Մեկնաբանություն

18.09.2013 10:35


ՀՅԴ–ն գնաց ՕԵԿ–ի ուղղությամբ

ՀՅԴ–ն գնաց ՕԵԿ–ի ուղղությամբ

Դաշնակցական վերնախավն անհույս գործով է զբաղված։ Փորձում են Վահան Հովհաննիսյանի հաճախորդացմանը տալ գաղափարական ու պետականաշեն տեսք։ Սակայն դա հնարավոր չէ։ Դա նույնն է, որ Սերժ Սարգսյանին կազինոյում թոշակառուների փողերով 50 հազ. դոլար կոն դնելու մեջ մեղադրող Վիկտոր Դալլաքյանը հայտարարի, թե հանուն պետական շահի է դարձել նույն Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Պետական շահը «բեզռազմեռնի» չէ, որ ինչքան ուզես ձգես և քստմնելի գործարքներդ մեջը տեղավորես։

Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի քաղաքական դաշտի կեղտոտ բարքերի մասին գրող Վահան Հովհաննիսյանի քայլը, մեծ հաշվով, չի տարբերվում Արթուր Բաղդասարյանի 2008թ. պահվածքից։ Վերջինս դավաճանեց իր ընտրազանգվածին և միացավ փոքր ու միջին բիզնեսի համար դժոխային պայմաններ ստեղծած Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգին։

Վահան Հովհաննիսյանն էլ, Արթուրի պես և դաշնակցական վերնախավի ծափահարությունների ներքո, «քցում» է ՀՅԴ ընտրազանգվածին, քանզի միանում է տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ռահվիրաներին։

Քաղաքական կոռուպցիայի մեջ թաթախված ՀՅԴ չինովնիկները, հավանաբար, չեն զգում, որ գնում են ՕԵԿ–ացման ճանապարհով։ Կամ էլ զգում են, բայց «զրոներն» ու աթոռն ավելի են գերադասում։

Դաշնակցական Արմեն Ռուստամյանը հայտարարում է, թե սեպտեմբերի 3–ից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխվել է և այդ իսկ պատճառով են իրենք դրական վերաբերվել Վահանի դեսպան դառնալուն։ Այս փաստարկը միգուցե աշխատեր, եթե չլիներ մի «փոքրիկ» դետալ։

Բանն այն է, որ Վահան Հովհաննիսյանն իր համաձայնությունն էր տվել, իսկ ՀՅԴ–ն էլ «այո» էր ասել «ֆուտբոլային» դիվանագիտության դաշնակցական դեսպան ունենալու գաղափարին մինչև սեպտեմբերի 3–ը։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ ըստ Ռուստամյանի՝ մենք այլ արտաքին վեկտոր ունեինք։

Վահան Հովհաննիսյանը համաձայնել էր դեսպան դառանալ այն փուլում, երբ Հայաստանը պատրաստվում էր ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել և համաձայնել է սեպտեմբերի 3–ից հետո, երբ Հայաստանը միացավ Մաքսային միությանը։ Ասել է թե՝ դեսպան դառնալու գաղափարական հիմնավորումները չեն դիմանում որևէ քննադատության։ Իսկ դա մեզ թույլ է տալիս պնդել, որ Վահանը հայ–թուրքական արձանագրությունների տակ ստորագրած իշխանության նշանակովի դեսպանը կդառնար անկախ այն բանից, թե ինչ կողմնորոշում կընտրեր Հայաստանը, եթե իհարկե «կողմնորոշում» ձևակերպումը կիրառելի է աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակ ունեցող Սերժ Սարգսյանի պարագայում։

Դաշնակցությունից նաև տեսակետ է հնչում, թե իրենք չեն փոխվել, այլ իշխանությունն է փոխվել (այսինքն՝ լավացել ու բարեշրջվե՞լ է)։ Ուզում են ասել, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը եկել են ՀՅԴ տեսակետին։ Նման բան իրականում չկա։ Հայ–թուրքական արձանագրությունները ՀՀ ԱԺ–ում են և Նալբանդյանի ստորագրությունը դրանց վրայից պաշտոնական Երևանը հետ չի կանչել։ Մնացածը դեմագոգիա է և ՀՅԴ–ի ՕԵԿ–ացումն արադարացնելու հուսահատ փորձ։

Իսկ այն, որ հայտարարվում է, թե իբր Սարգսյանը Դեր Զորում և Վուդրո Վիլսոնի գերեզմանի մոտ պահանջատիրությամբ է զբաղվել և այդ իսկ պատճառով է Վահանը համաձայնել դեսպան դառնալ, լրիվ այլ բան է բացահայտում։ Փաստորեն, 2009–ից սկսած ՀՅԴ վերնախավը ծպտյալ սերժամետ է դարձած եղել, բայց այդ մասին բարձրաձայն չի հայտարարել՝ կոմերցիոն գաղտնիքը չբացահայտելու նպատակով։

Ստացվում է, որ Հրանտ Մարգարյանն ու մյուսները ճիգեր էին գործադրում, որպեսզի օժանդակեն «Ծովից ծով Հայաստան» պահանջող, բայց լճից լիճ քաղաքականություն վարող Սերժ Սարգսյանին։ Սա արդեն ինքնախոստովանական ցուցմունք է։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց քաղաքականապես մարգինալացնել ՀՅԴ–ին և դնել այնպիսի կուսակցությունների կողքին, ինչպիսին են ՕԵԿ–ը, «Ազգային միաբանությունը», Շավարշ Քոչարյանին, Արշակ Սադոյանին, Խոսրով Հարությունյանին պատկանող կուսակցությունները։ Բաղրամյան 26–ը, ըստ ամենայնի, կիրառել է Արմենակ Մնջոյանին ազատ արձակելու ակնարկ–սպառնալիքը և Հրանտ&Co-ն միանգամից ձեռքերը վեր են բարձրացրել։ Մանավանդ որ ձեռքերը վեր բարձրացնելն ու Սերժին ծառայելը լուծել է ոմանց ֆինանսատնտեսական խնդիրները։

Հին ընկերներն, իրոք, չեն դավաճանում։ Հարցն այն է, թե ով է ում ընկեր համարել և ով ում է հավատարմության երդում տվել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը