Մեկնաբանություն

08.01.2014 12:20


Լիմա, Պանամա և Կուբա. Նալբանդյանի «կոկորդիլոսները»

Լիմա, Պանամա և Կուբա. Նալբանդյանի «կոկորդիլոսները»

Մինչ հայ ժողովուրդը 11–օրյա հարկադիր տոնակատարությունների մեջ էր, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը քրտնաջան աշխատում էր (օրինակ՝ Սերժ Սարգսյանին չհերիքեցին 11 ազատ օրերը, և նա որոշեց երկարացնել սեփական արձակուրդը)։

Փաստորեն, մարդիկ քափ ու քրտինքի մեջ մտած աշխատում են կամ էլ աշխատանքից հալումաշ լինում ու փոքրիկ արձակուրդ վերցնում, իսկ մենք՝ ապերախտներս, չենք գնահատում։ Ինչևէ։

Նալբանդյանը որոշել է ոչ թե կոկորդիլոսի մսի հետևից ընկնել (թեև, ո՞վ գիտե), այլ նախաձեռնողական քայլեր անել և հզոր ձեռքբերումներով սկսել տարին՝ զարգացնելով հայ–պանամայական, հայ–կուբայական և հայ–լիմայական կապերը՝ հունվարի 6–ից մեկնելով այդ երկրներ։

Դատելով այն պետությունների ցանկից, որտեղ այցելել է ու դեռ այցելելու է նախարարը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը նորանոր հաջողություններ է արձանագրելու, քանզի Պանամայի հետ Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք ոչինչ չէր ստացվում, չէր ստացվում նաև Լիմայի հետ լեզու գտնելը, բայց ահա «ֆուտբոլային» քաղաքականությանը փոխարինած «կոկորդիլոսային» քաղաքականությունն ամեն ինչ իր տեղը դրեց։ Վերադառնալուն պես արժե ևս մեկ անգամ քաշքշել Նալբանդյանի թշիկներն այդ առիթով։

Նալբանդյանին վստահաբար կարելի է Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենաթափառաշրջիկ պաշտոնյայի կոչումը տալ։ Բաղրամյան 26–ի ձեռքում «մեխի գլուխ» աշխատելու դիմաց նրան թույլատրված է շրջագայել աշխարհով մեկ։ Բնականաբար, պետության հաշվին։

Ի դեպ, Նալբանդյանի «կայֆերը» շատ խորհրդանշական են։ Դրանք ցույց են տալիս «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության բուն էությունը։ Մնում է միայն հուսալ, որ Կուբայում, Պանամայում ու հատկապես Լիմայում Էդիկի թշերից չեն քաշքշի։ Քանզի ունենք–չունենք, մի աշխատող նախարար ունենք, ով Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ ոչ թե հանգստանում է, այլ ինքնամոռաց նետվում արտաքին քաղաքական «ֆռոնտ»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը