Մեկնաբանություն

05.09.2013 15:36


«Իմպերիալիզմի» գործակալները

«Իմպերիալիզմի» գործակալները

Բաղրամյան 26–ի հաստիքային և արտահաստիքային հաճախորդները, լրատվական դաշտի վճարովի և անվճար «դհոլները», մեղսունակ և անմեղսունակ փորձագետները, քաղաքական ավանտյուրիստները և էժանագին «վերլուծաբանները» Սերժ Սարգսյանին ծառայելու և քծնելու «նանոտեխնոլոգիա» էին հայտնաբերել։ Սրանք ՀՀԿ ղեկավարի իմաստուն քայլերը գովերգում էին «չերեզ» ԵՄ ասոցացման համաձայնագիր։ Դրանով ուզում էին ասել, որ իրենք ոչ թե տոկոս «խփող» նախագահին են ծառայում, այլ գաղափարին՝ արևմտամետ գաղափարին։

«Սերժ Սարգսյանը կեղծիքներով է ընտրվել, նրա կառավարման շրջանում ավելի քան 300 հազ. մարդ է արտագաղթել, տնտեսությունը անկում է ապրել, աղքատությունն ավելացել է, բայց «զատո» Բաղրամյան 26–ը վերցրել է արևմտամետ կուրս և մեզ տանելու է դեպի քաղաքակիրթ Եվրոպա։ Իսկ բոլոր խնդիրների պատճառը չար Ռուսաստանն է և ռուս իմպերիալիստների գործակալները՝ օլիգարխները, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, Ռոբերտ Քոչարյանն ու բոլոր նրանք, ովքեր չեն ուզում ասոցացվել ԵՄ–ի հետ։ Ա՛յ, կքշի Սարգսյանն Արևմուտքի օգնությամբ ռուսներին և կվերաբաշխի բոլորի սեփականությունը, կյանքը կդառնա մեղր»,– իրենց «դհոլությանը» գաղափարական և «առաջադիմական» տեսք էին փորձում տալ վերը նշված կատեգորիայի մարդիկ։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի «արևմտամետության» հերթական «պրիստուպն» ավարտվեց ՌԴ–ի առաջարկած Մաքսային միությանն անդամագրվելու մասին հայտարարությամբ։

Արդյունքում հերթական անգամ «փչացան» բոլոր այն «արևմտամետները», ովքեր սազն առած Սերժ Սարգսյան էին գովում, հակառուսական հիստերիա բարձրացնում, ողջունում ՀՀ անվտանգության համակարգի փլուզմանն ուղղված քայլերը և Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու մոլուցքով տառապում (բնականաբար՝ համապատասխան «զրոների» դիմաց»)։

«Փչացան» թուրք–ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող և համատեղությամբ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի քարոզչագործիք հանդիսացող «անկախները»՝ «Lragir.am» և «1in.am» կայքերն ու դրանց քույր լրատվամիջոցները։ Ի դեպ, վերջինս պաշտոնապես ֆինասավորվում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին (Կալուգայի Սամվել) ու նրա եղբայր Կարեն Կարապետյանին (ՀՀԿ խորհրդի անդամ) պատկանող «Տաշիր Գրուպի» կողմից։ Այսինքն՝ տխրահռչակ Արման Բաբաջանյանի ստացած փողը ռուսական ծագում ունի, բայց դա չի խանգարել «1in.am» կայքին հակառուսական հիստերիայի ինֆորմացիոն հովանավորներից մեկը դառնալ և, առավել ևս, չի խանգարելու նույն այդ կայքին այլևս «ռուսամետ» Սերժ Սարգսյանի համար փաստաբանություն անել։

Ինչ մնում է «Lragir.am»–ին, ապա 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող այդ լրատվամիջոցի ղեկավար Հայկազն Ղահրիյանն ու ռուսախոս–«արևմտամետ» Իգոր Մուրադյանը կարող են իրենց անձնագրերն ուտել ռուսական դեսպանատան դիմաց կամ էլ հարևան երկրներից որևէ մեկում (խոսքս Վրաստանի ու Իրանի մասին չէ, բնականաբար) քաղաքական ապաստան խնդրել։

