Մեկնաբանություն

27.09.2013 18:31


«Քցողներին» ծառայողները խոսում են միայն «քցելուց»

«Քցողներին» ծառայողները խոսում են միայն «քցելուց»

Այսօր Հայաստանում գործում է մի լրատվամիջոց, որն աշխատում է իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո եւ սիրում է կատարել Բաղրամյան 26-ից (և ոչ միայն այդտեղից) եկող տարատեսակ հանձնարարականները: Այս լրատվամիջոցն ամենաշատն օգտագործում է «քցել» բառը և դա, ըստ Ֆրեյդի, պատահական չէ։

Դե եթե իրենց շեֆը «քցում» է բոլորին եւ անդադար, ապա նրանք կարծում են, որ քցում են բոլորը: Իսկապես, եթե կարելի է քցել եվրոպացի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին, միջազգային հիմնադրամներին, իր նշանակած քաղաքապետերին, ընկերոջ` տղային, փեսայի ընկերներին, կուսակից պատգամավորներին, իրենց համար աշխատած լրատվամիջոցներին, նախարարներին, անգամ գլխավոր դատախազին, ապա խեղճ լրատվամիջոցին կարող է թվալ, որ այդպես վարվում են բոլորը: Բայց նրանք պետք է ուժ գտնեն, իրենց թափ տան եւ կարողանան տեսնել իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանը ակտիվ քաղաքականության մեջ գտնվելով 5-6 տարի, որեւէ մեկին չի «քցել» եւ նման մտադրություն էլ չի ունեցել: Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, ապա նրանք լուրջ մարդիկ են, որոնց ոչ միայն անհնար է «քցել», այլեւ անբարոյականություն է այդ մասին մտածելն անգամ: Վերջին հաշվով ազատամարտիկները եվրոպացի կոմիսարներ չեն, որոնց «քցում» են:

Այնպես որ, իշխանությունների համար օրը 25 ժամ (լրացուցիչ մեկ ժամը «ավելացված արժեքի հարկն է) աշխատող լրատվամիջոցը եւ նրանց պատվիրատուները կարող են հանգիստ լինել` Ծառուկյանն ազատամարտիկների չի «քցելու», եւ որ ամենակարեւորն է՝ ազատամարտիկներն էլ Վոլոդիա Ավետիսյանի ձերբակալությունից հետո չեն վախեցել եւ երկրի փրկության գործից չեն հրաժարվելու:

Եւ ընդհանրապես, նույն լրատվամիջոցը եւ նրանց տերերը պետք է հասկանան, որ «քցելով» հեռու չես գնա, եւ որ ոչ բոլոր մարդիկ են մտածում «քցելու» մասին եւ երջանկանում այս կամ այն մարդուն, ֆիրմային, գործարարին, կուսակցությանը «քցելուց» հետո:

Ցավալի է, բայց փաստ, որ այսօրվա իշխանությունները շարժվում են «Քցիր, որ լինես երջանիկ եւ բարեկեցիկ» կարգախոսով: Ամենայն հավանականությամբ, այդ մասին չգիտեին եվրոպացիները, անգամ Փայլակ Հայրապետյանը, որին սնանկացրին եւ հիմա սնանկացնողները մոտ են կատարյալ երջանկությանը:

Ի տարբերություն Փայլակ Հայրապետյանի, Մոսկվայում քաջատեղյակ էին ՀՀ իշխանությունների հակումների մասին, եւ թույլ չտվեցին իրենց «քցել»։ Արդյունքում հիմա «քցողները» կամ «քցելու» փորձ անողները պատժվում եւ ստորացվում են: Եւ ուշ թե շուտ բոլորը պատասխան են տալու յուրաքանչյուր «քցումի» համար: Այլ կերպ չի էլ կարող լինել:

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը