Մեկնաբանություն

26.11.2013 20:26


Ինչու՞ տապալվեցին եվրաչինովնիկները

Ինչու՞ տապալվեցին եվրաչինովնիկները

Ուկրաինան ու Հայաստանը հրաժարվեցին ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիրը համապատասխանաբար ստորագրելուց ու նախաստորագրելուց։

Վիկտոր Յանուկովիչը կասեցրեց ստորագրման գործընթացը, իսկ եվրոչինովնիկների կողմից եվրոգերազանցիկ հռչակված Սերժ Սարգսյանը կտրուկ շրջադարձ կատարեց ու ավելի քան 3 տարի ԵՄ–ի հետ ասոցացման շուրջ բանակցելուց հետո հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին։

Թե ինչու Ուկրաինայի և Հայաստանի ղեկավարներն այդպիսի քայլի գնացին, շատ է խոսվել ու դեռ կխոսվի։ Բայց արժե նաև գնահատել եվրոչինովնիկների և մասնավորապես ԵՄ ընդլայնման քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գործունեությունը։

Ակնհայտ է, որ Վիլնյուսում սպասվող գագաթաժողովը, մեծ հաշվով, տապալվեց։ Եվրոչինովնիկներն այն ուզում էին վերածել «Սառը» պատերազմի ժամանակներից մնացած հռետորաբանությամբ անցկացվող միջոցառման, սակայն խայտառակ ձախողման ենթարկվեցին։ Քանզի երկակի ստանդարտներով էին առաջնորդվում։

Բանն այն է, որ Շտեֆան Ֆյուլեի ու մյուս եվրոչինովնիկների շուրթերով հայտարարվող նպատակներն ու իրական ծրագրերն իրար հետ կապ չունեն։ ԵՄ–ի նպատակը ոչ թե նախկին ՍՍՀՄ տարածքը ներկայացնող Ուկրաինային, Վրաստանին, Հայաստանին ու Մոլդովային ԵՄ կազմի մեջ մտցնելն ու այդ երկրների արդիականացմանը նպաստելն է, այլ Ռուսաստանի դեմ բուֆերային գոտի սարքելը՝ հետագայում ՆԱՏՕ–ի ընդլայնումը դեպի արևելք ապահովելու համար։

Ըստ այդմ՝ այս չորս պետությունները օգտագործվում են ՌԴ–ի դեմ բացառապես աշխարհաքաղաքական ու տնտեսական նպատակներոով, որոնց շրջանակներում ասոցացվող երկրների շահերը վերջին տեղում են։

Եթե ասոցացվող երկրների շահերը Արևմուտքին հետաքրքրեր որպես առաջնահերթություն, ապա նրանք մասնավորապես Հայաստանում որպես գործընկեր չէին ընտրի Սերժ Սարգսյանի գլխավորած ոչ լեգիտիմ ու կոռումպացված իշխանությանը։

Ավելի մեծ հակաքարոզ արևմտյան (համամարդկային) արժեքների դեմ քան այն, որ Հայաստանում ԵՄ–ի համար ընդունելի է տասը զոհի գնով նախագահի աթոռին բազմած, ՀՀ տնտեսության հերն անիծած և հազարավոր ընտանիքների արտագաղթի պատճառ դարձած Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, հնարավոր չէր մտածել։

Եվրոչինովնիկները որոշեցին Հայաստանի անվտանգության և Ղարաբաղի կորստի հաշվին իրենց շահերն առաջ տանել և գործարք կնքել Սարգսյանի հետ հանրության թիկունքում և արդյունքում հիմա իրենց «քցված» են զգում, բայց որպեսզի իրենք իրենց սխալը չխոստովանեն, բարձրաձայնում են ռուսական ճնշումների մասին։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ԵՄ–ն այդ պետությանն առաջարկում է տնտեսական կոլապսի ենթարկվել՝ փոխարենը խոստանալով գեղեցիկ փաթեթավորված փուչիկ։

Պարզ է, որ Կրեմլը ճնշումներ է գործադրել և՛ Հայաստանի, և՛ Ուկրաինայի վրա, բայց ԵՄ–ն էլ իր մեղքն ունի այդ հարցում։ Նրանք աջակցել ու գաղափարական տանիք են ապահովել ընտրակեղծիքներին և ավտորիտար ռեժիմներին՝ այդպիսով խոցելի դարձնելով Հայաստանին և Ուկրաինային ռուսական ճնշումների հարցում։

Վիլնյուսը տապալվեց, քանի որ հնարավոր չէ հրապարակավ խոսել ժողովրդավարությունից ու մարդու իրավունքներից, բայց «տակից» ճղճիմ առևտուր անել ավտորիտար իշխանիկների հետ և նրանց իշխանության երկարաձգման երաշխիքներ տալու դիմաց մանրադրամ սարքել տվյալ պետություններին։

Հնարավոր չէ նաև փակ ու գաղտնի բանակցություններ վարել, բայց պահանջել, որպեսզի քաղաքական ուժերն ու հանրությունը կողմ արտահայտվի չտեսած ու չլսած բանին։

Ֆյուլեներն իրենց վարքագծով գործնականում ոչնչով չեն տարբերվում սովետական պոլիտբյուրոյականներից, ովքեր կոմունիզմ էին քարոզում, բայց ապրում էին լրիվ այլ արժեհամակարգով։

Ֆյուլեները չեն տարբերվում նաև այն պուտանկեքից ու շրջիկ խմբերի անդամներից, ովքեր Սերժ Սարգսյանի, ՀՀԿ–ի ու Տարոն Մարգարյանի համար տոկոսներ էին «խփում» ընտրական գործընթացների ժամանակ։

Այնպես որ քննադատելի է ինչպես Սերժ Սարգսյանի «գիշերային» որոշումը Մաքսային միության հարցում, այնպես էլ նրա եվրոհովանավորների պահվածքը։

Իրականում մեզ Գյուլիստան են տարել Սերժն ու ֆյուլեներն իրար ձեռք բռնած։ Եվ հետևաբար հավասարապես պատասխանատու են իրենց անպատասխանատու քաղաքականության համար։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ֆյուլեն եթե արևմտյան ստանդարտների ջատագով է, ապա պետք է հրաժարական տա, քանզի չի կատարել իր առաքելությունը և ձախողվել է, այլապես ինչո՞վ կտարբերվի Շավարշ Քոչարյանի կամ Տիգրան Սարգսյանի տիպի հայաստանյան պաշտոնյաներից, ովքեր երեկ ԵՄ էին քարոզում, իսկ այսօր ՄՄ–ի մոլի ջատագով են դարձել և բնականաբար մտադրություն չունեն հրաժեշտ տալ իրենց աթոռներից։

Այս խորագրի վերջին նյութերը