Խմբագրական

21.07.2009 18:26


Մոսկովյան արձագանքներ

Մոսկովյան արձագանքներ

Մոսկվայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումն արդեն պատմության գիրկն անցավ։ «Զոհեր» և «վիրավորներ» չեղան։ Հանդիպման մասնակից նախագահները գլուխները պրծացրին  «թեթև վախով»։

             «Բեկում» չեղավ և չէր էլ կարող լինել, որովհետև այդ «բեկումը», շրջանառվող տեղեկատվական արտահոսքերն ու  «գաղտնազերծումները» հաշվի առնելով, լավագույն դեպքում նշանակում էր ՀՀ դիվանագիտության պարտություն, իսկ վատագույն դեպքում՝ նոր պատերազմի սկիզբ։  

            Ուզենք թե չուզենք, պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ Հայաստանն ու Ադրբեջանը, սկսած 1994թ.-ից, «սառը» պատերազմի մեջ են։ Այդ «սառը» պատերազմն ընթանում է տնտեսական, դիվանագիտական և տեղեկատվական հարթություններում։  

Այդ ամենը հաշվի առնելով՝ շատ է կարևորվում պատերազմող երկրների ներսում տիրող քաղաքական ուժերի դիրքորոշումները։ Հաշվի առնելով դա՝ հետաքարքիր կլինի հետադարձ հայացքով դիտարկել, թե մոսկովյան հանդիպումից առաջ ինչպիսի վիճակ էր տիրում մեզանում։ Խոսքս նախ և առաջ ՀՀ քաղաքական ուժերի պահվածքին և իշխանական քարոզչությանն է վերաբերելու։

Նախ  քարոզչության մասին. ինչպես և մայնդորֆյան հանդիպումից առաջ, Մոսկվայում կայացած նախագահների հանդիպմանը նախորդել էին իշխանական քարոզչամեքենայի պարտվողական շեշտադրումները։ Տպավորությունն այնպիսին էր, թե Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն «բազե» կտրած Ալիևի, ձգտում էին մտնել «խաղաղության աղավնու» իմիջի մեջ։ Մադրիդյան կոչված սկզբունքները, իշխանության թեթև ձեռքով, աստվածաշնչյան պատվիրանների մակարդակի էին հասցվել, և մերձիշխանական շրջանակները սազն առած՝ գովերգում էին այն՝ շատ դեպքերում գերակատարելով վերևից իջեցված պլանի «դոզան»։

Այս ամենը, իհարկե, բացասական տպավորություն թողեց, բայց կար նաև դրականը։ Մոսկովյան հանդիպման շուրջ ստեղծված մթնոլորտի դրական կողմն այն էր, որ ներքաղաքական դաշտում հստակեցումներ եղան։ Բոլորն էլ հնարավորություն ստացան ցույց տալու իրենց իրական դեմքը։

ՀՀԿ-ի մասով ամեն ինչ պարզ է։ Այնտեղ հավանություն կտան այն ամենին, ինչ որ կասի նախագահ Սարգսյանը։

ԲՀԿ-ն փորձեց նվազագույն ակտիվությամբ հանդես գալ։

ՀՅԴ-ն արեց այն, ինչը որ ենթադրվում էր, իսկ «Ժառանգությունը»՝ ինչը որ սպասելի էր։

Ինչ մնում է ՀԱԿ-ին, ապա այնտեղ «բեզռազմեռնի» տեսակետներ կան, որոնք տատանվում են Սուրեն Սուրենյանցից մինչև Ժիրայր Սեֆիլյան տիրույթում։ Անշուշտ, Լևոն Տեր-Պետրոսյանին ավելի հոգեհարազատ են Արցախի խնդրի շուրջ արտահայտած սուրենյանցական մոտեցումները։ Այսինքն՝ Աղդամը նաև Տեր-Պետրոսյանի՛ հայրենիքը չէ։

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա այս ուժը ցույց տվեց, որ եթե Սերժ Սարգսյանը մտադիր է շարունակել արտաքին քաղաքական «նախաձեռնողականությունը» և «ֆուտբոլային» դիվանագիտությունը, ապա պետք է ապավինի միայն իրեն։ «Մոսկովյան» օրերին Արթուր Բաղդասարյանն այնպիսի ջանասիրությամբ էր թուրք-ադրբեջանական գծի քարոզն իրականացնում, որ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

Մինչ այժմ ընդունված էր համարել, որ Հայաստանում, զուտ պայմանականորեն, գործում են հայամետ, արևմտամետ և ռուսամետ ուժեր։ ՕԵԿ-ի և անձամբ Արթուր Բաղդասարյանի քաղաքական դիրքորոշումը ցույց տվեց, որ մեզանում գործում է նաև թուրքամետ կամ ադրբեջանամետ ուժ։ Այս երևույթն այնքան մտահոգիչ չէր լինի, եթե չլիներ մեկ հանգամանք. Ա. Բաղդասարյանը երկրի ԱԽՔ-ն է, իսկ ՕԵԿ-ը՝ իշխող կոալիցիայի անդամը։

Ու հիմա, եթե Արթուր Բաղդասարյանը և ՕԵԿ-ը շարունակեն մնալ նախագահ Սարգսյանի կողքին, ապա դա պետք է ընկալել որպես վերջինիս կողմից «Երևան-Բաքու տրանզիտ»  արտաքին քաղաքական գիծը շարունակելու պատրաստակամություն։ Իսկ եթե Ա. Բաղդասարյանը վերադառնա այնտեղ, որտեղից եկել էր (նկատի չունեմ Շենգավիթի թաղապետարանը, ՀՀՇ-ն և Տեր-Պետրոսյանին քծնելու ժամանակները), ապա կարելի է ենթադրել, որ Սարգսյանը գիտակցել է ինքնամոռաց քիրվայության վտանգը իր իշխանության պահպանման տեսանկյունից և կատարել համապատասխան եզրակացություններ։

Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի հետագա զարգացումներ կլինեն, իսկ առայժմ Արցախը զերծ մնաց Հայաստանի ներսում և դրսում առկա թուրք-ադրբեջանական ուժերի ոտնձգություններից։

Անդրանիկ Թևանյան  

Այս խորագրի վերջին նյութերը