Լրահոս

14.11.2013 19:23


Տեղի կունենա Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի ընդլայնված նիստ

Տեղի կունենա Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի ընդլայնված նիստ
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հանրային խորհրդում տեղի կունենա Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի ընդլայնված նիստ, որին հրավիրված են նաև շահագրգիռ ՔՀԿ-ների և արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
Օրակարգում ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակված «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագծի և դրա վերաբերյալ արդարադատության նախարարության դիրքորոշման քննարկումն է:
Բանն այն է, որ 2012թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Նախագահին է ներկայացվել ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակված «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծը ՝ կառավարության քննարկմանն ու հաստատմանը առաջարկելու խնդրանքով:
Մինչ այդ նախագիծն անցել է փորձագիտական և հանրային քննարկումների մի շարք փուլեր: Այնուհետև ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգ ունենալու անհրաժեշտության հարցը ՀԽ ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից բարձրացվել է 06.07.2013թ. ՀՀ Նախագահի հետ ՀԽ անդամների հանդիպման ընթացքում և 05.10.2013թ. ՀՀ Վարչապետի հետ ՀԽ անդամների հանդիպման ընթացքում, զանազան առիթներով քննարկվել ԶԼՄ-ներով ու ՔՀԿ-ների նեկայացուցիչների հետ:
Ի վերջո, 2013թ. հոկտեմբերի 7-ին Հանրային խորհրդի նախագահի անունով ստացվել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի նամակը, որից պարզ է դարձել, որ նախարարության կողմից 2013թ. մայիսի 6-ին արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել «ՔՀԿ-ների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի» նախագիծ:
Նախարարը նշել է, որ ՀԽ-ի կողմից ներկայացված նախագծին կառավարության կողմից հավանություն տալը նպատակահարմար չէ, և որ ՀԽ-ի կողմից ներկայացված Նախագիծը վերջնական լրամշակման և խմբագրման արդյունքում զգալի մասով կկրկնի արդարադատության նախարարության կողմից մշակված և շրջանառված նախագծի դրույթները, ինչն էլ կարող է առաջացնել որոշակի շփոթմունք:
Այս հարցերի քննարկման նպատակով Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը հրավիրել է կոլեգիայի ընդլայնված նիստ:

Այս խորագրի վերջին նյութերը