Տնտեսական

01.08.2009 11:22


Թաթուլ Մանասերյանը տարեվերջին երկնիշ տնտեսական անկում է կանխատեսում

Թաթուլ Մանասերյանը տարեվերջին երկնիշ տնտեսական անկում է կանխատեսում

-Միայն համաշխարհային ճգնաժամը չէ մեր խնդիրների պատճառը. մեր տնտեսությունը զարգանում է որոշակի պարադոքսներով։ Այս իրավիճակից նաև օգուտ կարելի է քաղել, բայց  մեր՝ մի փոքր ավելի յուրահատուկ վիճակը թույլ չի տալիս  օգտվել դրանից,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով համաշխարհային ճգնաժամի և Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ ասել է ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Նա նշել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում հակասական զարգացումներ են տեղի ունենում, որոնց մեջ առկա են դրական միտումներ։

-Եթե համաշխարհային ճգնաժամը հիմա հաղթահարվի, ես խորապես համոզված եմ, որ առանց մեր ներքին դժվարությունները հաղթահարելու՝ մենք ետ ենք մնալու։ Մենք չենք կարող հաղթահարել Հայաստանի տնտեսական ճգնաժամը։ Գնահատում եմ կառավարության այն քայլերը, որ արվում են, բայց դրանք իսկապես հեռու են բավարար լինելուց, եթե համակարգային մոտեցում չի ցուցաբերվում,-նշել է տնտեսագետը։

Այն հարցին, թե տարեվերջին որքան կկազմի տնտեսական անկումը, Թաթուլ Մանասերյանը պատասխանել է, որ, ցավոք, այն  երկնիշ թիվ է լինելու։

-Ես կարծում եմ, որ անկման միտումները շարունակվում են հատկապես մեզ մոտ, և շատ ուրախ կլինեի, եթե 2010թ. կեսերին դրանք կասեցվեին։ Եթե հաջորդ տարի ունենանք զրոյական աճ, ես դա կհամարեմ խիստ լավատեսական «պրոգնոզ», իսկ այս տարի միջինը երկնիշ տնտեսական անկում կգրանցվի՝ 10 և ավելի,-հավելել է նա։

Թաթուլ Մանասերյանը տնտեսական ճգնաժամի պայմաններում անթույլատրելի է համարել նաև առևտրային բանկերի բարձր տոկոսադրույքները։ Նրա խոսքերով՝ երբ պետությունը դրսից ստացած վարկերով վերաֆինանսավորում է առևտրային բանկերին, դրանք դադարում են գործել՝ որպես զուտ առևտրային բանկեր։

- Նրանք դառնում են պետության գործակալներ և պետք է շարժվեն պետության որոշակի պայմանների թելադրանքով, ինչը չի արվում։ Առևտրային բանկերն այս պայմաններում թելադրելու բարոյական իրավունք չունեն, բայց կառավարությունը նաև այստեղ է զլանում  պարտադրել իր պահանջները,-ասել է նա։

Ըստ տնտեսագետի՝ մի քանի ամսվա ընթացքում Հայաստանը կրկնապատկել է իր արտաքին պարտքը, բայց այնքան էլ մեծ սպառնալիք չէ վարկ վերցնելը, որքան օգտագործելը։

-Ինչի՞ նման է... Եթե արտոնյալ վարկը ստացվում է սիմվոլիկ տոկոսադրույքով, ամսական 1% էլ չի կազմում, իսկ երբ առևտրային բանկի միջոցով է տրամադրվում, դառնում է 10, 12, 14%։ Դա անթույլատրելի եմ համարում, և անթույլատրելի է նաև կառավարության թողտվությունը,-ասել է Թաթուլ Մանասերյանը։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը