Լրահոս

28.11.2013 09:50


ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ

Վորլդ Վիժն Հայաստանը, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, միանալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներին, իրականացնում են հանրային միջոցառում «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» խորագրի ներքո, որը տեղի կունենա Երևանում՝ ուրբաթ օրը, նոյեմբերի 29-ին: Ընդամենը 20 րոպեների ընթացքում ցանկացողները կարող են հետազոտվել (արյան նմուշը կվերցվի մատից) և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Նախա- և հետթեստային խորհրդատվությունը կիրականացվի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից, և կապահովվի յուրաքանչյուրի հետազոտության գաղտնիությունը: Նույն օրը երիտասարդների համար կցուցադրի ՄԻԱՎ-ի կանխարգելման թեմայով «Ու՞մ մտքով կանցներ...» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը:

Միջոցառումն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, Ռոբերտ Կառռի հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի օժանդակությամբ, «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության և այլ գործընկերների աջակցությամբ: Եվրոպական միության կողմից ֆինանսավորված ծրագիրը նպատակ ունի նվազեցնել միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցումը, ծրագիրը իրականացվում է 2012-2014 թ., 1,217,951 եվրո ֆինանսավորմամբ:

Միջոցառումը նպատակ ունի խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարևորությունը մեր հասարակությունում և փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, մասնավորապես ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը ամոթ չէ: Հակառակը՝ դա կարևոր է սեփական առողջության մասին հոգալու առումով: Հետազոտությունն անանուն է, անվճար և գաղտնի:

Այս խորագրի վերջին նյութերը