Մեկնաբանություն

06.09.2013 15:50


Սերժ Սարգսյանը ձախողվել է, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

Սերժ Սարգսյանը ձախողվել է, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

Նախքան Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության ու դրա հետևանքներին անդրադառնալը, եկեք վերհիշենք, թե ինչ ենք ունեցել մինչև 2008թ.։

Լևոն Տեր–Պետրոսյանի հավասարակշռվածությունը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը 1991–ից սկսած որդեգրել էր արտաքին հավասարակշռված քաղաքականության մոդելը, որի շրջանակներում գործընկերային հարաբերություններ էին հաստատվել միջազգային ասպարեզում գորոծող բոլոր խոշոր խաղացողների՝ ԱՄՆ–ի, ՌԴ–ի և եվրոպական լիդերների հետ։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Տեր–Պետրոսյանին հաջողվեց զերծ պահել հայերին սերբերի ճակատագրից, իսկ Երևանը՝ Բելգրադի պես ռմբակոծվելուց։

Ճիշտ է, ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը պատերազմի տարիներին մեր զորքերի առաջխաղացումը դատապարտող երեք բանաձև է ընդունել (Քելբաջարի և Աղդամի ազատագրման հետ կապված), բայց մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունը հնարավորություն տվեց խուսափել պարտադրանքներից։

Հետպատերազմական շրջանում Հայաստանը կնքեց ռազմաքաղաքական դաշինք Ռուսաստանի հետ, ինչն ամրապնդեց ՀՀ անվտանգության համակարգը։ Դա չխանգարեց Արևմուտքի հետ ևս սերտացնել հարաբերությունները։

Դե իսկ Վրաստանի և Իրանի հետ հաստատվեցին բարիդրացիական հարաբերություններ։ Հատկապես շրջափակման պայմաններում շատ կարևոր էր պարսկական ուղղությամբ առևտրաշրջանառության ապահովումը, ինչը կյանքի ճանապարհ էր։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա հայաբնակ Ջավախքի հետ կապված հարցերում Թբիլիսին հաշվի էր նստում Երևանի հետ։ Տեր–Պետրոսյանին հաջողվել էր հասնել այն բանին, որ Ջավախքի հետ կապված քաղաքական որոշումները պաշտոնական Թբիլիսին կայացնում էր մեզ հետ համաձայնեցված։ Վրաստանի հետ առկա այդ մեխանիզմը պահպանվեց նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության փուլում։

Եվ ամենակարևորի մասին. Ղարաբաղի խնդրի կարգավորման տերպետրոսյանական վիճելի մոտեցումներն արձանագրելով հանդերձ՝ չենք կարող չնշել, որ Ղարաբաղյան պատերազմում մենք հաղթանակ ենք տարել Տեր–Պետրոսյանի նախագահության շրջանում։ Սա փաստ է, որի խեղաթյուրումը պարզապես անբարոյականություն է։

Այո՛, հաղթանակի կայացման գործում հսկայական է նաև Ղարաբաղի քաղաքական և ռազմական ղեկավարության դերը, սակայն ուրանալ անուրանալին չի կարելի։ Մեղմ ասած՝ չի կարելի։

Ռոբերտ Քոչարյանի կոմպլեմենտարիզմը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք հայտարարվեց կոմպլեմենտար (փոխլարցնող) արտաքին քաղաքականության մասին։ Այդ քաղաքականության էությունը հետևյալն էր. շարունակել հավասարակշռված հարաբերությունները Արևմուտքի և Ռուսաստանի հետ և այնպես անել, որպեսզի հզորների շահերը Հայաստանում ոչ թե բախվեն, այլ ներդաշնակվեն։ Այլ կերպ ասած՝ կոմպլեմենտարիզմի նպատակը Հայաստանը հզորների մրցակցության «պոլիգոն» չդարձնելն էր, որպեսզի մենք չհայտնվեինք ճակատագրական ընտրություն կատարելու ծանր դրության մեջ։

Ի դեպ, Սերժ Սարգսյանին գեղամյանավարի ծառայող «անկախ» մամուլի կողմից ռուսամետ հռչակված Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանը, Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նորմալ հարաբերությունները պահպանելով և զարգացնելով հանդերձ, սերտացրեց իր հարաբերությունները ՆԱՏՕ–ի հետ և հյուսիս–ատլանտյան դաշինքի հետ ներգրավվեց համատեղ ծրագրերում։

«Ռուսամետ» Քոչարյանի օրոք էր, որ Հայաստանն անդամակցեց Եվրախորհրդին և խորացրեց իր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ։

