Մեկնաբանություն

23.11.2013 11:38


«Արևմտամետների» նախավերջին հանգրվանը

«Արևմտամետների» նախավերջին հանգրվանը

Հայաստանում «արևմտամետ» հայացքներ ունեցողների «օլիգարխիա» է ձևավորվել։ Մոնոպոլիզացվել է «հայրանեսիրությունը», որը նույնացվել է Պուտինին հայհոյելու հետ։

Սրանք առաջնորդվում են ««Արևմտամետներ» բոլոր երկրների, միացե՛ք» կարգախոսով։ Բայց եթե բոլշևիկները համաշխարհային առաքելություն ունենալու գաղափար (մարքսիզմ) և գործիք (ՍՍՀՄ) ունեին, ապա բոլշևիկների հոգեզավակ տնաբույծ այս «արևմտամետների» մոտ լրիվ այլ պատկեր է, իսկ նպատակն էլ մանր ժուլիկություն է հիշեցնում։

Հայաստանյան «արևմտամետների» պատկերացմամբ՝ եթե դու հայհոյում ես Պուտինին, ապա ավտոմատ կերպով դառնում ես թունդ արևմտամետ։ Իսկ արևմտամետ լինելն էլ «զատո պրեստիժնի է»։

«Արևմտամետների» մի մասն անկեղծորեն է ատում Կրեմլին, իսկ մյուս մասի համար Պուտինին ու Կրեմլին հայհոյելը բիզնես է։ Բաղրամյան 26–ից կամ կառավարական այլ հասցեներից ֆինանսավորվող բիզնես։ Իսկ եթե ձեռքի հետ նաև դրամաշնորհ կա, ապա ավելի լավ՝ կոնսպիլորոգիան կապահովվի։

Ուշադրությո՛ւն դարձրեք. նրանք, ովքեր ամենաբարձրն են հայհոյում Մաքսային միությանը և Պուտինին, որպես կանոն, ծպտուն չեն հանում Սերժ Սարգսյանի մասին։

«Արևմտամետները» «մոռանում» են, որ Մաքսային միություն մտնելու որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը։ Իսկ այն տեսությունը, թե, իբր, ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի պատճառով խեղճ Սերժը մտավ ՄՄ, այլապես կկորցներ իր իշխանությունը (ինչպիսի՜ հզորագույն արդարացում դհոլների համար), Ուկրաինայի օրինակով փուլ եկավ, քանզի այնտեղ ընդդիմությունը սատարում էր Յանուկովիչին, բայց դա չբերեց ԵՄ–ի հետ Ուկրաինայի ասոցացման գնալուն։

«Արևմտամետ» (իրականում՝ թուրքամետ) ուղղվածություն ունեցող լրատվամիջոցները և փորձագետները («Lragir.am», «1in.am», Իգոր Մուրադյան, Դավիթ Շահնազարյան և այլն) ապոկալիպտիկ սցենար են ներկայացնում Հայաստանի համար Մաքսային միությունում, բայց զուգահեռաբար պաշտպանում են ... ՄՄ մտնելու որոշում կայացրած ՍՍ–ին։ Այն Սերժ Սարգսյանին, ով «չերեզ» Գյուլիստան մտել է Կրեմլի «հետույքն» ու դուրս չի գալիս այնտեղից (Սերժ որ ասում ենք, «Արուսը»՝ Տիգրան Սարգսյանը, հետն է, չհաշված Գայկովիչը)։

Այս ամենը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ Կրեմլի «հետույքում» են նաև բոլոր մաստի «արևմտամետները», որոնց նախավերջին հանգրվանը սերժամետությունն է։ Իսկ վերջում նրանք կհայտնվեն լրիվ այլ վայրում։ Դա կլինի նրանց վերջին հանգրվանը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Այն, որ Մաքսային միությունը մարազմատիկ կառույց է, և հասկանալի չէ, թե Հայաստանն ինչպես է ինտեգրվելու այդ կառույցին, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց եթե բողոքում ենք Մաքսային միությունից, Հայաստանում ռուսաց լեզվի սպասվող էքսպանսիայից, ֆլանից, ֆստանից ու մոռանում ենք, որ միայն Սերժ Սարգսյանին, պատկերավոր ասած, Գյուլիստան ուղարկելուց հետո է հնարավոր վիճակ փոխել, ապա դա գեղամյանության պես մի բան է կամ, լավագույն դեպքում, անմեղսունակություն։

Իշխանափոխությունն այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է, որը կարող է Հայաստանին դուրս բերել այս վիճակից։

Այս խորագրի վերջին նյութերը