«Փչացումից» չխուսափեցին նաև բոլոր այն ուժերն ու անհատները, ովքեր ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի տեքստը չտեսած՝ գովերգում էին այն՝ իրենց պարտքը համարելով նաև հիմնավորել, թե ինչ վատն են ռուսները, և ինչ «պռադվինուտի» է Սերժ Սարգսյանը, ով վերջապես մեզ ազատելու է ռուս իմպերիալիստների ձեռքերից։

Դավիթշահնազարյաններին, արամսարգսյաններին ու մյուսներին հիմա մնում է մտածել, թե ինչպես են սահուն անցում կատարելու «Օրհնվի էն սհաթին», քանզի իրենց շեֆն այժմ «Նատաշա» է, և «պլաստինկան» պետք է փոխել։

Մի այլ կարգի «փչացման» ենթարկվեցին Սերժ Սարգսյանի «թիմակիցները»՝ «զապչաստագետ» Ռազմիկ Զոհրաբյանը, ԵՄ–ի հետ օր առաջ ինտեգրվելու պատրաստ Գալուստ Սահակյանը, ով ասոցացման համաձայնագրին միանալուց էր խոսում ճիշտ այն պահին, երբ Սարգսյանը կմկմալով հայտարարում էր Մաքսային միության մեջ մտնելու մասին։

Առանձին թեմա է Շավարշ Քոչարյանը, ով ՀՀ արտաքին քաղաքականության ռահվիրա էր հռչակվել իր՝ «Անվտանգությունը Ռուսաստանի հետ, իսկ տնտեսական ինտեգրացիան՝ ԵՄ–ի հետ ասոցացվելով» սուպերանմեղսունակ բանաձևով։ Նա հիմա կա՛մ պետք է հրաժարական տա, կա՛մ էլ հանդես գա «Ղալաթ եմ արել» ծրագրային ելույթով։ Թեև երկու դեպքում էլ բան չի փոխվի։ Ավելի ճիշտ, կփոխվի միայն Շավարշի կյանքում, եթե, իհարկե, նա հրաժարական տա ու զրկվի առավոտյան տանից դուրս գալու և գործի գնալու հնարավորությունից։

Նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ քաղաքական ծաղրածուի ֆունկցիա կատարող և «ընդդիմադիր» դիրքերից «ռուսական իմպերիալիզմի» դեմ պայքարող Պարույր Հայրիկյանի բիզնեսին էլ Սերժի կտրուկ շրջադարձը մեծ հարված հասցրեց։

Մինչև այդ ամեն ինչ կարգին էր. Հայրիկյանը բազում մանր ու միջին ծառայություններ էր մատուցում Սերժ Սարգսյանին ու հենց Բաղրամյան փողոցում՝ ՍԴ շենքի դիմաց, բաց եղանակով սակարկում «զրոների» շարք։ Այդ ամենը Հայրիկյանը հիմնավորում էր ռուս իմպերիալիստների և նրանց հայաստանյան գործակալների դեմ պայքարելու մեծ ցանկությամբ։

Հիմա, երբ բացահայտվել է ռուս իմպերիալիստների թիվ մեկ հայաստանյան գործակալը, Հայրիկյանի գործերը կարող են վատանալ, և Կառավարությունն այլևս փող չի հատկացնի «ռուսական իմպերիալիզմի» դեմ պայքարողի բուժման հետագա փուլերը եվրոպաներում անցկացնելու համար, քանզի «արևմտամետության» քողի տակ գեղամյանություն անելը հիմա չի խրախուսվում «բարձր դռնից»։

Հայրիկյանին լավագույն դեպքում կարող են Կիսլովոդսկ ուղարկել, բայց Կիսլովոդսկն էլ, թարսի պես, ռուս իմպերիալիստների սիրած հանգստավայրերից է։ Այնպես որ, Պարույրը մնաց Սերժի խնամու հիվանդանոցի հույսին, եթե, իհարկե, «էպոսագետը» կրկին որոշի իմպերիալիզմի գործակալ «պարկետչիկներին» գործի դնել։

Դեռ չծնված՝ մահացավ նոր ՀՀՇ–ն։ Վերածննդի ջատագովները, ովքեր շաբաթվա սկզբում ընդդիմադիր էին ու «թունդ արևմտամետ», իսկ «ուիքենդի» ժամանակ քեֆ էին անում արևմտամետության քայլող մարմնավորում հռչակված և օֆշորներում կռիվ տված Տիգրան Սարգսյանի թամադայությամբ, իրենց քայլն արդարացնում էին «արևմտյան» ուղի բռնած իշխանությանը չարյաց փոքրագույն համարելով։ Բայց Սերժն ամեն ինչ փոզմիշ արեց։

Ի դեպ, պարզվում է՝ հին դեմոկրատները և նոր ՀՀՇ–ականները դեմ են Մաքսային միությանը և շտապում են ասոցացվել ԵՄ–ի հետ, մինչդեռ Արարատ Զուրաբյանի ծննդյան օրը, երբ վարչապետը հայտարարել է, թե իրենք չեն ստորագրելու ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը և կպնելու են ռուսների պոչից, միջոցառման մասնակից «թունդ ընդդիմադիրներից» և չափից դուրս «արևմտամետներից» բողոքի ձայն–ծպտուն չի լսվել։ Երևի ոմանք լավ խմած են եղել ու չեն ընկալել Տիգրան Սարգսյանի ասածները։ Թե չէ, որ «օյաղ» լինեին, տեղում կպահանջեին նրա հրաժարականը։ Ինչևէ։

Հիմա հարց է առաջանում՝ ովքե՞ր են իրականում «ռուսական իմպերիալիզմի» գործակալները։ Նրա՞նք, ովքեր զգուշացնում էին, որ Սերժի «արևմտամետությունն» ավարտվելու է ռուսական «սապոգի» տակ, և, հետևաբար, դա թույլ չտալու համար պետք է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, այլ ոչ թե բոլորին «այո» ասել ու վերջում այդ «այո»–ների տակից դուրս չգալ, թե՞ նրանք, ովքեր սազն առած գովերգում էին ՀՀԿ «նախաձեռնող» ղեկավարի «արևմտամետությունը» և «նախաձեռնողականության» քննադատներին անվանում ռուսական իմպերիալիզմի գործակալներ։ Պատասխանն ակնհայտ է։

Այնպես որ, պարոնայք (ինչպես նաև կնանիք) «արևմտամետներ», նայեք՝ հաջորդ անգամ ձեր «արևմտամետությամբ» Հայաստանը ռուբլու գոտի չմտցնեք կամ, որ ավելի սարսափելի է, ռուսական գուբերնիա չդարձնեք։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Գործի ընդունվելուց առաջ կուրսային աշխատանք (երբեմնի թունդ ընդդիմադիր դաշնակցականի հոդվածաշարն այլ կերպ չես անվանի) կատարած Վահան Հովհաննիսյանն իր հարցազրույցում հաստատել էր, որ դեսպան դառնալու առաջարկ է ստացել և ընդունել է այն։ Դա այն օրերին էր, երբ ՀՀ արտաքին քաղաքական կուրսը «արևմտամետ» էր։ Ենթադրվում է, որ այն դուր էր գալիս Վահան Հովհաննիսյանին, ու նա որպես դեսպան պատրաստվում էր առաջ մղել սերժական «արևմտամետությունը»։

Հիմա Սարգսյանը «ռուսամետ» է։ Եթե Վահանին նաև այդ կուրսն է դուր գալիս, ապա դա նշանակում է, որ կուրսային աշխատանքն ընդամենը փորձաշրջանի պես մի բան է եղել (իր հոդվածաշարում Վ. Հովհաննիսյանը Բաղրամյան 26–ի սրտից ջուր էր խմում նախկին իշխանությունների դեմ կռիվ տալով)։ Այսինքն՝ ակախ այն բանից, թե ինչամետ կլիներ Սարգսյանը, Վահանը պատրաստ էր «ծառայել պետությանը»։

Բայց, մյուս կողմից էլ, մի տեսակ լավ բան չի ստացվում։ Օրինակ՝ նախկին ՀՀՇ–ական Արա Սահակյանից դեսպան նշանակվելուց առաջ կուրսային աշխատանք չէին պահանջել։ Թե ինչու է խտրականություն դրվում նորաթուխ դեսպանների միջև, «ռուսամետության» և «արևմտամետության» արանքում խճճված Սարգսյանը կիմանա։

Այս խորագրի վերջին նյութերը