Լրահոս

30.07.2009 11:21


Ադրբեջանական քարոզչությունը վտանգում է միջազգային միջնորդների ջանքերը

Ս.թ հուլիսի 15-ին  ադրբեջանական կողմին  գերի ընկած հայ ժամկետային  զինծառայողի հետ կապված փաստը առիթ է  տվել ադրբեջանական որոշ լրատվամիջոցներին հակահայկական  քարոզչության նոր ալիք բարձրացնելու: Ադրբեջանի ռազմական  ոմն  փորձագետ  կարծիք է հայտնել, թե այդ քայլին  զինծառայողին դրդել է «սովը և Եվրոպա տեղափոխվելու հեռանկարը»: Փորձագետն իրեն իրավունք է վերապահել անգամ խորհուրդ տալ հայ զինվորներին՝ ադրբեջանական կողմն անցնել գումարտակներով և գնդերով՝ քանի որ այսպես ավելի հեշտ կլինի  նրանց Եվրոպա տեղափոխելը: Իսկ 1news.az գործակալության  հրապարակած դիմումն ուղղված ՀՀ Զինված ուժերին անցնում է երևակայության բոլոր սահմանները: Այստեղ «ծաղկող» Ադրբեջանը «սովալլուկ» հայ զինվորներին խորհուրդ է տալիս, թե ինչպես անցնել ականապատված վայրերով,  ինչպես գերի հանձնվել՝ հետագայում Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա տեղափոխվելու  հեռանկարով, ուր նրանց սպասվում է բարեկեցիկ կյանք:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին հայկական  կողմն են անցել և գերի հանձնվել ադրբեջանցի 8 զինվորներ, որոնցից 6-ը հետագայում  Միջազգային Կարմիր Խաչի  կոմիտեի և ՄԱԿ-ի  փախստականների գործերով Գլխավոր հանձնակատարի միջնորդությամբ տեղափոխվել են  երրորդ երկրներ,  իսկ մյուս երկուսը  դեռ Հայաստանում են  և հրաժարվում են վերադառնալ Ադրբեջան: Այս փաստերը հայկական կողմը երբեք չի շահարկել կամ քաղաքականացրել, ինչը փորձում են իրականացնել ադրբեջանական «փորձագետները»:

Նշվածը վկայում է, որ ադրբեջանական որոշ կառույցներ  հետևողականորեն  ջանում են  առավելագույնս  լարել  հակամարտող կողմերի հարաբերությունները,  ստեղծել  բարոյահյոգեբանական  լարված մթնոլորտ, ինչն  անմիջականորեն  վտանգում են  միջազգային միջնորդների  ջանքերը  ղարաբաղյան  հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը