Մեկնաբանություն

12.11.2013 16:06


ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ն ընդդեմ ընտրակեղծիքի մեքենայի (տեսանյութ)

ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ն ընդդեմ ընտրակեղծիքի մեքենայի (տեսանյութ)

Արարատի քաղաքապետի ընտրությունների հետ կապված՝ շատ դիպուկ գնահատական է տվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

«Արարատում, մեծ հաշվով, չկար ԲՀԿ–ՀՀԿ մրցակցություն։ Կար «Բարգավաճ Հայաստան» և պետական մեքենա՛ մրցակցություն։ Եվ սա ավարտվեց 50/50 համամասնությամբ։ Այս առումով սա մի ընտրություն էր, որը մտածելու, խորհելու և որոշումներ կայացնելու տեղիք է տալիս»,– նշել է պատգամավորը «Կենտրոն» հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Արարատում ԲՀԿ–ական թեկնածուին սատարում էր Հայ ազգային կոնգրեսը։ Խորհրդարանական մյուս ոչիշխանական ուժերից ՀՅԴ–ն ու «ժառանգությունը» գործնականում սպասարկում էին ընտրակեղծիքների մեքենային՝ հանձնաժողովի իրենց տեղերը հանձնելով Արարատի մարզպետի տնօրինմանը։ Դե, իսկ մարզպետը ՀՅԴ համամասնական ցուցակն է ներկայացնում։ Այս մասով ամեն ինչ պարզ է և բոլորի աչքի առաջ։ Ավելացնելու բան չկա։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը նախորդ կիրակի միասնաբար կռիվ են տվել ընտրակեղծիքների մեքենայի դեմ։ Մեքենա, որի գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը, և որը «վարել» են Գրիգորյան եղբայրները, որոնց վրա Բաղրամյան 26–ից պլան էր դրվել ոչ միայն տոկոս «խփել», այլ այնպես «խփել», որ ֆորմալ առումով ՀՀԿ–ի առաջադրած «պոլի փեդը» 2000 ձայնի տարբերությամբ առաջ անցնի ԲՀԿ թեկնածուից։ Այդ «սուրբ» գործի համար Արարատում էր կենտրոնացվել ամբողջ պետական ապարատը։ Գործի էր դրվել ընտրակեղծիքների ողջ զինանոցը։

Ու այդ պայմաններում «պոլի փեդի» օգտին գրանցվեց ընդամենը 330 քվեով ավելի արդյունք։ Իսկ դա նշանակում է, որ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը, այսպես ասած, մերկ ձեռքերով կարողացել են հակակշռել ընտրակեղծիքի մեքենային։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ շատ ավելի մեծ ջանքեր ու լայն կոնսոլիդացիա ապահովելու դեպքում հնարավոր է ջարդել պետական մեքենան, որը զբաղվում է ընտրակեղծիքներով։

Հաշվի առնելով արձանագրված թվերը (ընտրողների ընդհանուր քանակ, մասնակիցների թիվ և թեկնածուների ստացած ձայներ)՝ կարող ենք վստահաբար պնդել, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է Արարատում հանրության դեմ «հաղթանակ» տանել բացառապես ընտրակեղծիքների միջոցով, քանզի իրական քվեարկողները տոտալ ձևով «ոչ» են ասել ՀՀԿ ղեկավարին։

Սերժ Սարգսյանը պյուրոսյան հաղթանակ տարավ Արարատում, քանզի նրա նշանակած քաղաքապետը «մեխի գլուխի» կարգավիճակ ունի, և չի կարողանալու արդյունքներ ապահովել, քանզի առանց հանրային վստահության՝ հնարավոր չէ խնդիրներ լուծել։ Սերժին դա բացարձակապես չի հետաքրքրում։ Նրան, արտաքին ու ներքին խայտառակ ձախողումների ֆոնին, պետք էր ամեն գնով Արարատում «հաղթանակ» գրանցել, որպեսզի իր իշխանության խախուտությունը փորձի թաքցնել, բայց բարձր տոկոսների սիրահարը մի կերպ պլստաց պարտությունից։

Այսինքն, պայքարի ու փոփոխության ռեսուրսը, հակառակ տարատեսակ պնդումների, առկա է։ Անհրաժեշտ է միայն զուգահեռաբար աշխատանքներ տանել ընտրակեղծիքների մեքենան ջարդելու կամ ներսից ճաքեր առաջացնելու, ինչպես նաև քաղաքական ու հասարակական լայն համախմբմանը նպաստելու համար։

Արարատի ընտրությունները ցույց տվեցին նաև, որ գրեթե զրոյական ազդեցություն ունեն Գեղամյանի ֆունկցիա կատարող «անկախ» լրատվամիջոցները («lragir.am» «1in.am» և այլն)։ Նրանց միջոցով Բաղրամյան 26–ից տարածվող էժանագին «մուտիլովկաները» չեն աշխատում, և շարքային ընտրողը շատ հանգիստ տարբերում է թացը չորից ու լավ հասկանում, որ սրանց հեռացնելու և իրավիճակը շտկելու համար ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ն առանցքային դերակատարներ են։

Ինչ մնում է ընտրակաշառքի դեմն առնելուն, ապա դա էլ լուծվող խնդիր է, եթե, իհարկե, գործընթացներն առավելագույնս քաղաքականացվեն ու բերվեն կամ, կամ հարթություն։ Այդ դեպքում լայն զանգվածները հաստատ կկողմնորոշվեն քաղաքական օրակարգի կողմը, այլ ոչ թե կնախընտրեն մեկ օրվա հացի փողը։

Արարատում տեղի ունեցածից, ըստ այդմ, պետք է գործնական հետևություններ անել և ամենօրյա քրտնաջան աշխատանքով հասունացնել ու կյանքի կոչել իշխանափոխության ծրագիրը, առանց որի դատարկ խոսակցություններ են բարեփոխումների մասին խոսակցությունները։ Սերժ և Տիգրան Սարգսյաններն ապացուցել են, որ բացառապես առաջնորդվում են անձնական շահերով, իսկ այդ շահերը խոր հակասության մեջ են Հայաստանի ու ՀՀ քաղաքացու շահերի հետ։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Բազմիցս է նշվել այն մասին, որ Սերժ Սարգսյանն առանձնահատուկ սեր ունի քեֆերի ու սննդային «կոմպոնենտ» պարունակող այլ միջոցառումների նկատմամբ։ Դա գիտեն բոլորը։ Գիտեն, որ ՀՀԿ ղեկավարը շատ է սիրում ուտել ու տրնգի պարել։

Պատահական չէ, որ երբ ընտրակեղծիքները համակարգող Արարատի մարզպետի եղբայր Արայիկը հավաքել էր թիմակիցներին ու տոկոս «խփելու» առիթով շնորհավորում էր ինքն իրեն, առաջին բանը, որ ասեց, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ առաջիկա օրերին քեֆ կազմակերպելու լուրն էր։ Փաստորեն, Սերժի առաջին մեսիջը «սեղանային» բնույթի էր։

Ցավալի է, բայց փաստ. Սերժը նախագահի աթոռին էլ հասավ, բայց աչքը չի կշտանում։ Անընդհատ ուտում է բառիս բուն և փոխաբերական իմաստներով։

Այս խորագրի վերջին նյութերը