Երկրորդ նախագահին հաջողվեց արևմտյան ծագման ուղղակի ներդրումներ բերել Հայաստան։ Հարյուրավոր միլիոնների գումարներ մտան մեր տնտեսության մեջ։ Մինչդեռ արևմտամետ հռչակված Սարգսյանի օրոք արևմտյան ծագման ֆինանսաները ցամաքել են։

Կոմպլենետարիզմը հնարավորություն էր տալիս խուսափել խոշորների միջև կոշտ մրցակցության առարկա դառնալուց։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը երբեք չէր հայտնվում «կամ–կամ»–ի առաջ և ընկալվում էր որպես կայուն և վստահելի գործընկեր բոլորի համար։

Ռուսաստանը, օրինակ, միշտ էլ ուզեցել է գիմնազիաներ և ռուսալեզու դպրոցներ բացել Հայաստանում, սակայն «ռուսամետ» Քոչարյանի վարչակազմը մերժել է այդ մոտեցումը, բայց ռուսներն ըմբռնումով են մոտեցել մեր այդ որոշմանը և հարցը փակվել է։ Իսկ հիմա «արևմտամետ» և հակառուսական հիստերիայի հովանավոր Սարգսյանի օրոք ռուսները գիմնազիաներ կբացեն մեզ մոտ և օտարալեզու հանրակրթական դպրոցներ կստեղծեն։ Սա մի դրվագ է, որը, սակայն, բացահայտում է սերժսարգսյանական քաղաքականության ամբողջ սնանկությունն ու անմեղսունակությունը։

Կոմպլեմենտարիզմի ամենագլխավոր ձեռքբերումն այն է, որ հնարավոր եղավ պահել Ղարաբաղի շուրջ ձևավորված ստատուս–քվոն։ Ճիշտ է, ստատուս–քվոյի ժամանակահատվածը չօգտագործվեց երկրում ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու և մեր պետության հիմքերն ավելի ամրացնելու համար, սակայն տվյալ ժամանակահատվածում ավելի շատ շեշտը դրվում էր ՀՀ–ի անվտանգության բաղադրիչի ու տնտեսության ծավալների մեծացման վրա, ինչը, բոլոր թերություններով հանդերձ, Քոչարյանին հաջողվեց իրականացնել։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Քոչարյանի ապահոված արդյունքները նույնպես տպավորիչ էին, ինչը թուրքերին ստիպեց երկխոսության մեջ մտնել պաշտոնական Երևանի հետ։ Այսինքն՝ Անկարա՛ն ստիպված դարձավ նախաձեռնող, որպեսզի խուսափի, ինչպես թուրքերն էին բնորոշում, «հայկական ցունամիից» (նրանք դեռ չգիտեին, թե ինչպիսի «յոլդաշ–քարդաշ» են գտնելու ի դեմս Սարգսյանի)։

Քոչարյանի հաջորդին մնում էր պահպանել այն դրականը, որը կար և շտկել թերություններն ու արևմտյան ստանդարտներով արդիականացնել պետական կառավարման համակարգը, սակայն Սերժ Սարգսյանը որոշեց գնալ այլ ուղղությամբ։

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը»

2008թ. հայտնվելով նախագահական նստավայրում՝ Սերժ Սարգսյանը որոշեց դառնալ նախաձեռնող ու սկսեց «ֆուտբոլ» խաղալ։

«Ես Ռոբերտ Քոչարյանը չեմ և ավելի առաջադեմ եմ, քան Լևոն Տեր–Պետրոսյանը» կարգախոսով առաջնորդվող Սարգսյանին թվում էր, թե եթե ինքը դրսի ուժերին «այո» ասի, ապա կընկալվի ավելի լավը և միջազգային դայակները կպահեն իրեն աթոռին։ Միխայիլ Գորբաչովի դափնիները հանգիստ չէին տալիս փողին երկրպագող և կեղծ բարեպաշտությամբ աչքի ընկնող Սարգսյանին։

Հանուն իշխանության պահպանման ու երկարաձգման նա աճուրդի հանեց Հայաստանն ու Ղարաբաղը և սկսեց մեր ինքնիշխանությունը մաս–մաս առաջարկել ում պատահի։ Ու քանի որ ռուսներն այս տարածաշրջանում ամենազդեցիկն են, ուստի՝ իրենց են բաժին հասնում մեր ինքնիշխանության մասերը։ Դե եթե դու վաճառում ես պետությունդ, ապա գնորդներ միշտ էլ կգտնվեն, ընդ որում՝ գին թելադրող գնորդներ։

Սարգսյանի առաջին խոշոր տապալումն արտաքին քաղաքական դաշտում այն էր, որ Մայնդորֆում Ղարաբաղի հետ կապված փաստաթուղթ ստորագրվեց, որտեղ բացակայում էր պաշտոնական Ստեփանակերտի ներկայությունը։ Այդպիսով զգացվեց, որ գործ ունենք «հայկազ–բեզատկազի» և խոշոր դիլետանտի հետ։

Սարգսյանի հաջորդ «նախաձեռնողականությունը» Թուրքիայի ու Ադրբեջանի ուղղությամբ էր։ Հայ–թուրքական սահմանի բացման ու Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորման ջատագովը այնպես ինքնամոռաց էր տրվել խաղին, որ վերջում գլուխը մի կերպ պրծացրեց ռազմաբազաների հետ կապված ռուսների հետ 49 տարվա պայմանագիր կնքելով, մինչդեռ տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում հայտարարվում էր, թե Սերժը «չերեզ» Թուրքիա միանալու է Արևմուտքին ու ձեռքի հետ էլ դուրս է շպրտելու ռուսական «սապոգը» Հայոց սրբազան հողից։ Թե որտեղից էին այդպիսի ախմախ եզրահանգման եկել, որ Արևմուտքին անպայման պետք է Թուրքիայի միջոցով ինտեգրվել և որ դա հնարավոր է միայն ՌԴ–ի հետ թշնամանալու տարբերակով, իրենք կիմանան։

Հայ–թուրքական «մեղրամիսն» ի վերջո անփառունակ վախճան ունեցավ, իսկ հայտարարված նպատակներից և ոչ մեկը չիրականացավ։ Ավելին՝ հայ–թուրքական սահմանի վրա է՛լ ավելի մեծ կողպեք դրվեց, Ղարաբաղի հարցում Հայաստանը թուլացրեց իր դիքերը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գործնականում դադարեցվեց։ Հայաստանը ոչինչ չշահեց, իսկ Թուրքիան օգտվեց գործընթացից ու ակտիվորեն մխրճվեց Ղարաբաղի հարցի կարգավորման մեջ՝ օգտվելով Սարգսյանի կոպիտ սխալից։

Սարգսյանական «նախաձեռնողականության» և «թունդ արևմտամետության» հերթական ֆիասկոն արձանագրվեց օրերս, երբ տարիներ շարունակ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր բանակցած այս իշխանությունը մեկ գիշերվա մեջ դարձավ «Պուտինի վկա»՝ որոշելով մաս կազմել ՌԴ–ի առաջարկած Մաքսային միությանը։ Բայց սրանով մենք Սարգսյանի նախաձեռնությամբ ռուսների հետ փչացրած մեր հարաբերությունները ոչ թե վերականգնել ենք, այլ վերածվել ստորացված պետության, որի ղեկավարին այնքան չեն վստահում, որ որոշել են կոպիտ ձևով պատժել։ Այսինքն՝ ռուսների հետ գործընկերությունը կորցրել ենք, բայց նույնքան էլ հեռացել ենք Արևմուտքից։ Ահա՛ «նախաձեռնողականության» հաշվեկշիռը։

Սարգսյանին հաջողվեց Հայաստանը դարձնել կռվախնձոր կամ ավելի ճիշտ՝ ֆուտբոլի գնդակ հզորների ձեռքում, և Հայաստանը մտցնել հակադրությունների դաշտ, ինչն աններելի սխալ է։

Հարկ է արձանագրել, որ Հայաստանը երբևէ այսպիսի նվաստացած վիճակում չի հայտնվել։ Արևմուտքն ու ՌԴ–ն երբեք այսպիսի անվստահություն չեն ունեցել ՀՀ–ի նկատմամբ։

Այս ամենի պատճառը, սակայն, պետք չէ փնտրել Կրեմլում, Վաշինգտոնում կամ Բրյուսելում։ Սա Սարգսյանի վարած խայտառակ քաղաքականության հետևանքն է։ Բոլորին իրարամերժ «այո»–ներ շռայլելու և քաղաքականությունը «ղումարբազության» հետ շփոթելու հետևանքը հենց սա պիտի լիներ։

Եվ հանուն ինչի՞ պետք է մեկ մարդու անձնական շահի և քաղաքական անմեղսունակության պատճառով տուժի մի ողջ ժողովուրդ, տուժի Հայաստանը, տուժի Ղարաբաղը։

Սերժ Սարգսյանի հեռացումը, հետևաբար, ազգային անվտանգության հարց է։ Որքան շուտ, այնքան լավ։

Սարգսյանը ձախողվել է, Սարգսյանը պետք է հեռանա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը