Լրահոս

31.07.2009 17:23


Հանրային խորհրդի հայեցակարգը կնպաստի Արցախի խնդրի կարգավորմանը

Հանրային խորհրդի հայեցակարգը կնպաստի Արցախի խնդրի կարգավորմանը

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «7օր»-ին ասել է, որ Հանրային խորհրդի կողմից ընդունվելիք «Հայաստան-Ղարաբաղ համագործակցության հայեցակարգն» անդրադառնալու է Արցախի սոցիալ-տնտեսական վիճակի, ազատագրված տարածքների վերաբնակեցման, ՀՀ-ի և  ԶԼՄ-ի հետ շփման ու բազմաթիվ այլ հարցերի վրա։ Այս հայեցակարգը կնպաստի նաև ԼՂ-ի խնդրի կարգավորմանը, քանի որ, թեև արդարությունը հայկական կողմինն է, սակայն այն պաշտպանության կարիք ունի միասնական մոտեցումների միջոցով։

-Վստահ եմ, որ ԼՂ-ում ռազմական հաջողությունները, որոնք պարտադրված պատերազմի արդյունքում կարողացավ ձեռք բերել ԼՂ-ի պաշտպանության բանակը, այսօր պետք է ամրապնդել տնտեսական հաջողություններով։ Եվ եթե մենք չբնակեցնենք ազատագրված տարածքները, եթե ղարաբաղցին սոցիալ-տնետսական խնդիրների իմաստով իրեն չզգա իր պետության կողմից պաշտպանված, այսինքն՝ Ղարաբաղում ապրելը չլինի շահաբեր, քաղաքացու համար նպաստավոր, մենք ռազմական հաջողությունները, Աստված մի արասցե, կարող ենք ջուրը գցել։

Հ. Հովհաննիսյանը հավելել է, որ եթե այսօր կրակոցները հատուկենտ են դարձել, չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է։ Այժմ պետք է պայքարել Արցախը տնտեսապես, սոցիալապես և այլ առումներով ավելի ամուր դարձնելու ուղղությամբ։

Հ. Հովհաննիսյանը «Հայաստան-Ղարաբաղ համագործակցության հայեցակարգի» բացակայությամբ է նաև պայմանավորում 1994թ. բանակցություններից ԼՂ-ի դուրս գալը.

-Հայեցակարգի առկայության դեպքում կարող էր Հայաստանի և Ղարաբաղի միջև կնքվել որոշակի պայմանագիր, համաձայնագիր, որով ԼՂ-ի իշխանությունները կարող էին լիազորել հայկական կողմին որոշակի ժամանակահատվածով և իրավունքների շրջանակներում ներկայացնելու իրենց շահերը։

Այլապես կարծիք է ձևավորվում, որ ԼՂ-ն իր համաձայնությունը չի տվել ՀՀ-ին, բայց  վերջինը քննարկում է նրա հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը