Մեկնաբանություն

19.09.2013 12:48


Բելառուսական պարտիզանների հանգույն

Բելառուսական պարտիզանների հանգույն

Ինչպես հայտնի է, օրերս նախագահական նստավայրում փակ հանդիպում էր տեղի ունեցել Սերժ Սարգսյանի ու «պատասխանատու» լրագրողների և մի «ատամնատեխնիկ» փորձագետի մասնակցությամբ։

Բաղրամյան 26–ից հրավիրյալներին (մոտ 20 հոգու) հրահանգել են լեզուները ատամների հետևում պահել և բացբերանություն չանել։ «Պատասխանատուներն» էլ, բելառուսական պարտիզանների հանգույն, ոչ մի գաղտնիք չեն հրապարակում և ոչ մի բան չեն պատմում «դարակազմիկ» այդ հանդիպումից։

Ճիշտ է, ոմանք պատերի տակ փսփսում են և որոշ մանրամասներ ներկայացնում ու «թունդ ընդդիմադիր» բառապաշարով գնահատում Սարգսյանի խոսքերը՝ չմոռանալով ավելացնել, որ նա անմեղսունակ է, բայց դա, ինչպես ասում են, հաշիվ չէ։

Եթե հանդիպմանը մասնակցածների մեծ մասը զարմացած է Սերժ Սարգսյանի խոսքերից ու տեղ–տեղ էլ զայրացած, ապա թող հրապարակավ խոսի այդ մասին։ Այլապես ստացվում է, որ իրենք ոչ թե լրագրող են, այլ ինստրուկտաժավորման ենթակա արտահաստիքային չինովնիկներ, ովքեր հանրությանը փորձում են խաբել, թե, իբր, լրատվություն են մատուցում և անաչառ վերլուծություններ ներկայացնում։

Դատելով այն կազմից, որը մասնակցել է Սերժ Սարգսյանի մենախոսությանը, Բաղրամյան 26 հրավիրված են եղել ոչ բոլոր «անկախները», այսինքն՝ գեբելսյան քարոզչամեքենայում ոմանք հավասար են, իսկ մյուսները՝ ավելի՛ հավասար։

Թեև այդ մոտոցումն էլ հասկանալի է։ Առավել հաճախորդացածներին հրավիրեին, որ ի՞նչ անեին։ Նրանց անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում են կոորդինացնում («Lragir.am», «1in.am» և այլն)։ Ասել է թե՝ հրավիրյալները եղել են ոչ առաջին շարքերից։ Ահա այսպիսի սորտավորում է դնում նախագահական նստավայրը գեբելսյան քարոզչամեքենայի ներկայացուցիչների միջև։ Ընդ որում, հրավիրյալները ծպտուն չեն հանում հանդիպման թեմայով, իսկ ահա չհրավիրյալներն ունեն որոշ մանրամասներ ներկայացնելու արտոնություն։ Իրոք որ, ոմանք ավելի՛ հավասար են։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Սարգսյանի նախորդ ինքնաասուլիսը տեսագրվեց և մեկ օր անց մոնտաժված ներկայացվեց հանրությանը։ Այս անգամ դա չարվեց։ Նույնիսկ ֆոտո չկա և այդ իսկ պատճառով հոդվածին կցել ենք անցած անգամվա «պատմական» պահը ֆիքսած նկարը։

Այս խորագրի վերջին նյութերը