Լրահոս

03.12.2013 16:23


Թմրանյութի ապօրինի տեղափոխման աննախադեպ դեպք է հայտնաբերվել

Թմրանյութի ապօրինի տեղափոխման աննախադեպ դեպք է հայտնաբերվել

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք են բացահայտել, ինչն, ըստ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ է այս տարվա ընթացքում. «Օրերս հայտնաբերել ենք թմրանյութի ապօրինի տեղափոխման 2013 թվականի ընթացքում ամենախոշոր խմբաքանակը: Իրացնելով օպերատիվ տվյալները` «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում կանխվել է շուրջ 8կգ թմրանյութի արտահանման փորձ: Իրանի մի քաղաքացի, փոստային ծանրոցի միջոցով փորձ է կատարել ավելի քան 5,5կգ թմրանյութ ուղարկել Կանադա: Ունենալով կասկածներ դեպքի շարունակելի լինելու վերաբերյալ` մի քանի օր անց, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կանխեցինք նույն քաղաքացու կողմից ևս 3կգ թմրանյութի արտահանման փորձը»:

Շուրջ 8կգ թմրանյութի առգրավման այս դեպքն աննախադեպ է 2013-ի ընթացքում: Նշենք, որ ուղիղ 2 տարի առաջ էլ վարչության կողմից ավելի քան 11 կիլոգրամ թմրանյութի ներկրման փորձ էր կանխվել Մեղրիի մաքսակետում, ինչն, ի դեպ, Վահրամ Գուրողլյանի խոսքերով, դեռևս աննախադեպ քանակ է մնում մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում: Գաղտնիք չէ, որ հանցավոր մտադրություններն իրականացնելու համար մաքսանենգները դիմում են բազմաթիվ հնարքների: Օրինակ, վերջերս վարչությունը սնդիկի ապօրինի ներկրման բավականին ուշագրավ դեպք է արձանագրել Մեղրիի մաքսակետում: Իրանի մի քաղաքացի, փորձելով շրջանցել մաքսային հսկողությունը, շուրջ 570 գրամ սնդիկը նետել էր աղբամանի մեջ` հուսալով, որ աննկատ կմնա և աղբահանությունից հետո կվերցնի այն: Սակայն մաքսանենգության փորձը հաջողվել է հայտնաբերել ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում:

Տարեցտարի բարձրանում է մաքսային օրինախախտումների բացահայտման մակարդակը: Նախաբացթողումային հսկողության վարչությունը տարին ավարտում է բավականին խոսուն ցուցանիշներով: «Վարչության կողմից կատարված որակական աշխատանքների մասին է վկայում նաև այն, որ 2013 թվականի ընթացքում ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են մաքսային կանոնների խախտման շուրջ 100 դեպք: Տեխնիկական վերազինման շնորհիվ, տարեցտարի բարձրանում է մաքսային օրինախախտումների բացահայտման մակարդակը, ինչը նաև հետևողական հսկողության արդյունք է»,-ընդգծել է նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը