Մեկնաբանություն

02.09.2013 21:50


Քաղաքական դհոլության առանձնահատկությունները

Քաղաքական դհոլության առանձնահատկությունները

Երբ «անկախ» մամուլը կամ «վերլուծաբանները» Սերժ Սարգսյանից պահանջում են պայքարել օլիգարխների դեմ՝ դա դասական դհոլություն է, քանզի երկրի թիվ մեկ օլիգարխը նույն Սերժ Սարգսյանն է։

Անկեղծ լինելու դեպքում՝ «անկախները» պետք է հայտարարեն, որ իրենք պայքարում են մեծահարուստների դեմ՝ հանուն մեկ օլիգարխի տնտեսական մոդելի։ Բայց դե «անկախից» անկեղծություն պահանջելը նույնն է թե «գիշերային թիթեռնիկից» բարոյականություն պահանջես։

«Օլիգարխիան» քաղաքական կատեգորիա է և առնչվում է կառավարման ձևին։ Այնպես որ օլիգարխիան և Սերժ Սարգսյանը նույնական են, այլ ոչ թե տարանջատված սուբյեկտներ։

Կրկնադհոլություն է Սերժ Սարգսյանից կուլակաթափություն պահանջելն ու դա ուշացնելու և լայն մասշտաբներով չիրականացնելու համար ՀՀԿ «նախաձեռնող» նախագահին «քննադատելը»։

Բազմիցս առիթ ունեցել ենք ներկայացնելու, որ «Կորչե՛ն օլիգարխները» կարգախոսի տակ Հայաստանում սեփականության վերաբաշխման և թուրքմենբաշիական կառավարման մոդել ներդնելու ծրագիր է իրականացվում, բնականաբար՝ «քաղաքացիականության» սկզբունքներից ելնելով։

Եռակի դհոլներ են բոլոր այն «փորձագետները», լրագրողները, անհատական ծրագրով Բաղրամյան 26–ի տակ մտած դավիթշահնազարյաններն ու կազմակերպությունները, որոնք Հայաստանի թիվ մեկ օլիգարխ և նեոբոլշևիկյան քաղաքականություն վարող Սերժ Սարգսյանից ուզում են կերտել առաջադեմ և արևմտամետ գործչի իմիջ, ով, ըստ մտավոր հետամնացների համար ստեղծված «գեղեցիկ» հեքիաթի, աղի բլիթ է կերել, երազ է տեսել ու դրա հաջորդ օրվանից որոշել է Սաշիկի ձեռքը բռնած Հայաստանը տանել դեպի քաղաքակիրթ Եվրոպա, բայց նրան չար ռուսները, Ծառուկյանը, Տեր–Պետրոսյանը, Քոչարյանն ու մյուսները խանգարում են։

Հարկ է արձանագրել, որ արևմտյան (համամարդկային) արժեքների այսպիսի փչացում Հայաստանում դեռ երբեք չէր եղել։ Եթե Սերժն ու Սաշիկը, օֆշորի Տիկոն ու «զապչաստագետ» Ռազմիկ Զոհրաբյանը, Բենթլի ու Լֆիկ սամոները պետք է մեզ ասոցացնեն ԵՄ–ի հետ, ապա ավելի լավ է մենք մնանք մեր տեղում։ Եթե սովետական Ադրբեջանում տեղակայված կուսդպրոցի սան Սերժ Սարգսյանը պետք է համարվի արևմտամետը, ապա ինձ կարող եք տիեզերագնաց համարել, ինչպես նաև Բեն Լադենի հետևորդ։

Փորձը ցույց է տվել, որ «արևմտամետ» Սերժի վերջին հանգրվանը ռուսների համապատասխան հատվածում է ավարտվում՝ «հայրենասիրական» հռետորաբանության կիրառմամաբ, իհարկե։ Այնպես որ հեռու պետք է մնալ սրանց ցանկացած տիպի «մետությունից»։

Մի խոսքով, խոշորագույն դհոլություն է զուտ անձնական շահի (հավերժ իշխանություն, շատ փող և անձնական անվտանգություն) խնդիրներից ելնելով «արևմտամետ» դարձած Սերժ Սարգսյանից բարեփոխիչ, այն էլ՝ «արևմտյան ռազլիվով» բարեփոխիչ կերտելը։

10 զոհի գնով նախագահի աթոռը վերցրած մարդը Հայաստանը կարող է տանել միայն խաղատուն։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ու Հայաստանի օրակարգերը խիստ տարբեր են և իրար հակասող։ Իշխանափոխությունն այս իրավիճակում միակ բուժման ձևն է։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանին վերջապես հաջողվեց աուդիենցիա ստանալ Պուտինից՝ կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի խոստումների ու պարտավորությունների տակ է նա մտել։ Ռուսները գիտեն նման հաճախորդներից «պո մաքսիմումու» ստանալու ձևը։

Տեսնես հիմա ի՞նչ է խոստացել ռուսական բազաների ներկայությունը Հայաստանում 49 տարով երկարաձգած «արևմտամետը»։

Հուսանք, որ «Հայաստանի ինքնիշխանությունը ռուսներից պաշտպանողի» իմիջի մեջ մտած Սարգսյանը ռուսական գուբերնիա դառնալու խոստում չի տա Պուտինին։ Հաշվի առնելով Սերժի «արևմտամետ» խասիաթը՝ ամեն ինչ սպասելի է։

Այս խորագրի վերջին նյութերը