Մեկնաբանություն

27.11.2013 22:28


Արևմուտքն ու Ռուսաստանը «դուրս են գրել» Սերժ Սարգսյանին

Արևմուտքն ու Ռուսաստանը «դուրս են գրել» Սերժ Սարգսյանին

«Նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարած Սերժ Սարգսյանը, ինչպես ասում են, մնաց իր իսկ կիրառած «պրիոմի» տակ։

Փորձելով բոլորին քծնել ու «այո» ասել՝ նա հայտնվեց Արևմուտքի ու Ռուսաստանի արանքում և հիմա ֆուտբոլի գնդակի պես հարվածներ է ստանում աջից ու ձախից։

Սարգսյանին թվում էր, թե աշխարհաքաղաքական «բոմժությունը» և անարժանապատիվ կեցվածքն իրեն հնարավորություն է տալու «և, և» խաղալ, բայց արդյունքում զրկվեց անգամ «կամ, կամ»–ով առաջնորդվելու հնարավորությունից՝ Զորի Գայկովիչի հետ ուս–ուսի տված հայտնվելով Գյուլիստանում։

ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հրաժարվելով և լույսի արագությամբ Մաքսային միության մեջ մտնելու մասին հայտարարելով՝ Սերժ Սարգսյանը կորցրեց իր վստահությունը Վաշինգտոնում ու Բրյուսելում և միաժամանակ չկարողացավ կարգավորել Մոսկվայի հետ փչացրած հարաբերությունները։

Արևմուտքն ու Ռուսաստանը «սպիսատ» են արել Սերժ Սարգսյանին, որպես քաղաքական ամորտիզացիան վաղուց մաշեցրած գործիչ։ Հիմա ամեն մեկն իր ձևով նվաստացման է ենթարկում նրան և ցույց տալիս իր արհամարհանքը։

Ինչպես հայտնի է, Վիլնյուսում է գտնվում Սերժ Սարգսյանը, ով դեռևս ամիսներ առաջ պատրաստվում էր նախաստորագրել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։ Այսօր նա այնտեղ ընդամենը, այսպես ասած, դեկորատիվ ֆունկցիա է կատարում, քանզի մասնակցում է «իզգոյի» կարգավիճակով։

ԵՄ–ի Արևելյան գործընկերության գագաթաժողովի կազմակերպիչները հետաքրքիր ձևով են Սերժ Սարգսյանի հանդեպ ցույց տվել իրենց վերաբերմունքը։ Վիլնյուս է հրավիրվել և բարձր մակարդակի ընդունելության արժանացել ԲՀԿ–ն ներկայացնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նման մոտեցում ցուցաբերվել է նաև ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարված Յանուկովիչի նկատմամբ. Ուկրաինայի ընդդիմադիր շրջանակները ևս հրավիրված են Վիլնյուս։

Ի դեպ, ԵՄ–ի հետ ասոցացման գնացող Վրաստանի ու Մոլդովայի պարագայում եվրաչինովնիկները այդպիսի բան չեն արել. Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու թիմից մարդ չի հրավիրվել, նույնը նաև Մոլդովայի պարագայում է։

Այդպիսով ԵՄ–ն նաև անուղղակիորեն խոստովանում է Հայաստանում Սերժին որպես գործընկեր ընտրելու իր սխալը՝ ձեռքի հետ «փչացնելով» հայաստանյան «արևմտամետներին», որոնք Բաղրամյան 26–ի կողմից սեփականաշնորհվել էին շատ վաղուց։

Եվրաբյուրոկրատ ֆյուլեները, թերևս, ուշացումով, բայց հասկացան այդ ամենը և դա է պատճառը, որ Վիլնյուս են հրավիրվել ոչ թե իրենց «արևմտամետ» և «ընդդիմադիր» հռչակած Սերժի հաճախորդները, այլ Օսկանյանը (սերժամետ լրատվամիջոցների պահվածքից պարզ դարձավ, որ Բաղրամյան 26–ում ահագին նյարդայնացել են այդ փաստից)։

Իր հերթին Վլադիմիր Պուտինն էլ է «փչացնում» Սերժ Սարգսյանին։ Նրա ինքնաթիռը կիջնի Գյումրի՝ ՌԴ ռազմաբազաների տեղակայման քաղաք։ Այդպիսով ՌԴ նախագահը ցույց է տալիս, որ ինքը կարևորում է Հայաստանին ու ռուսական բազաները, իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է հանգամանքների բերումով։

Ինչպես կրեմլյան տեսակետները ներկայացնող Սմբատ Կարախանյանն էր նշել. «Եթե խոսում ենք այդ հարաբերությունների մասին, ապա բոլոր երեքի հետ էլ, մասնավորապես՝ Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի հետ՝ ոչ ուղղակիորեն, Պուտինը երկխոսություն, քննարկումներ և վերլուծություններ անցկացնում է: Դա հաստատ կարող եմ ասել: Կարիք չկա, որ հեռուստաէկրանի առջև իրար ձեռք սեղմեն և ասեն. «բարև Ձեզ»: Դրա անհրաժեշտությունն ամենևին չկա: Պուտինը ոչ ուղղակի ավելի շատ քննարկումներ անցկացնում է նրանց հետ, քան Սերժ Սարգսյանի: Այստեղ խնդիր չկա: Պուտինը ցուցամոլության և ճղճիմ քայլերի կողմնակից չէ: Ռեալ քաղաքականությունը տարվում է շատ ավելի լուրջ և հանգիստ տեղերում, ոչ ճղճիմ և ցուցադրական: Խնդիր չեմ տեսնում, կարող է Պուտինը գալ և շատ հանգիստ Քոչարյանի հետ հանդիպել, բայց նման խնդիր չկա: Պուտինը, եթե ինչ-որ բան է ուզում ասել Քոչարյանին կամ Տեր-Պետրոսյանին, նա դա անում է: Դա խնդիր չէ, ու ցուցադրական հանդիպումներով չէ, որ դա պետք է անի։ ... Ասելիքները միշտ ասվում են և անընդհատ: Բոլոր կողմերը փոխանակվում են տեսակետներով: Ասելիքը տեղ հասցնելու համար անհրաժեշտ չեն տեսախցիկների առաջ ձեռքսեղմումները: ՌԴ իշխանությունը ցուցադրական մեթոդներով չի աշխատում»։

Պուտինի շրջապատը ներկայացնող ազգությամբ հայ փորձագետի կողմից ՌԴ նախագահի հայաստանյան այցից առաջ նման ապտակ հասցնելը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի։

Մի խոսքով, Սերժ Սարգսյանին հիմա ոչ ոք և ոչինչ չի փրկի։ Սակայն նա, ինչպես ասում են, գլուխը քարը։ Խնդիրը Հայաստանն է։

Սերժ Սարգսյանը փակուղում է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանն էլ պետք է նրա հետ միասին փակուղու առաջ կանգնի։

Սերժ Սարգսյանը Հայաստանը չէ։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը խորը հակասության մեջ է ՀՀ շահերի հետ։ Այնպես որ այս առումով «կամ, կամ» վիճակ է։ «Եվ, և»–ն այստեղ անհնար է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը