավ։ Ճիշտ է՝ լրիվ հակառակը։ Ի՞նչ առողջապահական տուրիզմ։ Մարդիկ Հայաստանից փախնում են, որ չհիվանդանան, իսկ Սերժ Սարգսյանը, որպես առողջապահական տուրիստ ոչ թե Ջերմուկ մեկնեց, այլ ... Հարավային Կորեա (առողջություն ենք մաղթում նրան. թու՛, թու՛, թու՛)։

Մի խոսքով, զգուշացե՛ք իշխանությունների հայտարարություններից, առավել ևս՝ խոստումներից։

«Տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում»,–կասեր Սերժ Սարգսյանը...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը