Խմբագրական

28.07.2009 10:33


2090

2090

1948թ. Ջորջ Օրուելը գրեց իր հայտնի «1984»-ը։ Այժմ Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է այդ գործը։ «1984»-ում նկարագրվածին հայաստանյան իրողության նմանությունները հատկապես ցայտուն են  քարոզչության բնագավառում, ուր «փայլում» է մասամբ դասախոս, մասամբ տերտեր, մասամբ վարչապետ, մասամբ դեռևս Կենտրոնական բանկի նախագահ, մեծ մասամբ՝ ուտոպիստ, բայց  իրականում շատ պրագմատիկ (երբ գործը հասնում է անձնական և իշխանական օլիգարխիայի ֆինանսատնտեսական շահին) Տիգրան Սարգսյանը։

Մեր վարչապետը քարոզչական հնարամտության նորանոր բարձունքներ է նվաճում։ Պարզվում է, որ «Հայկական աշխարհի» ճարտարապետը տնտեսական երևույթները հանրությանը բացատրելու և ՀՆԱ-ի չընդհատվող անկումը «թեթև տանելու» ուրույն դեղատոմսեր ունի։

             Երբ դեռևս չէին հրապարակվել այս տարվա  հունվար-հունիս ամիսների տնտեսական ցուցանիշները, Տ. Սարգսյանն իր ելույթներից մեկում նշեց, որ անկումը կարող է լինել մինչև 20%։ Այդ «պատմական» ելութից մի քանի օր անց  Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներից պարզ դարձավ, որ ՀՆԱ-ի անկումը կազմել է 16,3%։ Ասել է թե՝ ավելի քիչ, քան «նոստրադամուսություն» էր արել վարչապետը։ Ու դա ներկայացվեց որպես մեծ ձեռքբերում՝ «Սպասում էինք, որ ավելի վատ կլինի, բայց ընդամենը վատ եղավ» թեմայով։

            Հիմա մնում է միայն, որ հայաստանցիներին ամեն օր ներկայացնեն, թե 16,3%-ն  ավելի փոքր է, քան  20%-ը, և այդ կերպ ցույց տան կառավարության գործունեության արդյունավետությունը։ Սա, իհարկե, պարզունակ «շուստրիություն» է, բայց ուրիշ ճար, երևի, չունեն միջազգային կենտրոնների մեծ սիրահարները։ Իսկ «շուստրիության» մեխանիկան հետևյալն է. վարչապետը տնտեսության պաշտոնական թվերին տեղեկանում է նախքան դրանց հրապարակումը, հետո մի  առիթ է գտնում ելույթ ունենալու համար և դեմքի տխուր, բայց ապագան տեսնողի խորաթափանցությամբ ու եկեղեցականի առոգանությամբ հայտարարում սպասվող տնտեսական «կատաստրոֆայի» մասին։ Ժանրի կանոնների համաձայն՝ վարչապետն ավելի վատ պետք է ներկայացնի ապագան, քան պաշտոնական վիճակագրությունը դա կանի օրեր անց։ Վատ թվերի ներկայացմանը զուգահեռ՝ Տ. Սարգսյանը «ձեռքի հետ» պետք է հայտարարի, որ իրենք ամեն ինչ կանեն՝ վիճակը շտկելու ուղղությամբ։ Դրանից հետո արդեն՝ ինչպես «տեքստում». հրապարակվում է տնտեսության էպիկրիզը։ Թվերը, ընդհանուր առմամբ, ահավոր են լինում, բայց՝ ավելի լավը, քան վարչապետն էր ներկայացրել, իսկ հետո Տիգրան Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում իր շրջապատից և, ենթադրաբար, հայ ժողովրդից՝ այն պատճառով, որ անկումը եղավ ոչ թե «X» (ինչպես որ  գուժել էին), այլ «X-Y» (ինչպես որ եղավ) չափով։ Սա շատ նման է հակաուտոպիստ Օրուելի ստեղծագործության մեջ նկարագրվածին։ Այդ նույն տրամաբանությամբ՝ կառավարությունն ու աձամբ վարչապետը կարող են հետևյալ ոճի քարոզ իրականացնել. «Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ ներմուծման ծավալները նվազել են 27,5%-ով։ Սա լուրջ ձեռքբերում է, ընկերնե՛ր։ Չէ՞ որ մեզ միշտ մեղադրում էին, թե դրամի ուժեղ փոխարժեքով նպաստում ենք ներմուծման աճին։ Իսկ այժմ խնդրեմ՝ ներմուծման ծավալները նվազում են շագրենի կաշվի պես։ Ճիշտ է, այս ընթացքում 45,9%-ով կրճատվել է նաև արտահանումը, ընկելել է վճարունակ պահանջարկը, բայց ոչինչ։ 45,9-ն ավելի մեծ է, քան  27,5-ը, և մենք չենք բավարարվի ձեռքբերածով ու կշարունակենք պայքարը ներմուծման և արտահանման թվերի փոփոխության «ֆրոնտում»։ Պետք է նաև հասկանալ, որ եթե մենք ուզում ենք, որ «Հայկական աշխարհի» ներմուծումը կրճատվի, ապա պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ արտահանումն էլ պետք է պակասի. սա «Հայկակա՛ն աշխարհի» նոր Ֆիզիկայի օրենքն է։ Բացի այդ, պետք է հաշվի նստել «Երկու երնեկ մի տեղ չի լինում» կամ «Աստված էլ «բեթարից» ազատի» հայտնի խոսքերի հետ»։

Ահա այսպիսի բաներ։ Իսկ Օրուելը հուսով էր, թե 20-րդ դարում ուտոպիզմի վերջը կգա։ Ավա՜ղ, տիգրանսարգսյանները հավերժ են այն հասարակություններում, որտեղ հացի բացակայությունը փորձում են փոխարինել խրախճանքով։ Հետևաբար, ուտոպիզմը դեռևս «խադավոյ» ապրանք է, և առայժմ «խադավոյ» է նաև Տիգրան Սարգսյանը՝ մարդը, քաղաքացին, հարկահավաքը...

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը