Մեկնաբանություն

10.11.2013 19:13


Մհերն ու Վարդանը

Մհերն ու Վարդանը

Վերջին օրերին, ասես, ճակատագրի հեգնանքով, երկու տաղանդավոր հայի հետ պատահեց արտառոց, եթե չասենք՝ զարհուրելի բան:

Ողբերգական ելքով հայտնի ավտովթարի հետեւանքով հիվանդանոցում հայտնված Վարդան Պետրոսյանին, ով փառք Աստծո, ողջ է՝ հայկական լրատվամիջոցներն իրենց հրապարակած «տեղեկություններով» այնքան հոգեհան արեցին, որ նման էր դերասանին «ողջ-ողջ թաղելուն»:

Իսկ ռուսական հեռուստաընկերություններից մեկի թոք-շոուի ժամանակ, որին մասնակցում էին նաեւ հայեր՝ Մհեր Մկրտչյանի անձնական կյանքն այնքան քրքրեցին, որ այդ անբարո «ժամանցն» այլ բան չի կարող նշանակել, քան մեծ դերասանին մահվանից հետո նորից թաղելը:

Սակայն այս անցանկալի եւ տգեղ իրադարձությունների շուրջ բարձրացված աղմուկ-աղաղակի մեջ լսում ես հայտարարություններ, գնահատականներ, կարդում սրտաճմլիկ նյութեր ու գրառումներ ու զարմանքով հայտնաբերում ես, որ երկու դեմքերին էլ հայ հանրությունը (հանդիսականները), նաեւ թատրոնի մարդիկ այնքան էլ լավ չեն ճանաչում:

Խոսքը նրանց դերասանական արվեստը ճշգրիտ գնահատելու, արժեւորելու մասին է:

Բայց բոլորը դարձել են «ֆրունզագետ» ու «վարդանագետ»: Այդ աղաղակողների պատկերացմամբ Մհեր Մկրտչյանը միայն կինոկատագերգության հերոս է, իսկ Վարդան Պետրոսյանն էլ զվարճախոս կոմիկ:

Ռուսական ալիքի շոուի մասնակից հայերը, որ այժմ բողոքում են, թե իրենք այդպես չէին պատկերացնում հաղորդումը՝ «պետք է նրա ստեղծագործության մասին լիներ» եւ այլն՝ լսելով նրանց մի պահ փորձում ես պատկերացնել, թե այդ ինչ էին ասելու Մհեր Մկրտչյանի «ստեղծագործության» մասին, որ չհասցրին ասել 40 րոպեում:

Եթե մինչեւ հիմա դերասանի իրական մեծության, նրա արվեստի մասին հստակ ձեւակերպված գնահատականներ չունես, ապա 2 ժամն էլ քիչ կհամարես: Իսկ ասելիք ունեցող մարդուն մի քանի րոպեն էլ բավարար է գլխավորը ասելու, դերասանական տեսակը բնութագրելու եւ նրա ստեղծածը գնահատելու համար:

Ինչեւէ, թեկուզ առիթը ցավալի է, սակայն արժե դերասանների մասին հրապարակված լիարժեք գնահատականներ ներկայացնել, որպեսզի իսկապես կարողանանք ճանաչել նրանց:

ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանից լավ ոչ ոք չի բնութագրել նշյալ արտիստներին: Ինչպես ասում են «բռնել է երակը»:

Մհեր Մկրտչյան

«Նա այն դերասաններից էր, որոնք չեն սովորում, եթե նույնիսկ ավարտում են ուսումնական հաստատություն, միեւնույն է, դարձյալ չեն սովորում, որովհետեւ ոչ մեկից սովորելու կարիք չեն ունենում: Այդպիսի դերասաններ հայ թատրոնի պատմության մեջ եղել են, եւ հայտնի չէ, եթե նրանք սովորեին, ինչ-որ դպրոց անցնեին, կլինեի՞ն ավելի հետաքրքիր ու ավելի խորը, քան եղել են:

Մհեր Մկրտչյանը այն դերասանական տեսակին էր պատկանում, որին սովորելը նույնիսկ կարող էր խանգարել: Նա ինքն էր՝ ինքնատիպ, ամբողջական, մի հանճարեղ ֆոլկլորային ծնունդ, որը երբեք չէր մշակել իր շնորքը, իր վարպետությունը, բայց ամենաբարդ դերասանական խնդիրներն առաջադրում էր եւ լուծում շատ հեշտ, աներեւակայելի հեշտ, այնքան, որ նրան նայելիս թվում էր, թե խաղալը իսկապես շատ հեշտ բան է:

Իսկական արվեստը այդպես է լինում, երբ արվեստի ստեղծագործությանը նայում ես ու թվում է, թե դու էլ կարող ես նույնը անել: Այդպիսի պարզություն ուներ Մհեր Մկրտչյանը, եւ շատ բարդ վարպետություն էր նրա վարպետությունը:

«Հացթուխի կինը» ներկայացման մեջ նա շատերին զարմացրեց: Քանի որ մենք վաղուց չենք տեսել իսկական դերասանական կերպավորումներ, վաղուց չենք տեսել ճշմարիտ բեմական ապրում:

Մհեր Մկրտչյանը բեմ մտավ պատրաստ: Նա ինքնահաստատման չարչարանաց ճանապարհ չի անցել. Միանգամից եկել է ավարտուն, պատրաստ, ամբողջական եւ այդպիսին էլ մնացել է: Նա պիտի խաղար դասական դերեր, որ չխաղաց ոչ իր մեղքով:

Հասարակական կեղծիքի, բեմական կեղծիքի, սնոբիզմի, քաղքենիության, վերջապես այս գավառական մոդեռնիզմի միջավայրում Մհեր Մկրտչյանը անաքրոնիզմ էր, եւ նրա արվեստի միջով էլ այդ գիծն էր անցնում՝ ժողովրդական առողջ բանականությունը նա հակադրում էր շրջապատող միջավայրի կեղծիքին: Սովորական կատակերգակ չէր, դասական կատակերգակ էր:

Չափազանցումներից մենք վախենում ենք, բայց իմ կարծիքով նա իմ սերնդի դերասաններից միակն էր, որ բացարձակորեն օժտված էր, անտարակուսելիորեն տաղանդավոր:

Նա առանձին էր եւ չէր դասվում որեւէ շարքի: Ինքն էր եւ իր նման, եկավ ու գնաց»:

Վարդան Պետրոսյան

«Թեթեւ, սլացիկ, դյուրաթեք եւ ամուր մի ուրվանկար բեմում, ֆրակավոր մի սատանա, էլեգանտ, հղկված մինչեւ մատների ծայրը, ազատության եւ խաղային տարերքի մեջ իր ձեւը չկորցնող եւ համակրելի բոլոր պահերին: Ներքին մի ծանրություն կշռաքարի նման պահում է լարվածքն ու հավասարակշռությունը, եւ հանդիսականի ուշադրությունը չի շեղվում մոտ երկու ժամ: Սա զարմանալի է իսկապես: Բացառիկ կենտրոնացում ունի եւ հանգիստ է, անտագնապ, հնչյունը մաքուր, ձայնը ճկուն, շշուկից եւ ֆալցետից մինչեւ դժոխային աղաղակ, այս ամենի հետ՝ ներքին աճող եռանդ, ինքնաստեղծվող ու չսպառվող մի ուժ, որտեղի՞ց այդ նիհար մարմնի մեջ. թվում է՝ շարժիչները միանում են մեկը մյուսի ետեւից, եւ հնարավորությունների սահմանը չի երեւում:

Իր կենտրոնացումով եւ ապակենտրոն (էքսցենտրիկ) խաղով նա նման է մի հանդուգն լարախաղացի, մոտենում է դերասանի մեյերխոլդյան տիպին, որն իսկապես չի եղել մեզանում…

Նա դերասան է, որ չունի իր բեմն ու իր բեմադրիչը մեզանում, չունի իր խաղային միջավայրը (անտուրաժ), բայց մերն է իր ծնունդով ու ներքին կերտվածքով եւ, ամենակարեւորը, չի ընկալվում որպես խաղայցելու (գաստրոլյոր), որքան էլ այդպես է առայժմ:

Թատրոնում նա կարող է լինել մի Բարոն Մյունհաուզեն, Քաջ Նազար եւ, թող նա մտածի այս մասին…

Բայց առայժմ նրա դրսեւորման կերպը մի դերասանի թատրոնն է այստեղ, եւ գեղագիտական ապաստանը՝ Ռոբերտ Օսեյնի թատրոնը Փարիզում: Այո, մեզանում նրան բաժին է ընկել կատակաբանությունն ու քաղաքական երգիծանքը, բայց նա վեր է դրանից: Պարոդիստի էֆեկտը լեզվի վրա է՝ խոսքի խաղ, որ տեսել ենք Ռայկինի թատրոնում եւ հետագայում նրա հաջորդների օրինակով: Բայց նրանցից ո՞ր մեկն է եղել այսքան թատերային, պլաստիկորեն արտահայտիչ եւ դինամիկ, ո՞ր մեկն է ունեցել այս զվարթությունն ու թափը…»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը