Մեկնաբանություն

23.01.2014 14:00


Աճուրդային և լուծարային հանձնաժողովը

Աճուրդային և լուծարային հանձնաժողովը

Հայաստանի իշխանությունների գործողությունները վերածվել են աճուրդային և լուծարային հանձնաժողովի աշխատանքների։ Բոլոր «բարեշրջումներն» ունեն «ատկատային» բաղադրիչ և միտված են փող աշխատելուն։

Աճուրդային ու լուծարային հանձնաժողովը ներկայացված է «տրոյկայով»՝ վարչապետ Տիգրան Սարգսյան, Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյան և Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյան։ «Տրոյկան», բնականաբար, գործում է Սերժ Սարգսյանի աչալուրջ հայացքի ու բարձր հովանավորության ներքո։

Տիգրան Սարգսյանի վրա, օֆշորային պարտականություններից զատ, դրված է «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործը։ Նա կոորդինացնում է նաև «ատկատներն» ու «տենդերները»։ Այդ հարցում վարչապետին օգնում է իր սիրելի սանիկը՝ Դավիթ Սարգսյանը, ում վրա դրված է պետական գնումները «համապատասխան» ձևով կառավարելու ֆունկցիան, ինչպես նաև դրամաշնորհները բաշխելու «յուղոտ» առաքելությունը։

Ի դեպ, դրամաշնորհների հարցով վերջերս Ֆինանսների նախարարին կանչել էին ԱԱԾ հարցաքննության։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արել էր, որպեսզի իր սիրելի պաշտպանյալի ու որոշակի անձանց միջև առերեսում տեղի չունենա, և սանիկն ազատվի «ատկատային» պատասխանատվությունից։

Դատելով ամենից՝ Դավիթ Սարգսյանին այս պահին հաջողվել է խուսափել դրամաշնորհային պատմությունից։ Բայց դե, գումարների բաշխման հարցը, միևնույն է, մնում է օդում կախված։

Աճուրդային ու լուծարային հանձնաժողովի մյուս անդամը տխրահռչակ հեքիաթասաց Ներսես Երիցյանն է։ Բիոզուգարանային և «միջազգային» պատմություններից հետո նրան վրա դրվել է կենսաթոշակային «բարեշրջումները» քարոզելու ֆունկցիան։

Կենսաթոշակային «բարեշրջումն» ամենալայնամասշտաբ թալանչիական ծրագրերից է, և Սերժ և Տիգրան Սարգսյանների հույսը միայն Ներսեսի վրա չէ։ Վերջինիս վերապահվել է գովերգիչի դերը։

Թե որքան ավերածություններ կգործեն այս «տրոյկան» ու դրա հովանավորը, դժվար չէ կանխատեսելը։ Հայաստանի ոսկու պաշարները փոշիացնելուց, երկրի պահուստային դոլարները (700 միլիոն դոլար) փոխարժեքային խաղերի միջոցով մսխելուց, պետության հաշվին վերցրած վարկային միջոցները կոռուպցիոն ռիսկերի տակ դնելուց և մեր երկրի տնտեսությունը հետ շպրտելուց հետո սրանց մնում է միայն աճուրդի հանել ու լուծարել պետությունը։

Սերժ Սարգսյանի՝ Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդումներ տալուց հետո ամեն ինչ հնարավոր է։ Հետևաբար, Սերժ Սարգսյանի ու «տրոյկայի» գործունեությունն է պետք դադարեցնել ու լուծարել «կանտոռան»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը