Լրահոս

06.08.2009 10:10


Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 5-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը, որը Հայաստանում է օգոստոսի 1-8-ը այստեղ առաջին անգամ անցկացվող ՀՄԸՄ խաղերին մասնակցելու նպատակով:

Ողջունելով ստուգատեսի մասնակիցներին՝ երկրի ղեկավարը կարևորել է այն իրողությունը, որ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հերթական խաղերն այս տարի, Միության պատմության մեջ առաջին անգամ, տեղի են ունենում Հայաստանում: «Կարծես թե տարեցտարի Հայաստանում սկսում ենք ավելի շատ համահայկական միջոցառումներ անցկացնել: Իսկ սա լավագույն ճանապարհներից մեկն է' ամրապնդելու հայրենիք-սփյուռք կապերը, օժանդակելու հայապահպանությանը և հասնելու մեր ամենացանկալի իրողություններից մեկին' մեր միասնականությանը»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մշտապես աջակցելու է սփյուռքում գործող հայկական կազմակերպություններին: «Հայաստանի Հանրապետության հնարավորությունները գնալով մեծանալու են, և դրան զուգահեռ՝ անպայման աշխատելու ենք մեր դերակատարությունը բարձրացնել, որովհետև համոզված ենք, որ սփյուռքն ուժեղ է Հայաստանով, Հայաստանն ուժեղ է սփյուռքով: Սփյուռքով Հայաստանը 10 միլիոնանոց ժողովուրդ է, որ ունի ռեսուրսներ, մեծ հնարավորություն և ցանկություն՝ ստեղծելու փոքրիկ, բայց շատ գեղեցիկ և զարգացած մի երկիր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն ուրախությամբ նշել է, որ այս տարին տարբերվում է համահայկական միջոցառումների թե՛ քանակով, թե՛ որակով: «Մի քանի օր առաջ ես հանդիպել եմ «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած մեր երիտասարդ հայրենակիցներին: Հաշված օրեր անց՝ Հայաստանում մեկնարկում են Համահայկական խաղերի ֆուտբոլի և բասկետբոլի առաջնությունները, որոնց կմասնակցեն շուրջ 700 մարզիկներ: Այսօր հանդիպում եմ ձեզ՝ քննարկելու Հայ մարմնակրթական ընդհանուր միության համահայկական խաղերի անցկացման գործընթացը, որոնց, ինչպես տեղյակ եմ, մասնակցելու են բոլոր մայրցամաքներից Երևան ժամանած մեր 450 մարզիկներ ու բազմաթիվ հայրենակիցներ»,- նշել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը ոգևորիչ է համարել փաստը, որ խաղերի մասնակիցները երիտասարդներ են, ում համար այս ժամանակաշրջանը կարող է դառնալ նաև հայրենիքի ճանաչողության, իրենց հասակակիցների հետ ընկերանալու ու կապեր հաստատելու կարևոր հնարավորություն: «Ես հաջողություն եմ մաղթում բոլորիդ, խաղերի մասնակիցներին: Բայց այսպիսի դեպքերում ես սիրում եմ կրկնել, որ կարևորը մարզական արդյունքները չեն, այլ որ Հայաստան են եկել հարյուրավոր մարդիկ, որոնց մի մասը միգուցե նախկինում Հայաստանում չի եղել, և որ սա շատ լավ հնարավորություն է՝ զգալու հայրենքի ուժը, տեսնելու այն կենարար աղբյուրը, որ հազարամյակներ շարունակ մեր ժողովրդին սնում է, պահպանում: Դա, իմ համոզմամբ, առավել կարևոր է, քան որևէ մարզական նվաճում: Այդ ճանաչողությունը կարող է դառնալ հայապահպանության այն լիցքը, որ մեր յուրաքանչյուր հայրենակից պետք է ստանա հենց Հայաստանից»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նշելով, որ դարեր շարունակ Հայաստանը եղել և մնում է համայն հայության երազանքների հանգրվանը՝ Նախագահն ասել է. «Եվ պիտի լինի, քանզի հայ ինքնության հանելուկի բանալին հենց Հայաստան երկիրն է: Այլընտրանք չկա: Արհավիրքների և դրանց հետևանքների վերացման շուրջ համախմբվածությունն ու միաբանությունը ժամանակի հետ անհետանում են: Ես էլի եմ առիթ ունեցել պնդելու, որ եկել է հայաստանակենտրոն սփյուռքի ժամանակը:

Ազգովին մենք այլևս ունենք մեր սեփական, անկախ պետությունը, որն էլ հենց դառնալու է հայ ժողովրդին դեպի ապագա առաջնորդող փարոսը: Համոզված եմ, որ համահայկական միջոցառումների անցկացման, սփյուռքի խնդիրների լուծման և ընդհանրապես հայ տեսակի պահպանման ու նաև զարգացման գործում տարեցտարի անընդհատ ավելանալու է մեր պետության դերը, մասնակցությունն ու առաջնորդությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը